Հետևեք մեզ։

ՀՀ-ն պատրաստ է գնալ նման միջոցի՝ ՀՀ-Ադրբեջան 1991 թվականի սահմանագծի ողջ երկայնքով․ Փաշինյան

11:24, 13 ապրիլ 2023
ՀՀ-ն պատրաստ է գնալ նման միջոցի՝ ՀՀ-Ադրբեջան 1991 թվականի սահմանագծի ողջ երկայնքով․ Փաշինյան

Կառավարության հերթական նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Տեղ գյուղի հատվածում օրերս տեղի ունեցած միջադեպի և մարտի 30-ից հետո այդ տարածքում ստեղծված իրավիճակի մասին։

«Նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։

Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով կարևոր է ԵՄ կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը հարգելու մասին»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ խոսքը հայկական և ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը Ալմա Աթայի հռչակագրով 1991 թվականի դեկտեմբերի 21-ին վերածվել է պետական սահմանի։

Նա նաև նշեց, որ ԵՄ-ն ընդգծել է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետ քաշումը ապահով հեռավորության վրա, որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք։

«ՀՀ-ն պատրաստ է գնալ նման միջոցի՝ ՀՀ-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով։ Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021 թվականից և նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ սրան խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը։ «Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը։

Այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022 հոկտեմբերի 31-ի Սոչիում, այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցում՝ ի հեճուկս նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայարած որոշման։ Դատարանի որոշումը չկատարելու պարագայում կան նախանշված միջազգային մեխանիզմներ և մեր ջանքերը պետք է կենտրոնանան այդ մեխանիզմների գործարկման վրա»,-ասաց նա։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանային բոլոր հարցերը, ԼՂ հիմնախնդիրը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը։

«Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա։ Պատրաստ ենք նաև սահմանների դելիմիտացիային՝ Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա»,-եզրափակեց նա։