Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում, իսկ Hayastan.news-ի առանձնացրած ևս մեկ հատված՝ այստեղ։
- Ներկա պայմաններում, երբ աշխարհի ամենատարբեր մասերում նկատվում է բարձր, երբեմն ողբերգական տուրբուլենտություն, որքանո՞վ է կարևոր միջազգային հարաբերություններում տարածքային ամբողջականության, սահմանների և ինքնիշխանության անխախտելիության սկզբունքների պահպանումը, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ապահովումը:
-Ես բազմիցս արտահայտել եմ իմ դիրքորոշումը ժամանակակից միջազգային իրավունքի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։
Ղազախստանը մշտապես պահպանում է իր սկզբունքային հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին։ Այս համատեքստում ՄԱԿ-ի կենտրոնական դերը միջազգային հարցերում և խաղաղության ու կայունության պահպանման գործում Ղազախստանի համար մնում է այլընտրանք չունեցող։
Համաշխարհային անվտանգության ժամանակակից ճարտարապետությունը բախվում է աննախադեպ մարտահրավերների: Աճող բլոկները, աշխարհաքաղաքական մասնատումը և միջազգային իրավունքի սկզբունքների խաթարումն ուժեղացնում են անվստահության ճգնաժամը՝ վտանգելով միջազգային ինստիտուտների դերն ու հեղինակությունը։ Առանցքային բազմակողմ համաձայնագրերին չհետևելու, կասեցնելու և դրանցից դուրս գալու պրակտիկան խիստ մտահոգիչ է, քանի որ կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
Երբ յուրաքանչյուրը խաղաղության հասնելու ուղին յուրովի է ընկալում և առաջ է տանում խաղաղության սեփական մոդելը՝ առանց հաշվի առնելու ուրիշների շահերը, դա վերածվում է լարվածության աղբյուրի:
Այս կապակցությամբ ես խորապես համոզված եմ, որ ցանկացած հակասություն, այդ թվում ՝ պետությունների տարածքային ամբողջականությանը վերաբերող, անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական երկխոսության միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նորմերի և սկզբունքների համաձայն։ ՄԱԿ-ի շրջանակներում հաստատված արժեհամակարգը պետք է մնա ուղենիշ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար:
Ղազախստանը կիսում է միջազգային գործերում արդարության, խաղաղության, համագործակցության և պետությունների իրավահավասարության վրա հիմնված որոշումների ընդհանուր մղումը: Այս առումով մենք առաջ ենք տանում «Համաշխարհային միասնություն` հանուն արդար խաղաղության և համերաշխության» նախաձեռնությունը և ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների աջակցությունը։
Համոզված եմ, որ ներկա փուլում միայն պետությունների հավաքական ջանքերը, իմաստուն, պրոֆեսիոնալ դիվանագիտությունը կարող են հանգեցնել աշխարհում երկարաժամկետ կայունության և համընդհանուր առաջընթացի՝ կառուցելով միջազգային հարաբերությունների արդար համակարգ՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա։