Freedom House-ը ջախջախում է Հայաստանում ժողովրդավարություն կառուցելու Փաշինյանի միֆը․ տխուր արձանագրում կա՝ Հայաստանի «Ժողովրդավարության ինդեքսը» 3.11-ից իջել է 3.07-ի՝ համաձայն Freedom House վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված Nations in Transit զեկույցի վերջին հրատարակության։
Հաշիվը հիմնված է 1-7 սանդղակի վրա, որտեղ 7-ը ներկայացնում է ժողովրդավարական առաջընթացի ամենաբարձր մակարդակը, իսկ 1-ը՝ ամենացածրը:
Հայաստանի դեմոկրատական վարկանիշի ընդհանուր անկումը հիմնված է Ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշի 2,50-ից 2,25 անկման վրա, «կապված գործադիրի կողմից իշխանության համախմբման, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին իմպիչմենտի ենթարկելու բազմամյա միտումի և իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության բացակայության պատճառով»:
Եթե սա վերածենք իրական գործողությունների, ապա խոսքն այն մասին է, որ երբ որևէ համայնքում հաղթում է ընդդիմության թեկնածուն, դա Փաշինյանը մեկնաբանում է որպես ժողովրդավարության վկայություն, ազատ և անկախ ընտրություններ անցկացնելու իշխանության կամք և ճիշտ է անում, բայց զարմանալին այն է, որ երբ այդ նույն ընտրված թեկնածուին չկայացած ՔՊ-ականներով ու ոստիկանության զորքով հեռացնում են պաշտոնից, դա էլ է մեկնաբանում որպես ժողովրդավարություն, օրինակ՝ Ալավերդիի համայնքապետի դեպքում, օրինակ՝ Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի դեպքում։
Փաշինյանն ուղարկում է մի ոմն մարդու ամբիոնի մոտ և նա, իրեն հավատալու բացառիկ տաղանդով պարզաբանում է, որ ընտրված մարդուն պաշտոնից հանելը ժողովրդավարություն է։ Ափսոս, Fredom House-ը դրան չի հավատացել։
Այլ փաստեր ևս տեղ են գտել զեկույցում, օրինակ վարչական ռեսուրսն ու Տիգրան Ավինյանը․ ավագանու ընտրությունների մասով նշվում է՝ դիտորդները հիմնականում դրական են գնահատել ընտրությունների անցկացումը, արձանագրելով, որ այն զերծ է եղել ժամանակին տարածված ընտրակաշառքից ու ճնշումներից։ Սակայն, խնդիրը ևս նշվել են․ «Միաժամանակ, ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքեր՝ հոգուտ իշխող կուսակցության»։
Չանդարդառնալով բոլոր առանձին դեպքերին, նշեմ, որ քաղաքական հետապնդումները, քաղաքական կոռուպցիան, դատախազության՝ իշխանության հետ լոյալ համերաշխ լինելը, տեղեկատվության ազատության սահմանափակումը հարվածներ են, որոնք հասցվում են ժողովրդավարությանը։ Բայց դրանք գործիքներ են, որոնց ցանկանում է տիրապետել իշխանությունը։ Պա՞րզ է, չէ՞, իր բիզնեսին վտանգ սպառնացող դատախազի թեկնածուի օգտին, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը կողմ չի քվեարկի կամ ինչու՞ ունենալ նման թեկնածու, ով կմերժի վարչապետի դստեր գովքին արժանանալը։
Տեղեկատվության ազատության մասին բողոքող Վահագն Ալեքսանյան պատգամավորը, որը, հավանաբար, նեղ անձնական շահ հետապնդելով ցանկացել է տեղեկանալ որևէ ԲԿ կենտրոնի ղեկավարի աշխատավարձի չափին, և նրան մերժել էին, այն նույն թիմի անդամ է, որն 2023-ին մի քանի հետադիմական օրենսդրական նախաձեռնություններ է իրականացրել նաև տեղեկատվության ազատությանն առնչվող։
Freedom House-ն անդրադարձ ունի Կառավարության ու իշխող կուսակցության պատգամավորների կողմից՝ տեղեկատվության ու խոսքի ազատության վերաբերյալ օրենսդրական փոփոխությանը․ «Կառավարության նախաձեռնությամբ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում ավելացված նոր սահմանափակումը, որը թույլ է տալիս մերժել պաշտոնական տվյալների տրամադրումը, եթե հայցվող նյութը պարունակում է «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն», ըստ դիտորդների՝ չափազանց լայն դաշտ է ընձեռում Կառավարությանը՝ ավելի սահմանափակելով լրագրողների հասանելիությունը պաշտոնական տվյալներին։ Վահագն Ալեքսանյանը, ով Առողջապահության նախարարին բողոքում էր, որ ԲԿ տնօրենի աշխատավարձի չափին չի կարողացել ծանոթանալ, ապա որպես օրենսդիր, պետք է իմանա, որ լրագրողները բազմաթիվ դեպքերում այդ խնդիրներին բախվում են։
Խնդիրն, իհարկե, այստեղ այն է, որ իշխանությանը դա պետք է, և հետևաբար, ազդեցությունը ժողովրդավարությանը հետաքրքիր չէ այն դեպքում, երբ մյուս նժարին իրենց նեղ ու անձնական շահն է կամ հետաքրքրվածությունը։
Բացի այդ, կազմակերպությունը խոսում է նաև ձեռքբերումների կորուստների մասին․ այստեղ, դե նախկիններն ու «պատմական Հայաստանն» ինչ մեղքի բաժին ունենք, բացառված չէ, որ մի որևէ ՔՊ-ական, ուրախացած իր ստացած դերից, ԱԺ ամբիոնից խոսի։ Միջազգային կազպակերպության աչքից չի վրիպել շատ կարևոր իրադարձություն․
«Թավշյա հեղափոխության ամենաշատ ազդարարված ձեռքբերումներից մեկը քաղաքականության տարանջատումն էր խոշոր բիզնեսից ու օլիգարխներից, սակայն 2023-ը մտահոգիչ միտումներ ի ցույց դրեց. Infocom-ի ու CivilNet-ի անկախ հետաքննությունները քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ բացահայտեցին», - նշում է Freedom House-ը։
««Քաղաքացիական պայմանագրի» ընտրարշավի համար գումար փոխանցած մարդկանց մեծ մասը տեղյակ չէին իրենց անունից արված նվիրատվություններից, կամ նվիրաբերել էր իր ստացած եկամտից ավելին։ Բացի այդ, նվիրատվությունների իրականացման գործում ներգրավված էր «Հայէկոնոմբանկ»-ը, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին»։
Համաձայնեք, իշխանության համար ցավոտ մեջբերում է․ իհարկե, առանց դրա էլ ոչ ոք չի մոռացել, որ Փաշինյանը, ով դեմ էր օլիգարխներին խորհրդարան տանելուն, կրկին գործեց իր խոսքին հակառակ և երկրի կարկառուն օլիգարխին տարավ խորհրդարան, և հաստատ օրենդրական գիտելիքների համար չէր տարել։
«Մտահոգիչ է, որ իրավապահ մարմիններն այս հրապարակումներում օրենքի խախտման տարրեր չտեսան, Դատախազությունը՝ իշխող կուսակցության հետ համերաշխ, հերքել է դրանք», - նշում է Freedom House-ը:
Հավանաբար, Freedom House-ը չի ընթերցում Աննա Վարդապետյանի բյուրեղյա տեսակի մասին շարադրությունները, որոնք ներառվում են անգամ Դատախազության տարեկան հաղորդման մեջ, այդ պատճառով էլ ««աղբ» ինֆորմացիա» է տարածել։
Մեկ այլ սրբի տեսքով հանդես եկող պաշտոնյան ևս իր ներդրումն է ունեցել ժողովրդավարության հետընթացի գործում․ Կարեն Անդրեասյանին ևս անդրադարձ կա․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումն ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։ Մտահոգիչ են կարգապահական միջոցներն այն դատավորների նկատմամբ, որոնք վիճարկում են Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կամ՝ փոխկապակցված են նախկին ռեժիմի հետ, մինչդեռ կասկածելի անցյալ ունեցող, բայց իշխանության հետ համերաշխ դատավորներն առաջխաղացում են ստանում»,- նշում է Freedom House-ը՝, օրինակը, Մնացական Մարտիրոսյանի նշանակումն է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում։
Փաշինյանի գործն այս զեկույցը բավականին բարդացնում է․ չկա աղբյուր, որին հղում կանի նա և ամեն մի քայլ կվերագրի ժողովրդավարությանը։ Առհասարակ, սա վտանգավոր զեկույց է պետության շահի համար և մտահոգիչ է այդ տեսակետից, ոչ թե իշխանությանը հակադարձելու համար ուրախանալու առիթ է, բացարձակ։
Որպես կառավարության ղեկավար ամենուր, այդ թվում Ազգային ժողովում բոլոր հարցերին կարող ես հակադարձել, ավելին՝ հակընդդեմ հարց տալ քաղաքական հակառակորդ ներկայացողներին, բայց խոցելի, իրեն վերաբերող բազում հարցերի պատասխանը չտվող կամ չունեցող ընդդիմությունը Հայաստանն առավել ժողովրդավար չի դարձնում։
Բեթղեհեմ Արաբյան