Հետևեք մեզ։

Ատելությունն ու միմյանց վրա թքած ունենալու արվեստը

15:00, 26 մայիս 2024
Ատելությունն ու միմյանց վրա թքած ունենալու արվեստը

Մեզանում միմյանց հանդեպ ատելության մասին, ցավոք, կարելի է գրել միշտ։ Ամեն անգամ, երբ թվում է` ամեն ինչ ասված է ու բոլորին պարզ, հանկարծ փոխադարձ զզվանքի մթնոլորտի նոր ցցուն օրինակն է գալիս։

 

Հերթական անգամ ներազգային թշնամանքի, մարդու հանդեպ մարդու ատելության ահագնացող չափաբաժնի մասին գրելու առիթ դարձավ ընդդիմության գործողությունների հեռարձակումները դիտելիս։

 

Ուղիղ հեռարձակումներին հետևող քաղաքացիների գրառումները շատ պարզ բացատրում են, թե ինչո՞ւ Հայաստանում քաղաքականություն, բնական գործընթացներ, սահուն առաջընթաց, համերաշխություն, միասնականություն, հաջողություններ ու էլի շատ լավ բաներ չկան։ Եկեղեցաքաղաքական շարժմանը հետևող բոլորն օնլայն հարթակներում հայհոյում են միմյանց, ծաղրում լկտի բառապաշարով։ Վստահաբար, Յութուբում և այլ սոցցանցերում միմյանց սրբություններին հայհոյողների մեջ ընկերներ էլ կան, ովքեր տարբեր քաղաքական հայացքներ ունեն ու ֆեյք անուններով պատահաբար հանդիպել են օնլայն հարթակներում ու ամեն գնով փոխադարձաբար հիշում են միմյանց ծնողներին։

 

Եթե նույնիսկ այսպիսի օրինակներ ամեն տեղ կան կամ բոլոր երկրներում է քաղաքականությունն ու քաղաքական պայքարն այդպիսին, ապա առնվազն այդ պայքարը չպետք է վերնագրվի «փրկություն», «սրբություն», կամ այդօրինակ այլ բառերով, քանզի ազգի տարբեր հատվածների միջև զզվանքի ու ատելության մակարդակը ոչ մի սրբություն չի ճանաչում ու ոչ մի փրկություն էլ չի խոստանում։

 

Դրա մի տխուր օրինակ կար նաև այսօրվա աղետին արձագանքներում։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ի տարբերություն այլ՝ հին ժամանակների, մեզ սկսում են չմիավորել նաև աղետներն ու միասնական, կարեկցող ու սատարող լինելու այլ հրամայականները։ Անկեղծ ասած, չգիտեմ էլ և կարծեմ` ոչ ոք դեռ չգիտի աղետի ծավալներն ու մարդկանց թիվը, ովքեր կարեկցանքի կարիք ունեն, բայց «Սրբազան» անունով պայքարին նվիրված էջում հրապարակումը՝ ամենակարևորի վրա կենտրոնանալու մասին, հավատացեք այդքան էլ սրբազան չէր ու հնչում էր այսպես՝ «հանրահավաքն ավելի կարևոր է տեղի ունեցածից»։ Ընդ որում՝ խոսքն այն հանրահավաքի մասին է, որի նման մի քանիսը թեթև ցրտի, անձրևի կամ ինչ-որ հանդիպման պատճառով արդեն հետաձգվել է։

 

 

Վերլուծական