Հետևեք մեզ։

Խնդրել է, որ ես ստանամ գումարը և դրա համար լիազորագիր տվել․ Տիգրան Եգորյանը պատասխանել է «Սասնա ծռերի» Գագիկ Եղիազարյանից գումար հափշտակելու մասին հայտարարությանը

11:37, 15 ապրիլ 2024
Խնդրել է, որ ես ստանամ գումարը և դրա համար լիազորագիր տվել․ Տիգրան Եգորյանը պատասխանել է «Սասնա ծռերի» Գագիկ Եղիազարյանից գումար հափշտակելու մասին հայտարարությանը
Փաստաբան Տիգարն Եգորյանը պատասխանել է «Սասնա Ծռեր»-ից Գագիկ Եղյազարյանի 12.04.2024թ. հայտարարությանը, որով հայտնում էր, որ Եգորյանը հափշտակել է իրեն փոխանցված գումարը․
 
«Ընկերներիցս տեղեկացա, որ «Սասնա Ծռեր»-ից Գագիկ Եղյազարյանը հայտարարություն է տարածել իմ վերաբերյալ: Ճակատագրի հեգնանքն է երևի․ ես պահանջում էի արդարացնել և ազատել Գագիկ Եղիազարյանին և մյուսներին, իսկ Գագիկը պահանջում է ինձ քրեական պատասխանատվության ենթարկել։ Ինչևէ, այդ հայտարարության մեջ տեղ գտածի վերաբերյալ անհրաժեշտ եմ համարում տալ հետևյալ պարզաբանումները:
Պաշտպանության և այն դադարեցնելու մասով․
Դեռ մինչև «Սասնա Ծռեր» խմբի ձևավորումն ու դրա մասին հայտարարումը, իրավաբանական օգնություն եմ ցուցաբերել այդ խմբի անդամներին, «Սասնա Ծռեր»-ի գործով` նաև` Գագիկին: Գագիկին` նաև իր քաղաքացիական գործերով:
Այդ տարիների ընթացքում իրենք և իրենց համակիրները պատահել է, որ առաջարկել են ինձ վարձատրել, սակայն ես հրաժարվել եմ` համարելով որ ծանր շրջանում են գտնվում։
Կոնկրետ այդ խմբի անդամներին մատուցվող ծառայությունը` պաշտպանությունը, չեմ դադարեցրել և, ըստ պայմանավորվածության, շարունակել եմ մինչև 1-ին ատյանի դատարանի դատավճիռը։ Դեռևս 2018-2019 թթ․ երբ հնարավոր եղավ լուծել նրանց կալանքների հարցը, զգուշացրել եմ, որ բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեմ 1-ին ատյանի դատարանում գործի քննության շրջանակում, որից հետո չեմ կարողանալու շարունակել նրանց պաշտպանությունը։ Նրանք ունեին մի քանի պաշտպաններ, այդ թվում` հանրային, և հենց մյուս պաշտպանների միջոցով էլ շարունակվել է պաշտպանությունը։
Սահմանադրական դատարանի մասով․
Խմբի անդամներին և Գագիկ Եղիազարյանին երբեք չեմ խոստացել Սահմանադրական դատարան դիմել։ Այդպիսի պայմանավորվածություն ունեցել եմ միայն Վարուժանի հետ, որի համար և անունից էլ աշխատել եմ դիմումի վրա և դիմել։ Աշխատանքներին մասնակցել է նաև Արայիկ Պապիկյանը, որը խմբի մյուս անդամների անունից է դիմում ներկայացրել ՍԴ։
ՄԻԵԴ – ի մասով․
ՄԻԵԴ-ից ստացել ենք ծանուցում-առաջարկ Կառավարության հետ հաշտություն կնքելու մասին և որպես բոլոր ծախսերի փոխհատուցում 2000 եվրոի չափով առաջարկ ։ Մանրամասն քննարկվել է հաշտություն կնքել-չկնկելու հարցը, դրա արդյունքն ու ազդեցությունը: Քննարկուները վարվել են ոչ միայն Գագիկի հետ։ Ի վերջո հաստատել են համաձայնությունը, ես բանակցել եմ Կառավարության ներկայացուցչի հետ, ինչից կարճ ժամանակ անց Կառավարությունը և հաշտության համաձայնություններն է ստորագրել և Կառավարության անունից միակողմանի հայտարարություն ընդունել` իրավունքի խախտման փաստի ընդունման վերաբերյալ։ Այս ամենի մասին Գագիկը տեղեկացված է եղել, քանի որ որոշակի ուշացումների բերումով պարբերաբար հետաքրքրվում էր, և ի վերջո երբ արդեն հրապարակվել էր ՄԻԵԴ-ի որոշումը, հատուկ լիազորագիր է ստորագրել, որպեսզի գումարը ես ստանամ։
Գումարի վերաբերյալ խոսակցությունը հետևյալն է եղել․ հայտնել է, որ իր համար վիրավորական ու նվաստացուցիչ է գումար ստանալ Կառավարությունից, որ համարում է որ դա պետք է ուղղվի մեր ծառայությունների դիմաց վարձատրությանը։ Դրանից հետո երբեք այդ գումարի մասին հարց չի բարձրացրել, նույնիսկ անցած տարվա վերջից հեռախոսազանգերի ընթացքում, երբ ես հիշեցրել եմ բոլոր մանրամասները, այդ թվում այն, որ առաջարկված 2000 եվրոն բանակցվել և ավելացվել է 500 եվրոյով, ասել է որ գումարն իրեն հետաքրքրող հարց չէ։
ՄԻԵԴ-ի որոշման կայացումից հետո խնդրել է, որ ես ստանամ գումարը և դրա համար լիազորագիր տվել։ Բացի դրանից, ՄԻԵԴ գանգատ կազմելու, ներկայացնելու և հետագա ներկայացուցչության համար փաստաբանական ծառայությունների պայմանագիր է կնքել ինձ հետ, որի շրջանակում այդ ծառայությունների համար վճարման պարտավորություն է առաջացել նրա համար, որով ինձ վճարման ենթակա գումարն ավելին է, քան իր վկայակոչած գումարը։
 
Այս ամենը ամրագրված է համապատասխան պայմանագրերով և այլ փաստաթղթերով` ստորագրված Գագիկ Եղիազարյանի կողմից։
Գագիկի այս ակտիվացումը, կարծում եմ, պատահական չէ:
 
Պլանավորված պրոցեսի է նման, ինչպես «Հաց Բերող»-ի դեպքում, երբ ինչ-որ անցորդների խիստ պատահաբար ՀՔԾ-ն և այլ խորհրդատուներ սկսեցին բացատրել, որ ես «լավ չեմ պաշտպանում» Արթուրին և որ անհրաժեշտ է համապատասխան դիմումներ և միջնորդություններ ներկայացնել, որպեսզի և Արթուրի շահերը լավ պաշտպանվեն և ինձ կարգապահականի ենթարկեն։ Արդյունքում, Արթուրի նկատմամբ շղթայական փորձաքննությունների միջոցով բոլորին հայտնի Չարչյանն ու մյուսները եզրակացություն տվեցին, որ Արթուրին կարելի է կալանավորել, իսկ ինձ ենթարկեցին կարգապահական պատասխանատվության։ Նպատակը՝ Արթուրին կալանավորելու սխալը և մեղքը փաստաբանի վրա բարդելն էր։
 
Այժմ Չարչյանի և մյուսների վերաբերյալ կեղծ եզրակացության քրեական գործը և իմ նկատմամբ կարգապահականի գործերը քննվում են դատարանում։
 
Սա էլ եմ գնահատում որպես համանման մի ծրագիր, որի նպատակը գոնե առաջին հայացքից ինձ վարկաբեկելն է: Հետագայում կյանքը ցույց կտա, թե էլ ինչ պլաններ կան քողարկված։ Ենթադրում եմ, որ կարող է նաև սա իմ վարած որոշ կարևոր և հնչեղ գործերի հետ կապված լինի, որոնցով նպատակ կա ինձ հեղինակազրկելու և չեզոքացնելու»։