Հետևեք մեզ։

Վստահ եմ, որ Ծանրամարտի առաջնությունը ծնելու է նոր հերոսներ, որոնց սխրանքը ոգևորելու է շատերիս. Արայիկ Հարությունյան

23:38, 14 ապրիլ 2023
Վստահ եմ, որ Ծանրամարտի առաջնությունը ծնելու է նոր հերոսներ, որոնց սխրանքը ոգևորելու է շատերիս. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը: Արայիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է:

 

 

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին, պաշտոնատար այլ անձինք։

Իր խոսքում Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, մասնավորապես, նշել է.

 

«Մեծարգո վարչապետ,

Ձերդ գերազանցություն պարոն նախագահ,

Սիրելի հայրենակիցներ,

 

Շնորհավորում եմ բոլորիս: Արդեն կարող եմ ասել, հերթական մարզական նշանակալի իրադարձության առիթը ստացվեց, և մենք Երևանում՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, հյուրընկալում ենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

 

Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների հարգարժան նախագահներ,

Սիրելի հյուրեր,

Բարի գալուստ Հայաստան:

 

Առաջնության կազմկոմիտեի անունից, որի անդամներին շնորհակալություն եմ հայտնում ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, կարող եմ հայտարարել, որ Երևանը պատրաստ է ամենաբարձր մակարդակով կազմակերպել Եվրոպայի ծանրամարտի 101-րդ առաջնությունը:

 

Մեր ռազմավարությունը մեկն է՝ այդպիսի մրցաշարերով զարգացնել տվյալ մարզաձևը, նպաստել Հայաստանում առողջ ապրելակերպի զարգացմանը, մեծացնել երկրի տեսանելիությունը, Հայաստանը դիրքավորել որպես մարզական կենտրոն ոչ միայն Եվրոպա մայրցամաքում, այլև աշխարհում ընդհանրապես: Իհարկե, այդ ճանապարհին դեռ շատ անելիք ունենք, բայց մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով:

 

Այս աշխատանքը կատարելիս մենք փորձում ենք ամենաբարձր ստանդարտները սահմանել մարզաձևում, դառնալ ոլորտի նորարար, ինչը, ըստ մեր միջազգային գործընկերների, ստացվում է և արդեն փաստ է:

 

Ուրախությամբ պետք է նշել, որ այս առաջնությանը պատրաստվելիս մենք նշանակալի ներդրումներ ենք ունեցել մարզական նոր ենթակառուցվածք ստեղծելիս, ինչպես նաև մեծ քանակությամբ մարզագույք գնելիս, ինչը տասնամյակներով ծառայելու է մեր պրոֆեսիոնալ և սիրողական սպորտով զբաղվողներին:

 

Հայաստանը մեծ ավանդույթներ և հռչակավոր պատմություն ունի ծանրամարտում: Ունեցել ենք մեծ մարզիկներ, որոնք ուղենիշ են եղել հայերի համար:

 

Վստահ եմ, որ այս առաջնությունը ծնելու է նոր հերոսներ, որոնց սխրանքը ոգևորելու է շատերիս:

 

Նորից շնորհավորում եմ բոլորիս և բարի գալուս Հայաստան»: