Իմ արարքը հայ տղամարդու, թասիբով հայի արարք էր, որը չի հարում որևէ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքն ու տեսլականը այս ամենի վերաբերյալ։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է հայ դիզայներ Արամ Նիկոլյանը, ով Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ այրեց Ադրբեջանի դրոշը, որի համար տեղափոխվեց ոստիկանություն։
«Իմ ցանկությունն է եղել, որ ՀՀ մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, և, ամենակարևորը, որ չմտածեն, թե հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների»,-ասաց Նիկոլյանը և նշեց՝ ցավում է այն կարծիքների համար, ըստ որոնց՝ իր արարքը կարող է անդրադառնալ սահմանում կանգնած զինծառայողների վրա։
«Ես աղոթում եմ այդ տղաների համար, ովքեր պահում են իմ սահմանը։ Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ես պիտի չանեի, թող կարծեն իրենց տանը ու, փակցնելով Ադրբեջանի դրոշն իրենց տանը, փարատվեն դրանով»,-ասաց դիզայները։