Փաշինյանի և Ալիևի՝ Ադրբեջանին տարածքներ տալու պայմանավորվածությունից հետո Տավուշում իրավիճակը չի հանդարտվում և արդեն ոչ միայն Տավուշում։ Նախ, որպեսզի չհակադարձեն, թե մեզնից տարածք չեն տալիս, ապա ասեմ, որ հայ սակրավորը Ադրբեջանի տարածքում հաստատ ականազերծում չէր անի և չէր կորցնի ոտնաթաթը, եթե մերը չլիներ, մեզնից չէին ուզի, և եթե Բաքվինը լիներ, այնտեղ հայերը չէին ապրի։ Հետևաբար, յուրաքանչյուր ուրացողի շատ հակիրճ կարելի է հակադարձել, չնայած, որ դրանք շատ լավ գիտեն ճշմարտությունը։
Տավուշում շարժում է ձևավորվել, այն, բնականաբար, ինքնաբուխ է․ և շատ լավ շարժում է ձևավորվել։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով տարիներ շարունակ խոսում էր այս մասին, այժմ իր պարտքն է համարում պահպանել հայրենի հողերը, գյուղերի բնակիչների անվտանգությունը, չհանձնել եկեղեցին․․․ և դա նորմալ է։
Նրան միացել են մարդիկ և նրա կողքին են մարդիկ, որոնք, ի տարբերություն Փաշինյանի, չեն ուրախանալու, որ իրենց տնից 50 մետր հեռավորության վրա ադրբեջանցիներն են ապրելու։ Շարժմանը նաև քաղաքական ուժեր ու գործիչներ են միացել, առանցքային գործիչը տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է։ Այլ պատգամավորներ՝ յուրաքանչյուրը որևէ գործողությամբ, մասնակից է գործընթացներին։ Սա իրավիճակն է։
Բայց մեկ շաբաթից ավելի շարունակվող շարժմանը վտանգ հաստատ սպառնում է այնպես, ինչպես չեխ Գուստավ Յանոուխի արձանագրումը «Զրույցներ Կաֆկայի հետ» գրքում․
«Որքան շատ է ծավալվում մակընթացությունը, ջուրն այնքան պղտորվում է։ Հեղափոխությունը ցնդում է, և մնում է միայն նոր բյուրոկրատիայի տիղմը»։
Հետևաբար, շարժման մեջ գտնվող անձինք, վստահաբար գիտակցում են, որ պետք է ավելի բաց գործեն, առավելի թիրախային ու հստակ, նոր մեթոդների կիրառմամբ, նաև մեսիջով, որն ուղղված կլինի միջազգային հանրությանը, նրանք այդպես գործելու հիմքն արդեն ձևավորել են։ Բացի այդ, այդ անձնանց դեմ իշխանությունը հին մեթոդներով՝ կոռուպցիա, մուկ, ձուկ և այլն, չի կարող կռվել ու միավորներ հավաքել հօգուտ իրեն և, օրինակ, հաղթել ընտրություններում։
Տավուշը քաղաքական դաշտ նոր իրավիճակ է բերել․ նոր դեմքեր են, շատ բարձր հեղինակություն վայելող հոգևորական է այնտեղ, և նրա հեղինակությունը նոր չէ։ Բացի այդ, Բագրատ Սրբազանն իշխանությանը նյարդայնացնող մարդկանցից մեկն է, եթե ոչ առանցքայինը, որովհետև բոլորը «ֆաս» հրամանի ներքո քարկոծում են նրան, ինչը միայն բարձրացնում է նրա հեղիկանությունը, որովհետև, որևէ ՔՊ-ականի գովաբանած մարդու հետևից ոչ մի հայրենասեր մարդ չի գնա։
Բայց, Հայաստանում կան նաև մարդիկ և ուժեր, որոնց իշխանությունից բաժին չի հասել, և կրակ են որոնում ձեռքերը դրա վրա տաքացնելու համար։ Տավուշը իշխանափոխության պոտենցիալ հաստատ կարող է հավաքել, և այդ մարդկանց պետք է հեռու պահել «կրակից», դիվիդենտներ հավաքելուց, իրենց՝ այնտեղ գտնվելով ձախողված պայքարների ու անիմաստ գործողությունների մասին հիշեցնելուց և իշխանությանը՝ շարժումը թիրախավորելու ռեսուրս տալուց։ Ոմանք դա գիտեն, իսկ ոմանք գտնվում են այնտեղ, և դա չեն հասկացել։ Նաև պետք է մի կողմ թողնել նախկինում չստացված շարժումների պատճառները, սխալները և այլն, դա ոչինչ չի փոխում, և այնպես չէ, որ բոլոր պայքարները ստացվելու են, իսկ հիմա կամ պետք է օգնեն շարժմանը կամ չվնասեն, որովհետև այս շարժումը սպիտակ թուղթ է և նրան ազնիվ ձեռագիր է պետք։
Պետք է այնպես գործել, որ հանկարծ իրավիճակը սովորական չդառնա և չմարի։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ իշխանությունն իրենն անում է՝ ականազերծում, սյուներ և այլն։ Ի դեպ, խոսքը սահմանազատմանը դեմ լինելը չէ, մարդիկ դեմ են միակողմանի զիջմանը, հատվածական սահմանազատմանը։
Յուրաքանչյուրը կարող է օգնել պայքարին իր տեղում, օգտագործել իր ռեսուրսները, ոչ թե բարձրախոսի և կադրում երևալու կռիվ տա։ Ոմանք պետք է իրատեսորեն նայեն իրենց քաղաքական կերպարին ու չերևան, բայց գործ անեն, եթե նպատակը Տավուշի գյուղացու և հետևաբար ՀՀ անվտանգությունն է։
Ի վերջո, գործողությունները պետք է ցանցային լինեն, որպեսզի ուժայինների ռեսուրսը չբավարարի, իսկ իշխանությունները վախկոտ են՝ ՀՀ նախկին ու ներկա քարտեզները վկա։
Բացի այդ, աքսիոմա է՝ առանց Երևանի մասնակցության երբեք ոչինչ վերջնականապես չի հաջողվելու, իսկ Երևանն անտարբեր չէ հաստատ։
Մարդկանց կրավորական, «չտանք պատերազմ կլինի, տանք կարող ա լինի» անիմաստ մտածելակերպից պետք է ազատել, որովհետև դա հիմա պայմանավորված է լրիվ այլ հանգամանքով, և բացի այդ՝ Արցախը տվեցին, որ հանգիստ ապրեն, բա ի՞նչ եղավ։
Որպեսզի Տավուշի շատ ազնիվ շարժումից չմնա տիղմը, պետք է չթողնել, որ ոմանք հանուն իրենց շահի պղտորեն այն, թեկուզ նաև չգիտակցված․․․
Բեթղեհեմ Արաբյան