Հետևեք մեզ։

Դուք դեռ 44-օրյա պատերազմի զոհերի անունները հրապարակեք, հետո անցեք Ցեղասպանության զոհերի անունները ցուցակագրելուն

13:15, 15 ապրիլ 2024
Դուք դեռ 44-օրյա պատերազմի զոհերի անունները հրապարակեք, հետո անցեք Ցեղասպանության զոհերի անունները ցուցակագրելուն

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, ով իրեն դեր տալու համար որոշել էր քննել 44-օրյա պատերազմի հանգամանքները, և որի զեկույցն այդպես էլ դեռ չի հրապարակվում, և դա էական էլ չէ, որոշել է նոր դեր ստանձնել։ Նրան որոշել են նոր դեր տալ՝ խոսել  Հայոց ցեղասպանության զոհերի անունները ցուցակագրելու մասին։

 

 Գուցե կարելի է այս գաղափարը քննարկել, վավերագրել փաստերը, որովհետև, այդ ցուցակագրությամբ ավելին է հաստատվելու, քան հերքվելու, ինչպես գուցե մտածում է ՔՊ-ն, կարելի է  քննարկել գաղափարը, գուցե հասկանալ, թե ի՞նչ կտա դա կամ ի՞նչ չի տա, կամ երբ անել դա, որովհետև հիմա հաստատ դրա ժամանակը չէ,  բայց երբ գաղափարը որևէ ՔՊ-ականի է, արդեն, նախքան գաղափարի քննարկմանն անցնելը հարցեր են առաջանում այդ նույն ուժին։

 

Նախ՝ Անդրանիկ Քոչարյանն ասում է․ «Ես ուզում եմ այդ ազգանունները ցուցակագրվեն, կարող է՝ 1,5 միլիոն է, կարող է՝ ավելի շատ է, կարող է՝ ավելի քիչ է, մինչև հիմա մեր երկիրն ինչու՞ այդ խնդիրը չի հասցեականացրել, հերաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվում։ Դա շատ կարևոր է ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար։ Ցեղասպանության թանգարանում այդ նկարներից բացի պետք է լինի մեր նահատակված ժողովրդի անունները։ Եթե չենք արել, թերացել ենք, պետք է այդ խնդիրն ունենա սկիզբն ու ավարտ, որ ոչ ոք չշահարկի՝ 1,5 մլն էր, 2 մլն էր, թե պակաս էր։ Քանի չենք արձանագրել հակառակ կողմը կարող է ասել, որ այդպիսի բան չի եղել»։

 

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն էլ է հասկացել, որ իր միջոցով առաջարկվող գաղափարը ինչ ենթատեքստ կարող է ունենալ, ընդհուպ կասկածի տակ դնել Ցեղասպանությունը, և իր խոսքում հավելում է․ «Այլ նպատակ ման մի եկեք, բացի ազնիվ մղումներից»․ համաձայնեք, միանգամից հակառակն է ստացվում։

 

Բացի այդ, ուշադրություն՝ ՔՊ-ական պատգամավորը, երբ ասում է՝ «այլ նպատակ ման մի եկեք», միևնույն ժամանակ նաև ասում է՝ «դա շատ կարևոր է ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար»։ Հարց՝ ու՞մ հետ, ի՞նչ հարաբերություն։

 

Սա հարցի քաղաքական կողմն է, որքան էլ այս պարագայում բարոյական կողմի մասին խոսելը դժվար է, բայց որքանո՞վ է բարոյական չհրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի անունները, ու խոսել Ցեղասպանության զոհերի անունները ցուցակագրելուց։ Երբ մարդը, լինելով մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով չի հրապարակում մեր օրերում նահատակված 18-ամյա երիտասարդի անունը, ի՞նչ «ազնիվ նպատակ» կարող է ունենալ Ցեղասպանության զոհերի անունները ցուցակագրելուց։

 

Այստեղ կանգ է առնում իշխանության այդ գաղափարի քննարկումը, դա դուք չէ, որ պետք է  անեք, ձերը պատմությունը ցուցակագրելը չէ, ջնջելն է, տեսեք ձեր պաշտոնական կայքերում Արցախի մասին բան կա՞։

 

Դուք դեռ 44-օրյա պատերազմի զոհերի անունները հրապարակեք, հետո անցեք Ցեղասպանության զոհերի անունները ցուցակագրելուն։

 

Բեթղեհեմ Արաբյան