Հետևեք մեզ։

Նախորդ տարի այս օրը Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիմեց հերթական սադրանքին, հայկական կողմն ունեցավ 4 զոհ

10:54, 11 ապրիլ 2024
Նախորդ տարի այս օրը  Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիմեց հերթական սադրանքին, հայկական կողմն ունեցավ 4 զոհ

Մեկ տարի առաջ այս օրը Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիմեց հերթական սադրանքին։ Այդ սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ, որոնք հետմահու պարգևատրվեցին։

 

Նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով՝ ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Սահակյանը, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը՝ Արիության մեդալներով։

 

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածքում խրամատավորված ադրբեջանցիներն ապրիլի 11-ի կեսօրից հետո կրակ էին բացել հարևանությամբ ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր տարածել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները մեքենայով մոտենում հայ զինծառայողներին, որոնց հարևանությամբ էքսկավատորը խրամատ է փորում։ Այդ պահին, ինչպես տեսանյութում է երևում, կողմերը ձեռնամարտի են բռնվում, ապա սկսվում է հրաձգություն։

 

Հիշեցնենք, որ դրանից առաջ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Նշվել է նաև, որ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին Կոռնիձորի կամուրջի հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում։ Տեղակայման ընթացքում, սակայն, ըստ հայկական ԱԱԾ-ի, ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:

 

«Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ։ Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:», - ասված է հաղորդագրության մեջ։

 

Հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն հիշատակել էր 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայն որոնց՝ 2023թ. ապրիլի 1-ից Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվեր Կոռնիձորի կամուրջին: