Հետևեք մեզ։

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակն է

10:16, 22 մայիս 2024
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակն է

        Այո, ես ունեմ իմ աշխատանքը, ընտանիքը, բարեկամները: Ու միայն այսքանը: Ինձ անչափ հարկավոր է ուրիշ  մեկը, մի լուռ վկա, որին երեկոյան կարողանայի պատմել ողջ օրվա անցուդարձը․ Շառլ Ազնավուր

 

Այսօր ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակն է: Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: 

 

 

Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր):

 

 

Ազնավուրի ծնողները

 

Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Միշա Ազնավուրյանը երգում էր ռեստորաններում, մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն Le Caucase («Կովկաս»)։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով։ Նա սկսեց հանդես գալ այդ ժամանակից և շուտով վերցրեց «Ազնավուր» բեմական անվանումը։

 

1940-ական թվականներին Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել Կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։

 

 Ռոշ և Ազնավուր

 

Շառլի աստեղային ժամը եկավ 1946 թվականին, երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների։

 

Էդիթ Պիաֆ  և Ազնավուր 

 

Համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

 

 

Ազնավուրն իր երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով: Հեղինակել ու համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն: 1995 թվականից ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում: 2004-ին նա ստացել է Հայաստանի Ազգային հերոս կոչումը։ 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է եղել, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
 
 

Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյեի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

 

      Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել` սիրել են ինձ, խաբել, պաշտպանել, պաշտել, լքել, բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ: Ես էլ իմ հերթին հաճախ եմ նրանց արցունքների մեջ թողել: Գնահատել չիմանալով սերը, վազել եմ վաղանցիկ սերերի հետևից: Խաբել եմ, նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ…Ի՜նչ արած, այդ է կյանքը, այդ է սերը․ Ազնավուր

 

Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։  

Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28) և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 6 երեխա՝ Սեդան, Շառլը, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։ 1990 թվականին նա գրող-ռեժիսոր Մայքլ Ֆինի Կալանին առաջարկեց անդրադառնալ իր կյանքին հեռուստատեսային My Riviera շարքում, որի նկարահանումները տեղի ունեցան Հարավային Ֆրանսիայի Պորտ Գրիմո վայրում գտնվող Ազնավուրի տանը։  

 

New Home Image

2018-ի համերգից․ Ճապոնիա

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, իր՝ Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ 

 

 

Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս․ Ազնավուր