Վերջերս իրավական համակարգի ամենաթեժ թեմաներից մեկը Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրությունն էր։ Ընտրությունը, որը հագեցած էր որոշ դատավորների համարձակ, իսկ որոշների՝ ես «ոչինչ չեմ լսել ու չեմ տեսել» հայտարարություններով, ավարտվեց նրանով, որ դատական համակարգն ընդդիմացավ միջամտությանն ու չընտրեց իշխանության հովանավորյալ թեկնածուին։ Թեև ընտրությունը մամուլի ուշադրության կենտրոնում էր, բայց թեման շատ արագ մարեց ու դուրս եկավ ուշադրությունից այն դեպքում, երբ դա մեծ հաշվով առաջին դեպքը չէր ու խոսում էր դատական ու գործադիր իշխանությունների միջև չմարող կոնֆլիկտի մասին. այն մասին, որ դատական իշխանությունում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին՝ դատավորների նշանակմանը, ԲԴԽ անդամների ընտրությանը, գործադիր իշխանությունը միջամտում է։
Այդ կոնֆլիկտի մեղավորն ու հեղինակը քաղաքական իշխանությունն է՝ մի քանի դատավորի պատճառով ամբողջ համակարգին վիրավորող հայտարարություններով ու դատարանների դռները փակելու ակցիայով։ Ակցիան կազմակերպող իշխանականները, չթաքցնելով, որ դատարանների դռները փակում են իրենց ցանկությունները չբավարարող որոշումներ կայացնելու պատճառով, չէին պատկերացնում, որ դատարանների հետ քաղաքական լեզվով խոսելը թանկ է արժենալու և առաջացնելու է նաև դատական համակարգի վրա փողեր ծախսած միջազգային կառույցների դժգոհությունը։ Այդ ակցիաներով նրանք ոչ միայն չկարողացան լուծել իրենց առաջ դրված խնդիրը, այլև խոր անջրպետ ստեղծեցին դատական իշխանության ու գործադիր իշխանության միջև և հասան նրան, որ դատական համակարգի հետ կապված ցանկացած ու նույնիսկ լավ նախաձեռնություն համարվեց քաղաքական քայլ՝ ուղղված դատարաններն իրենց ենթարկելուն։ Քաղաքական իշխանություններն, այո, մանավանդ ԲԴԽ վերակազմակերպումներում, բացահայտ են դարձրել, որ դատական համակարգն անկախ ու հեղինակավոր տեսնել չեն ցանկանում կամ ցանկանում են իրենց չափանիշներով անկախ համակարգ, դատավորներ, ովքեր կկայացնեն վճիռներ, որոնք, հենց իշխանության կարծիքով, լավն են։
ԲԴԽ խնդիրն իրականում դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունն ապահովելն է, բայց ԲԴԽ պատմության մեջ այդ երկու խնդրի լուծումն էլ տապալվել է։ Հարցն այն է, որ դատական համակարգի անկախության ու բարձր հեղինակության համար նախ պետք էր անկախ ու հեղինակավոր ԲԴԽ՝ իր անդամներով ու նախագահով։ Պարզ է, չէ՞, ոչ մեկին չի կարող հաջողվել իր կախյալ վիճակով ու ցածր հեղինակությամբ բարձրացնել դատարանի հեղինակությունը կամ այն անկախ դարձնել։
ԲԴԽ միակ ղեկավարը, ում մասին, գոնե ԲԴԽ ղեկավարելու ժամանակահատվածի համար դրական կարելի է խոսել, Գագիկ Հարությունյանն էր։ Թեև նրա պաշտոնավարման ժամանակահատվածը կարճ է եղել, բայց դատական իշխանությունը հեղինակազրկող նմանատիպ աղմկահարույց իրադարձություններ դժվար է հիշել։ Բացի դրանից, պետական գործչի նրա կեցվածքն ու հեղինակությունը չի կարելի համեմատել նրան փոխարինած և ոչ մեկի հետ։ ԲԴԽ մյուս ղեկավարներն ավելի շատ զբաղվել են համակարգն իրենց ու իրենց նշանակողներին ենթարկելու, այդպիսով նաև պաշտոնում իրենց հաստատվելու խնդիրը լուծելու փորձերով, դատավորներին խնդրանքներ ներկայացնելով, իսկ ոմանք նույնիսկ հայտնի են զրուցակիցների կողմից այդ ընթացքում ձայնագրելով ու ձայնագրվելով։
Դե, Կարեն Անդրեասյանը բոլորին հայտնի է ավելի վաղուց՝ սկզբում այն բանով, թե ինչպես էր Մարդու իրավունքների պաշտպան աշխատելիս Ազգային ժողովում խնդրում իրեն պաշտպանել Գևորգ Կոստանյանից։
Իշխանափոխությունից հետո էլ Կարեն Անդրեասյանը նախ նախարարի, ապա ԲԴԽ նախագահի պաշտոններում հայտնի է դատական համակարգն իր քաղաքական ճաշակով փոխելու փորձերով ու դատավորների կամայական նշանակումներով ու տեղափոխություններով։
Բայց դատական համակարգն անկախ պահելու անդրեասյանական մոտեցումը շատ ավելի պարզ էր ԲԴԽ դատավոր անդամի ընտրությունից. նա բացահայտորեն չէր ցանկանում, որ Արշակ Վարդանյանն ընտրվի և ընտրության մեջ լարվածությունն ստեղծել էր անձամբ՝ բոլորին հասկացնելով կամ ուղիղ ասելով, որ ցանկալի թեկնածու կա։ Ավելին` Անդրեասյանն ընտրության նախօրեին իր պաշտոնանկության լուրից այնքան էր կորցրել հավասարակշռությունը, որ նախ փորձել էր բոլոր նրանց, ովքեր կխոսեն իր պաշտոնանկությունից, իրենց «տեղը դնել», ապա նույն հայտարարությամբ «բռնել» նաև երկրորդ նապաստակը՝ հասկացնելով, որ իր՝ «դատական համակարգի բարեփոխիչի» պաշտոնանկության մասին լուրեր տարածում է Արշակ Վարդանյանը՝ ցանկանալով հիասթափեցնել դատավորներին, ովքեր սպասում են իրենց աշխատավարձերի բարձրացմանը։ Կարեն Անդրեասյանը, հետաքրքիր է, հիմա գոնե հասկացե՞լ է, որ եթե չլիներ իր հայտարարությունը, ապա Արշակ Վարդանյանը կընտրվեր, բայց չէր ջախջախի ու ավելի հեղինակազրկի հայտարարության հեղինակին։ Ի դեպ, հեղինակության մասին․ ԲԴԽ-ում, փաստորեն, կարծում են, որ դատավորի պաշտոնում նշանակվելու մրցույթի հայտարարությունները լիկվիդացիոն զեղչերի «միայն մեկ օր», կամ «շտապիր գնել» ոճով անելն ու փաստաբանների մոտ ծաղրի առարկա դառնալը, դատարաններն անփորձ ու մասնագիտական պատրաստություն չանցած դատավորներով համալրելը բարձրացնում է դատարանների հեղինակությունը։
Մի բան, սակայն, մխիթարում է։ Այո, դատական համակարգն իր հեղինակությունը ոտնահարող արարքներին դիմադրում է ու ավելի բարձր հեղինակություն ձեռք բերում։
Բեթղեհեմ Արաբյան