Հետևեք մեզ։

Քննադատողներին քննադատելու իրավունքով․ Արցախի Հանրապետության առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր Աշոտ Սարգսյանը հոդվածը

20:13, 03 մայիս 2024
Քննադատողներին քննադատելու իրավունքով․ Արցախի Հանրապետության առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր Աշոտ Սարգսյանը հոդվածը

Արցախի Հանրապետության առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր Աշոտ Սարգսյանը հոդված է տրամադրել Hayastan.news-ին, որում գրում է․


«Ինձ համար, որպես Արցախի Հանրապետության նախկին պատգամավորի, խիստ զարմանալի է, որ ՀՀ որոշ պատգամավորներ քննադատում են հոգևորականներին, այդ թվում՝ սրբազան հայրերին, ովքեր առաջնորդում են իրենց խնամքին հանձնած  հոգևոր համայնքներին եւ  թեմերին:  Նման պատգամավորներին, եթե նրանք իրոք մտահոգված են հպարտ հայրենակիցների եւ ազգի ճակատագրով,  խորհուրդ կտայի կարդալ ՀՀ Սահմանադրությունը  և «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը:

  ՀՀ պատգամավորների և մյուս վարձու քննադատների աշխատանքը հեշտացնելու համար մեջբերեմ.

 1. ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

 2. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախաբանում  նշված է. «... Ճանաչելով Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարեւոր պատվար:

Օրենքներին  փոքր ինչ  ծանոթ մարդուն պետք է հասկանալի լինի, թե ինչ է նշանակում «ազգային  ինքնության պահպանում» և «ազգապահպանութայն կարևոր պատվար» հասկացությունների իմաստը եւ դրանց իրագործման եղանակները:
 
Կրկնակի զարմանալի է  Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին քննադատող պատգամավոր տիկնոջ վարքագիծը: Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ պետք է լիներ ցեղասպանության ենթարկված,  բռնի տեղահանված Արցախի թեմի առաջնորդը, եթե ո´չ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի թիկունքին կանգնած:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ` եկեղեցին անջատ է պետությունից: Այդ դրույթը ՀՀ օրենսդիրները «որդեգրել են» Ֆրանսիայի Հանրապետության Սահմանադրությունից: Ի դեպ, Ֆրանսիական հեղափոխության դառը պտուղներից է «եկեղեցին անջատ է պետությունից, պետությունը` եկեղեցուց» դրույթը: Եկեղեցին անջատելով պետությունից, այսինքն` օտարելով հոգեւոր իշխանությունը, փաստացի նշանակում է հրաժարում հասարակության լինելիության ու զարգացման աստվածային ներգործությունից, որը նույնն է թե` հրաժարում հասարակության ինքնակարգավորումային եւ բնականոն զարգացումից: Իսկ արդյունքը լինում է այն, որ  աստվածապաշտությունը աստիճանաբար փոխարինվում է կապիտալի պաշտանմունքով կամ նյութապաշտությամբ: Միջանկյալ նշենք, որ մեծն Նժդեհի համար կար մեկ բաժանում`  նյութապա՞շտ է հայը, թե՞ գաղափարապաշտ:

Եկեղեցին սովորաբար հանդես է գալիս որպես գաղափարաբանություն եւ կազմակերպության ամբողջություն: Մեր ազգային ինքնատիպությունը, անհատականությունը մեծապես կախված են եղել եկեղեցու կազմակերպությունից: Հայ Առաքելական Եկեղեցին իր կազմակերպությամբ դարձել էր հայ պետություն, երբ Հայաստանը կորցրել էր  պետականությունը: Այն  հայկական թաքնված կազմակերպություն էր, իշխանություն էր, վարչություն էր`  հաստատված հայության հոգեւոր-կամավոր հպատակության վրա: Հայ Առաքելական Եկեղեցին բացառիկ դերակատարություն է ուեցել եւ ունի` պահպանելու եւ զարգացնելու մեր մշակույթը, լեզուն ու գրականությունը, արվեստները, դաստիարակությունը եւ սոցիալական զարգացումը: Մեծ է եւ Եկեղեցու դերը երկրի ինքնապաշտպանության գործում: Ահա այդ պատճառով էլ հայության թշնամիները քաջ գիտակցելով Եկեղեցու նաեւ քաղաքական ազդակ լինելու պարագան` իրենց սրերը ուղղել են նրա դեմ: Ահա թե ինչու պիտի պետությունը պարտադրաբար օժանդակի ամրապնդելու Հայ Առաքելական Եկեղեցին որպես կազմակերպություն, գաղափարաբանությունը թողնելով որպես վերջինիս մենաշնորհ: Եկեղեցին իրագործում է իր բացառիկ առաքելությունը Հայաստանի  հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում, Եկեղեցին նպաստում է բանակաշինության աշխատանքներին (Հայաստանի ՊԲ ստորաբաժանումներում ունի իր հոգեւոր սպասավորները)…

Պետությունը բաժանված է Հայ Առաքելական Եկեղեցուց, դա չի նշանակում, որ պետությունը «ապահարզան» է տվել եկեղեցուն, պարզապես կատարված է գործառույթների բաշխում:

Ներկա իրավիճակում, երբ Արցախի Հանրապետության բնակչությունը ենթարկվելով ցեղասպանության, բռնի տեղահանվել է իր բնօրրանից եւ սկսված  է Տավուշի շրջանի չորս գյուղերի   բռնի տեղահանումը, Հայ Առաքելական Եկեղեցուն մեղադրել քաղաքականությամբ զբաղվելու գործում եւ խոչընդոտելու Եկեղեցուն իրագործելու ազգապահպանության սուրբ՝   Աստվաճահաճո  եւ ՀՀ Սահմանադրության   հոդված 18-ի պահանջը կատարելու գործում, մեղմ  ասած տգիտություն կամ բացահայտ թշնամություն է:

Հայ Առաքելական Եկեղեցին կատարել ու կատարելու է իր առաքելությունը անկախ նրանից, թե ովքեր են պետական կառավարման ղեկին»: