Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի՝ զինվորներին նվիրված քարոզից մի հատված:
«Սիրելի՛ սպաներ և զինվորներ,
Այս 30 տարիների պատմության մեջ ամենաբարձր պատվանդանի վրա դուք եք կանգնած։ Ձեր համազգեստը հարգանք և խոնարհում է ծնում ձեր հանդեպ, որովհետև այդ համազգեստի մեջ կա սերը, կա պատիվը, կա անմահությունը և կա հաղթանակը՝ անկախ նրանից, թե ով ինչ մտքով է այդ համազգեստը հագել, իր վրա վերցրել։
Այդ համազգեստը նույն կերպով հագել են մեր հաղթանակած մեծ հայրերը։ Ոչ մի վայրկյան չեն կասկածել այդ համազգեստը կրելու ճշմարտության մեջ։ Այդ համազգեստը հագել են մեր եղբայրները, որոնք այսօր այս երկրի վրա մեզ հետ չեն, բայց մեզ դիտում են ու դատում են, եթե մենք չդառնանք արժանի համազգեստին և իրենց կոչումին։
Տղերք ջան, դուք ամենամեծ սիրո մեջ եք։ Ամենամեծ սիրո մեջ եք ոչ միայն ձեր ընտանիքների, այլ մեր ողջ ժողովրդի կողմից՝ փոքրից մինչև մեծը։
Շատ եմ խնդրում, հանկարծ որևէ ձևով ձեր մեջ ուրացում չլինի, այդ սիրո մսխումը չլինի, այդ պատվի զգետնումը չլինի։
Եվ դա առաջին հերթին ձեր հարաբերություններով է լինելու՝ որքան եք իրար սիրելու, որքան եք իրար պատվելու, որքան եք իրար վեր բարձրացնելու, որքան եք իրար որպես եղբայրներ գգվելու։ Ոչ թե եղբորդ սխալի վրա կայանալու, այլ ընդհակառակը՝ ուղղելու և բարձրացնելու։
Մեր անիմաստ կորուստներն ու ողբերգությունները գալիս են նրանից, որ մենք կարող ենք սխալը ուղղել մարդուն ոչնչացնելով։
Նայեք, մեր թշնամին առաջինը ձեզ է նայում, դուք եք առաջինը կանգնած մեր երկրի սահմանագծին։ Թշնամին ձեր կյանքն է ուզում առաջինը խլել, և ձեր անկումի ճանապարհը հաստատելով՝ հասնել մեր բոլորի կյանքին, մեր ընտանիքներին, մեր ամբողջական Հայրենիքին։
Դուք արդեն իսկ հայացքով իրենց եք կանգնած։ Ես գիտեմ, որ քաջությամբ եք կանգնած, անվախ եք կանգնած։ Գիտեմ, որ հազար ու մի պատճառներ կարող են լինել, որ որևէ ձևով տկարացնեն այդ քաջությունը, բայց գիտեմ, որ դուք ոչ մի վայրկյան չեք սասանվում, տատանվում, չեք երկմտում։
Գիտեմ դա, խորքով գիտեմ, որովհետև ես ձեր հոգին եմ ճանաչում, ձեր քաջ, առյուծ հոգին, որը փորձում են խեղճացնել, վերածել կատվիկի։ Թույլ չտաք դա ո՛չ ձեր ծառայության մեջ, ո՛չ ձեր ծառայությունից դուրս։
Եվ, առաջին հերթին, միմյանց նկատմամբ սիրո, մեծ սիրո, անսահման սիրո մատակարարները եղեք՝ հանուն մեր մեծ տան, հանուն մեր նահատակ զավակների ու եղբայրների՝ ձեր եղբայրների ու ընկերների։
Չլքեք իրար։ Չլքեք խաղաղության ժամին։ Որովհետև ես համոզված եմ, որ պատերազմի ժամին դուք չեք լքում, բայց խաղաղությունը երբեմն թուլացնում է։
Աստված օրհնի ձեզ, զորանաք, մեր Տիրոջ խորհրդով զորանաք, հաղթանակի զինվորներ լինեք միշտ, ձեր մտքի որևէ ծայրով ուրիշ բան չանցնի, բացի հաղթանակի տեսիլքը։ Որովհետև մեր Տերը հաղթած Աստված է, մեր նահատակ եղբայրներն ու հայրերը հաղթած մարդիկ են, մենք հաղթած ժողովրդի զավակներ ենք, բայց պետք է մարմին տանք դրան»։