Հետևեք մեզ։

Խարիզմատիկ է, սովորել և ծառայել է Մեծ Բրիտանիայում և Կանադայում․ Հայաստանում առաջին անգամ ակցիա է եկեղեցու գլխավորությամբ․ միջազգային մամուլի անդրադարձը

14:04, 10 մայիս 2024
Խարիզմատիկ է, սովորել և ծառայել է Մեծ Բրիտանիայում և Կանադայում․ Հայաստանում առաջին անգամ ակցիա է եկեղեցու գլխավորությամբ․ միջազգային մամուլի անդրադարձը

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներն անդրանդարձել են երեկ Հայաստանում տեղւ ունեցած բազմահազարանով ակցիային և Փաշինյանի հրաժարականի պահանջին, որը ներկայացրել է Բագրատ Սրբազանը։

Associated Press-ը գրում է, որ հազարավոր հայեր պահանջում են վարչապետի հրաժարականը՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերի վեճի պատճառով։

«Հազարավոր ցուցարարներ հինգշաբթի հավաքվել էին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ պահանջելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ կապված նրա կառավարության որոշման հետ՝ սահմանամերձ գյուղերը Հայաստանի վաղեմի հակառակորդ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։

Հայաստանն ու Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո երկու պատերազմ են մղել, և Հայաստանը ապրիլին հայտարարեց, որ գյուղերը վերադարձնելու է Ադրբեջանին: Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերին Ադրբեջանը կայծակնային ռազմական արշավ է իրականացրել Լեռնային Ղարաբաղում, ինչը ստիպել է տասնյակ հազարավոր մարդկանց տեղափոխվել  Հայաստան»։

Լրատվամիջոցը գրում է, որ ցուցարարները Հայաստանի եկեղեցու ավագ հոգևորականի գլխավորությամբ ոտքով մոտ 100 մղոն (160 կիլոմետր) ճանապարհ են անցել Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերից մինչև Երևան, որտեղ հավաքվել են հինգշաբթի Հանրապետության հրապարակում:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ցուցարարներին ասել է, որ եթե Փաշինյանը չլսի նրանց պահանջները, նրանք պետք է «անհնազանդության խաղաղ գործողություններ իրականացնեն»։

APnews-ը հիշեցրել է նաև Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին․ «Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից մեկ օր անց, երբ Պուտինը սկսել է իր հինգերորդ ժամկետը Կրեմլի փայլուն երդմնակալության ժամանակ, որին Հայաստանի ղեկավարը չի մասնակցել»։

Deutsche Welle-ն  գրում է, որ Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ բողոքի ակցիա է տեղի ունեցել եկեղեցու գլխավորությամբ։ Ընդդիմադիր շարժումը մտադիր է հասնել իր նպատակին ողջ երկրում քաղաքացիական անհնազանդության անժամկետ ակցիաների միջոցով։

«Հանրահավաքը, որը, ըստ փորձագետների, ամենախոշորն էր 2021 թվականի ընտրությունների բողոքի ցույցերից հետո, դեռ լուրջ անհանգստություն չի առաջացրել կառավարությունում։Սակայն ներկայիս ակցիան ղեկավարող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կողմնակիցներին կոչ է արել հանգստություն պահպանել և պատրաստվել երկարատև պայքարի։

 

Լրատվամիջոցը գրում է

«Ո՞րն էր բողոքի դրդապատճառը.


Նման լայնածավալ բողոքի պատճառը Բաքվի և Երևանի որոշումն էր՝ սահմանազատել և սահմանագծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մի փոքր հատվածը, ինչը հանգեցրել է մի քանի սահմանամերձ գյուղերի անցմանը ադրբեջանական վերահսկողության տակ։ Ապրիլի 19-ի որոշումից վրդովված՝ սահմանազատումից տուժած Տավուշի մարզի բնակիչներն իրենց թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ շաբաթներ առաջ ի նշան բողոքի փակել էին Հայաստանից Վրաստան տանող մայրուղին։

 

Ավելի ուշ որոշվել է «Տավուշը հանուն հայրենիքի»շարժման բողոքի ցույցերը տեղափոխել Երևան՝ դրանք վերածելով ավելի մեծ քաղաքական շարժման։ Այդ նպատակով սկսվեց ընդդիմության երթը, որը մայիսի 9-ին հասավ Երևան, որտեղ մայրաքաղաքի կենտրոնի Հանրապետության հրապարակում կահավորվեց մեծ էկրաններով հատուկ բեմ: Այնտեղից ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախ պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 

Ընդ որում, նա դա արել է վերջնագրի տեսքով։ «Ես պատրաստ եմ 1 ժամվա ընթացքում հանդիպել և քննարկել մեկնելու բոլոր պայմանները, Հայաստանի Հանրապետությունում այլեւս որևէ ձևով իշխանություն չունես», - ասաց Գալստանյանը, ում խոսքերը ցուցարարները ողջունեցին՝ վանկարկելով «Փաշինյան, գնա»»։

Իշխանությունները չկատարեցին այս պահանջը, իսկ հետո Գալստանյանը ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո հայտարարեց քաղաքացիական անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին։

Փողոցային ցույցերը, ինչպես ծրագրել է բողոքի ցույցի առաջնորդը, պետք է ստիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով իշխանության է եկել 2018 թվականին լայնամասշտաբ հանրահավաքների ճնշման ներքո, հրաժարական տալ»։

 

BBC-ն ևս անդրադարձել է Բագրատ Սրբազանի քայլերին․

Որքանո՞վ է իրատեսական իմպիչմենտի գործընթացի մեկնարկը,-գրում է լրատվամիջոցը․


«Զուգահեռաբար ընդդիմությունը մտադիր է խորհրդարանում սկսել վարչապետ Նիկոլ  Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը։  Բագրատ Գալստանյանը, ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկելով գործողությունների ծրագիրը, հայտարարեց օրենսդիր մարմնում նման գործընթաց նախաձեռնելու իրենց պատրաստակամության մասին, որը, սակայն, առանց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցության, դատապարտված կլինի ձախողման։

 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հասկացրեց, որ ոչ միայն չեն աջակցելու ընդդիմության նախաձեռնությանը, այլև չեն էլ պատրաստվում երկխոսության գնալ նրա հետ։

 

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ելույթ ունենալով Հանրային հեռուստատեսության եթերում, հայտարարեց, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ երկխոսության կարիք չկա»։

 

BBC-ն նշում է․ « Հոգևոր վերածնո՞ւնդ, թե՞ պոպուլիզմի նոր տարբերակ.
 

Բագրատ արքեպիսկոպոս (Գալստանյան) շարժումը ինքնաբուխ արձագանք էր հյուսիսային սահմանի չորս գյուղերի վերադարձին Ադրբեջանին։ Երկրի այս հատվածը մտնում է Տավուշի թեմի մեջ, որը ղեկավարում է հոգեւորականը։

Չորս գյուղերն ընդամենը պատրվակ են, փորձ՝ մոբիլիզացնելու և համախմբելու բոլոր ուժերին, ովքեր դժգոհ են, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունները գնում են միակողմանի զիջումների՝ փոխարենը ոչինչ չստանալով, իսկ ներքաղաքական կյանքում գնալով ավելի են դիմում հակառակորդների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելուն։

Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում՝ 2020 թվականի պարտված պատերազմից և Ղարաբաղից հայերի հեռացումից հետո, երկրում շատերը դժգոհ են նրա քաղաքականությունից։ Սակայն ընդդիմությանը միավորելու նախկին բոլոր փորձերը ձախողվեցին, քանի որ որպես առաջնորդներ առաջարկվեցին հակասական և ոչ հանրաճանաչ քաղաքական գործիչներ՝ նախկին նախագահներ կամ նրանց հետ կապված գործիչներ:

 

Հույսեր Եվրոպայի համար և պատերազմի վտանգ. ուր է գնում Հայաստանը Ղարաբաղի կորստից հետո.


Ի հակադրություն, Բագրատ Սրբազանը, ինչպես Հայաստանում սովորաբար անվանում են եպիսկոպոսներին, համեմատաբար երիտասարդ (52 տարեկան) և խարիզմատիկ հասարակական գործիչ է։ Այն չի արատավորվում վերջին տարիների քաղաքական ու կոռուպցիոն սկանդալներով։ Հոգևորականին չի կարելի անվանել նաև ռուսամետ գործիչ (աննախանձելի դիրք այսօրվա Հայաստանում)՝ նա սովորել և ծառայել է Մեծ Բրիտանիայում և Կանադայում։

Այս ամենը նյարդայնացնում է Փաշինյանի կուսակցությանը, և նրան մոտ կանգնած լրատվամիջոցները շարժումը վարկաբեկելու արշավ են սկսել՝ մեղադրելով նրան ռուսական հետախուզական ծառայությունների համար աշխատելու և մաֆիայի հետ կապ ունենալու մեջ՝ առանց ապացույցներ ներկայացնելու։

 

Մինչդեռ արքեպիսկոպոսն ասում է, որ իր երթը «առանց ակնկալիքների է, երթ է հանուն հայրենիքի և պատվի»։

 

«Հոգեւոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին. Իրական Հայաստանը պետք է հաղթի ֆեյք»,- խոստանում է նա։

 

Բայց բացի իշխանության կողմնակիցներից ու նրա կատաղի հակառակորդներից, Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր երկուսից էլ հիասթափված են։ Նրանց համար Բագրատ արքեպիսկոպոսի շարժումը և «Հոգևոր Հայաստանի» մասին կարգախոսները պոպուլիզմի մեկ այլ տեսակ է՝ առանց կոնկրետ հարթակի, իրատեսական նպատակների և իրավիճակի լուրջ վերլուծության։ Եվ նրանց աչքում դա Փաշինյանի պոպուլիզմից տարբերվում է միայն իր ավելի պահպանողական գեղագիտությամբ։

 

Ընդհանուր առմամբ, շատ փորձագետներ ուշադրություն են դարձնում Հայաստանի ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակին։ Երկրի հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ հակակառավարական բողոքի ցույց է անցկացվում մի եկեղեցու կողմից, որի հարաբերությունները իշխանությունների հետ նախկինում լարված են եղել:

 

Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) և իշխանության միջև հակասություններն ավելի ակնհայտ դարձան 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմում երկրի պարտությունից հետո։ Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ արեց վարչապետին հրաժարական տալ։ Այդ ժամանակվանից Փաշինյանը դադարել է մասնակցել անգամ Սուրբ Ծննդյան պատարագին։

 

Ի պատասխան Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու կառավարության քաղաքականության վերաբերյալ ՀԱԵ-ի քննադատությանը, կառավարության պաշտոնյաները կոչ արեցին եկեղեցականներին «կուսակցություն հիմնել» և «քաղաքականությամբ զբաղվել»»։

 

Politico-ն հայաստանյան իր անդրւադարձում գրում է․«Հագած սպիտակ սքեմ և ելույթ ունենալով Երևանի Հանրապետության կենտրոնական հրապարակի բեմից՝ նշանավոր արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը վերջնագիր է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեկ ժամ ժամանակ տալով հրաժարական տալու համար։ Ժամկետը լրանալուց հետո այն երկարացվել է 15 րոպեով, որը նույնպես անցել է առանց վարչապետի հանրային արձագանքի։

 

Խոցելի մոդել


Այս տարվա սկզբին Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է «վերադարձնել» (չակերտները՝ Hayastan.news) սահմանամերձ չորս գյուղերը, որոնք գտնվում են հարևան Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, բայց որոնք «օկուպացված են» Հայաստանի կողմից 1990-ականներից ի վեր։  Նշում են՝ միակողմանի քայլը կօգնի խուսափել երկու երկրների միջև հերթական պատերազմից։  

 

Այնուամենայնիվ, գյուղերի բնակիչները, ինչպես նաև Հայաստանի հարակից Տավուշի մարզի ընդդիմության ակտիվիստներն ու համակիրները անցած շաբաթ ոտքով երթ սկսեցին դեպի Երևան։ Գալստանյանը, ում եկեղեցին գտնվում է Տավուշում, շարասյունը առաջնորդեց մայրաքաղաք, որտեղ հարյուրավոր մարդիկ արդեն սպասում էին իրենց քաղաքի կենտրոնում։


Գալստանյանն ի սկզբանե պնդում էր, որ ցուցարարները պահանջում էին միայն վերջ դնել սահմանի սահմանազատման գործընթացին, նա ավելի ուշ պնդեց, որ Փաշինյանը հեռանա իշխանությունից՝ պնդելով, որ նա «լիովին ձախողել է երկրի կառավարումը»»։

 

Le Monde-ն գրել է․««Սահմանների սահմանազատման այս գործընթացն անօրինական է»,- ասել է երթի առաջնորդ Բագրատ Գալստանյանը Le Monde-ին։ Գալստանյանը այս տարածքային փոփոխություններից տուժած Տավուշի մարզի արքեպիսկոպոսն է։ «Մեր շարժումը  կոչվում է «Տավուշը հանուն հայրենիքի», այն սկսվեց տուժած գյուղերից, բայց երկարաժամկետ հեռանկարում վտանգված է ողջ Հայաստանը։ Նշելով, որ շարժումը «կրոնական չէ»՝ Գալստանյանը քննադատել է  միակողմանի զիջումները՝ նշելով, որ «Սահմանադրությունը նախատեսում է հանրաքվե»։

 

Reuters-ը ևս անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին և գրել, որ  Հայաստանի մայրաքաղաք Երևանում ցուցարարների մեծ բազմություն էր հավաքվել՝ պահանջելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ մի քանի սահմանամերձ գյուղեր հարևան և վաղեմի հակառակորդ Ադրբեջանին զիջելու որոշման պատճառով։