Կարևորը՝ չափը չանցնել․ Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց։ Այսպիսի վերտառությամբ հոդված է հրապարակել ռուսական Коммерсантъ-ը։
Աղբյուրը նշում է, որ Հայաստանի խորհրդարանը սկսել է քննարկել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցը՝ «Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտներից մեկը»։
«Ինչպես հայտարարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ադրբեջանի հետ համաձայնագիրը կարող է չստորագրվել, եթե կողմերը փոխզիջման չգան։ Հայ առաքելական եկեղեցին նաև կոչ է արել հրաժարվել «պարտողական քաղաքականությունից» և խաղաղության հասնել առանց հայրենիքի սակարկության գնով։ Ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպումից հետո Երևանի դիրքորոշման նկատելի խստացում եղավ։
Այս ֆոնին կողմերը միմյանց մեղադրում են սահմանին հրադադարի ռեժիմի օրեցօր խախտման մեջ՝ վերադառնալով սովորական առճակատմանը։
«Այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ Հայաստանի ղեկավարությունը, ստանալով անվտանգության որոշ երաշխիքներ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ, որոնք հրապարակայնորեն չհայտարարվեցին, որոշեց հեռանալ բանակցային ուղուց»,- այսպիսի կարծիք է հայտնել հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում,- «Շատ հավանական է, որ Երևանը պատրաստ չէ հետագա բանակցությունների գնալ, քանի որ զգում էր, որ արտաքին աջակցություն ունի։ Եվ ավելին, նա պատրաստ է լոկալ ռազմական հակամարտության՝ հույսը դնելով իր նոր արեւմտյան ընկերների օգնության վրա»։
Ըստ աղբյուրի զրուցակցի՝ «սա ծայրահեղ բացասական սցենար է». «Կողմերը վերադառնում են հակամարտության կետին, մինչդեռ Հայաստանը փորձում է ներքաշել արևմտյան երկրներին հակամարտության մեջ՝ չհասկանալով, որ այսօր ոչ ոք չի կարող լիովին հույս դնել Արևմուտքի օգնության վրա, նույնիսկ Իսրայելն ու Ուկրաինան»։