Հետևեք մեզ։

Ծանրամարտի ԵԱ֊ն խորհրդանշում է, որ մեր երկիրը, մեր պետությունը, մեր ժողովուրդը պատրաստ է բարձրացնել ճակատագրի կողմից մեր առաջ դրվող ծանրությունները. Փաշինյան (լուսանկարներ)

00:00, 15 ապրիլ 2023
Ծանրամարտի ԵԱ֊ն խորհրդանշում է, որ մեր երկիրը, մեր պետությունը, մեր ժողովուրդը պատրաստ է բարձրացնել ճակատագրի կողմից մեր առաջ դրվող ծանրությունները. Փաշինյան (լուսանկարներ)

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր երկիրը պատրաստ է ոչ միայն հաղթահարել, այլև բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առաջ դրվող ծանրությունները. վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Արփի Փաշինյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը:

 

Բացման արարողության ժամանակ վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

 

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, 

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մեծարգո նախագահ, 

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի մեծարգո նախագահ, 

Հարգելի ներկաներ,

Հարգելի հյուրեր,

 

Ողջունում եմ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի Հանրապետությունում և ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական ֆեդերացիային՝ այս հնարավորությունը Հայաստանի Հանրապետությանն ընձեռելու համար:

 

Իրականում այս առաջնությանը Հայաստանի Հանհրապետությունն սպասել է շուրջ 40 տարի, որովհետև 80-ականներին այս հոյակերտ մարզահամերգային համալիրը կառուցվում էր այն սպասումով, որ շուտով այն կհյուրընկալի եվրոպական և համաշխարհային մակարդակի մրցաշարեր: 

Բայց, ցավոք, այնպես ստացվեց, որ ահա, այսպիսի երկար ժամանակ տևեց, մինչև Եվրոպայի առաջնությունները հյուրընկալվեցին Հայաստանում: Նախորդ տարի մենք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ընդունեցինք, այս տարի ընդունում ենք Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:

 

Սա չափազանց խորհրդանշական պահ է, որովհետև այս առաջնությունը տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան, անկախ Հանրապետության հովանու, տանիքի և դրոշի ներքո: Եվ սա չափազանց կարևոր իրադարձություն է:

 

Ուզում եմ հավատալ, որ այսօրվա խորհուրդը նույնքան խորն է: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր երկիրը, մեր պետությունը, մեր ժողովուրդը պատրաստ է ոչ միայն առերեսվել, պատրաստ է ոչ միայն պահել, պատրաստ է ոչ միայն հաղթահարել, այլև բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առաջ դրվող ծանրությունները:

 

Եվ այսպիսով՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հայտարարում եմ բացված»: