Հետևեք մեզ։

Ինչու պետք է հրաժարական տա Վահե Ղազարյանը

01:59, 17 ապրիլ 2024
Ինչու պետք է հրաժարական տա Վահե Ղազարյանը


Ինչու պետք է հրաժարական տա Վահե Ղազարյանը


․ բնականաբար ոչ նրա համար, որ իրեն փոխարինի իր տեղակալներից որևէ մեկը, այլ լրիվ այլ պատճառներով։

Հայաստանում մարդ է խոշտանգվել` Սամվել Վարդանյանը, ով ձերբակալված է ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի գործով․ բայց այս խոշտանգումն էլ իր երանգներն ունի։ Դա կազմակերպված խոշտանգում է, որովհետև դիմակավորված անձինք ու ոստիկանության ծառայողների բնական կարիքները ճիշտ նույն վայրում ու ճիշտ նույն ժամին են հանդիպել իրար։


Ի՞նչ պետք է արվեր իրավական երկրում․


ա) Սամվել Վարդանյանին տեսակցած պատգամավորների, պաշտպանների հայտարարություններից հետո, որ ձերբակալված անձը խոշտանգվել է,

Դատախազությունը պետք է իրավական ընթացք տար հրապարակումներին,

բ) պետք է իրականացված լիներ քննչական գործողություններ,

գ)  քննության առարկա պետք է դառնար Ալեն Սիմոնյանի գրառումը, որը Վարդանյանի պաշտպանները համարում են այս գործողությունների մուսան,

դ) պետք է քննության առարկա դառնար և ստուգվեր կապը ՔՊ-ական ոմն մարդու հետ, որը խոսել էր մարդ ծեծելուց, եթե իրավապահները չաշխատեն,

ե) պետք է բացահայտվեն ոստիկաններին՝ «զուգարան» հրաման տվողները, դիմակավորված անձինք ու օպերացիայի հրահանգողը,

զ) բայց այս ամենը և դրա շարունակությունը պահանջող գործողությունները չեն արվել, հետևաբար, ոչինչ չի արգելում եզրակացնել, որ սա քաղաքական հաշվեհարդար է, ազդակ, թե տեսեք, ինչ կլինի ձեզ հետ, եթե իրերը կամ ՔՊ-ականներին կոչեք իրենց անուններով։

Վահե Ղազարյանը, երեկ ՆԳՆ ծառայողի օրը նշելիս «քեֆի» սեղանից որոշեց հայտնել, որ Սամվել Վարդանյանին, ով ձերբակալված է մի որևէ ՔՊ-ականի գործով, խոշտանգելու դեպքով ծառայողական քննություն է նշանակվել։ 


Սա, իհարկե, ՆԳՆ լիազորությունն է, վարույթ հարուցելու լիազորություն չունի և արել է այն, ինչ իր լիազորությունն է, բայց անգամ դա է շատ ուշ արված, և արվել է բարձրացված աղմուկից հետո, և անիմաստ է արվել և խախտում է ՄԻԵԿ 3-րդ հոդվածը (Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք): Անձի խոշտանգումը՝ ծառայողակա՞ն։ 

Վահե Ղազարյանի հրաժարականի մասին․


Եթե անգամ քրեական վարույթ չհարուցվի Սամվել Վարդանյանի խոշտանգելու դեպքով, ինչը բացառված չէ, եթե անգամ ոստիկանների ծառայողական քննությունը ոչինչ չտա, միևնույն է, Վահե Ղազարյանը պետք է հրաժարական տա, որովհետև նա ղեկավարում է մի կառույց, ում երկու ծառայողները չեն կարողանում ապահովել պետության հսկողության տակ գտնվող մարդուն անվտանգ տեղափոխելը։

Եթե անգամ համարենք, որ ոստիկաններն իրականում քննչական բաժնից 300 մ շարժվելուց հետո ինքնակամ որոշել են բացօթյա զուգարան գնալ, եթե անգամ համարենք, որ դիմակավորված անձինք էլ ոստիկաներ չեն եղել, այլ սովորական հանցագործներ, ապա միևնույն է, Վահե Ղազարյանը չի կարողանում կառույցը ղեկավարել այնպես, որ պետության հսկողության տակ գտնվող անձն ապահով տեղափոխվի a կետից b կետը։ Վահե Ղազարյանի կառույցը, եթե անգամ համարենք, որ քաղաքական պատվերը չի ընդունել, միևնույն է, բոլոր սցենարների դեպքում չի կարողացել ապահովել ձերբակալված անձի անվտանգությունը։ Քաղաքական պատասխանատվության պետք է ենթարկվի Վահե Ղազարյանը, որ նման անհարմար պահի ոստիկանները չորոշեն հոգալ իրենց բնական կարիքները։ Եվ, ի դեպ, Վահե Ղազարյանի կողքին նկարվողներից ոչ ոք չպետք է հավակնի այդ պաշտոնին, որովհետև Հայաստանում ոստիկանության մեքենայից մարդուն տարել են, խոշտանգել, հետ բերել ու նետել մեքենայի մեջ, իսկ ոստիկաններն այդ ողջ ընթացքում մտածում էին սեփական կարիքների մասին։

 

Բեթղեհեմ Արաբյան