Հետևեք մեզ։

Հայ-ադրբեջանական սահմանը մոտ 1000 կմ է, դրա մոտ 10-12 կմ արդեն սահմանազատված է․ Իլհամ Ալիև

11:26, 25 ապրիլ 2024
Հայ-ադրբեջանական սահմանը մոտ 1000 կմ է, դրա մոտ 10-12 կմ արդեն սահմանազատված է․ Իլհամ Ալիև

Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին խնդիրներ են: Կարծում եմ, որ սխալ կլինի դրանք համատեղել ու կախման մեջ դնել միմյանցից։  Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

«Դրա համար շատ պարզ պատճառ կա. Հայաստանի հետ մեր սահմանը մոտ հազար կիլոմետր է։ Խորհրդային տարիներին, նույնիսկ երբ մենք ունեինք վարչական սահմաններ, Հայաստանի Խորհրդային Հանրապետության և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության միջև վարչական սահմանի մի մասը սահմանված չէր։ Սահմանի մեծ մասը ամբողջովին անմարդաբնակ է, լեռների բարձրությունը 3500 մետր է, տարվա 9 ամիսը ձյուն է։ Դա իսկապես շատ բարդ տեղանք է: Գործնական տեսանկյունից հնարավոր չէ կարճ ժամանակում սահմանազատել այս սահմանը»,- ասել է Ալիևը։

 


Նա նշել է՝ իրենց առաջարկը եղել է սահմանազատումը սկսել Ղազախից։ «Մենք հայկական կողմին ասել ենք, որ եթե իսկապես ուզում են ցույց տալ, որ պատրաստ են առաջ շարժվել այս ուղղությամբ, թող դա անեն։ Որովհետև այս գյուղերը բնակեցված գյուղեր են, ոչ թե անմարդաբնակ բլուրներ, որոնք կարող են վեճի առարկա դառնալ։ 

 

Կարծում եմ, որ մեր պետական սահմանի մոտ 10 կամ 12 կիլոմետրն արդեն սահմանազատված է համարվում։ Սա կարևոր կետ է։ Պատահական չէ, որ շատ տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային երկրներ արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել դրան։ Կտեսնենք, թե ինչպես կշարունակվի գործընթացը։ Երկու կողմերն էլ կառուցողականություն են դրսևորել, երկու կողմերն էլ հասկանում են այս հարցի զգայունությունը և միևնույն ժամանակ միջազգային իրավունքի պարտավորությունը, և կարծում եմ, որ եթե հաջորդ փուլում նույն մոտեցումը դրսևորվի, մենք կարող ենք առաջ շարժվել ավելի արագ»,- ասել է Ալիևը։

Վերլուծական