Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, Հայաստանի ամեն մի մետրը, ամեն քար ու թուփը լավ իմացող Վաչե Տերտերյանից Hayastan.news-ը հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է սկսվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, հատկապես՝ հարավային հատվածում, ասենք՝ Սյունիքի շրջանում։
«Դա փիլիսոփայական հարց է այն առումով, թե ո՞ր ժամանակի համար ենք հարցնում՝ որտեղից է սկսվում սահմանը, հիմա՞, թե՞, ասենք, 10 կամ 20 տարի առաջ։ Հիմա գնում են պրոցեսներ, տեղի է ունեցել որոշակի կոնֆլիկտ, էդ կոնֆլիկտը պիտի արձանագրվի ինչ-որ կերպ՝ հղում անելով ընդունված սահմաններին, որոնք եղել են Խորհրդային միության ժամանակշրջանում»,-ասաց Վաչե Տերտերյանը՝ դժվարանալով ասել, թե որ թվականի քարտեզներին պետք է հղում արվի։
-Մեր հարցը փիլիսոփայական կլիներ, եթե ես հարցնեի, օրինակ, «ո՞րն է, բաբո, մեր հայրենիք» ոճի մեջ, Դուք էլ այդ տեսանկյունից բացատրեիք՝ որն է Ձեզ համար մեր հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, թե՞ Արևմտյան Հայաստանը։ Հետևաբար, ո՞րն է, պարոն Տերտերյան, մեր հայրենիք։
-Մեր հայրենիքը, իմ կարծիքով, պիտի լինի ՀՀ ինքնիշխան տարածքը՝ էսօրվա դրությամբ ու, ինչքան հնարավոր է, համահունչ մեր պետական պատկերացումներին սահմանի մասին, որը մենք կարողանանք հիմնավորել և ապահովել, և, անկասկած մենք պիտի նաև չմոռանանք մտածել մեր հայրենակիցների մասին, որոնք Արցախի Հանրապետությունում են, և որոնց տեսանելի, կանխատեսելի, ընկալելի և ընդունելի ապագայի համար ամեն ինչ պիտի արվի:
-Այդ ինքնիշխան տարածքը սահմանափակվում է 29,800 քմ կիլոմետրո՞վ, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, թե՞ այլ սահմաններ ունի։
-Ես թիվ չեմ կարող հնչեցնել, որովհետև, եթե հնչեցնում են թվեր, ըստ երևույթին, դրանք որոշակի հիմնավորումներ ունեն, ես նույնիսկ իմ փորձառության կամ տարիների շրջանում ամենատարբեր հանրագիտարաններում ամենատարբեր թվերն եմ հանդիպել։ Եւ, վերջին հաշվով, այդ թվի մեջ պլյուս-մինուս 5, 10 կամ 20-ը չի կարևոր, կարևորը բովանդակությունն է։
-Երբ ընդդիմությունը քննադատում է այս իշխանություններին, որ Գորիս-Կապան մայրուղին, օրինակ, մեր տարածքն էր, բայց դուք հանձնեցիք թշնամուն, Սև լճի 30 տոկոսը մերն էր՝ հանձնեցիք և այլն, այս իշխանությունները, որի ներկայացուցիչն եք նաև Դուք, հղում են անում նախորդ իշխանությունների օրոք ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքին՝ ասելով, որ դեռ նախորդ իշխանությունները այս օրենքով այդ տարածքները արդեն իսկ ճանաչել են Ադրբեջանի մաս։ Դուք նաև նախորդ իշխանության օրոք եք փոխնախարար եղել, և այդ մեղադրանքը կարող է անուղղակի ձևով Ձեզ էլ ուղղված լինել։
-Դե, երբ որ ինձ կուղղվի այդ մեղադրանքը, ես կփորձեմ պատասխանել, բայց դա մեղադրանք չի, դա հայտարարություն է, դա միգուցե պահանջ է, որը կարող է իր հիմնավորումն ունենալ քաղաքական կոնտեքստում, բայց պիտի նայել և՛ հարցադրումները, և՛ պատասխանները։ Միշտ չեն, որ քաղաքական հարցադրումները՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, 100-տոկոսանոց են։
-Դուք՝ որպես պրոֆեսիոնալ մասնագետ և որպես այս ոլորտի փոխնախարար՝ բոլոր ժամանակների, կարո՞ղ եք ասել, որ նախորդ իշխանությունների օրոք ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով այդ տարածքները համարվել են Ադրբեջանի մաս։
-Դե, Վարչատարածքային բաժանման մասին օրենքը հրապարակային փաստաթուղթ է, կարելի է բացել, նայել՝ էնտեղ ինչ է գրված։ Գրված է այդպես, բայց պիտի նայել նաև ենթատեքստը, թե ինչու է այդպես գրված։ Իսկ գրված է, որ այդ սահմանից հետո Ադրբեջանի Հանրապետություն է, ենթադրենք։
-Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ճի՞շտ է։
-Համենայնդեպս, Վարչատարածքային բաժանման մասին օրենքը ցիտելու տեսանկյունից՝ այո։
-Այսինքն՝ նախկիննե՞րն են այդ տարածքները ճանաչել Ադրբեջանի մաս, բայց չենք տվել։
-Ես չեմ կարծում, որ ճանաչել են, որովհետև դրա հետ միասին բազմաթիվ այլ փաստաթղթեր կան, որտեղ էդպես չի։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ