Ինձ համար ադրբեջանական դրոշն այրելը հերոսություն չէ։ Նախ դա մեր պետությանը վնաս տվեց, կամ եթե մարդ պետք է այդպիսի բան աներ, կարող էր միանգամից այդ ամեն ինչը․․ Ինքն այդ շորերը կարելու համար պետությունից հոնարար է, չէ՞, ստացել։ Կարել է ու վառել է: Միանգամից կարող էր կամ չկարել, կամ կարելու ընթացքում այրել կամ կարող էր ասել՝ ես այդպիսի բան չեմ անում։ Արդեն գումարը վերցրել է, աշխատել է, ինքը հիանալի դիզայներ է, ի դեպ, ես իրեն շատ լավ ճանաչում եմ, իր կարած շորերն էլ մենք ամեն առավոտ հագնում ու Հանրայինով ելույթ ենք ունենում առավոտյան ծրագրում... Շատ զարմացա, որ իրեն տեսա դա անելուց։ Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը։
-Դուք՝ որպես երաժիշտ, կնվագե՞ք այն միջոցառման ժամանակ, որտեղ ադրբեջանական պատվիրակություն ներկա կլինի։
-Այո։ Ես Թուրքիայում էլ եմ շատ նվագել, ադրբեջանցի երաժիշտ ընկերներ էլ ունեմ, մինչև հիմա էլ կապի մեջ եմ հետները։
-Դուք հավատո՞ւմ եք, որ մենք կկարողանանք բարեկամություն անել ադրբեջանցիների հետ, որոնք շարունակում են մեզ սպանել, մեր զինվորների կյանքը խլել։
-Տեսեք, ամբողջ Եվրոպան ժամանակին իրար մորթել է, չէ՞։ Հիմա սահման չունի Եվրոպան, ճի՞շտ է։ Պատկերացրեք՝ մենք ապրում ենք մի շենքում, որտեղ ոչ մի հարևան մյուսին չի սիրում, բայց դա է մեր շենքը, մեզ այդտեղ են բնակարան տվել, այդտեղ ապրում ենք։ Մենք ի՞նչ ենք ուզում անել, անընդհատ կռի՞վ անենք իրար հետ, թե՞ ինչ-որ ձևի փորձենք լեզու գտնել։
-Իսկ ի՞նչ եք առաջարկում, մենք չենք ուզում կռիվ անել, բայց թշնամին պարբերաբար հարձակվում է մեզ վրա, մենք գլուխներս կախ սպասենք, տեսնենք՝ ինչպե՞ս են մեզ կրակում-սպանում։
-Չէ, ես դա, իհարկե, չեմ առաջարկում, բնականաբար։
-Ինչպե՞ս եք տեսնում լուծումը։ Դուք այս իշխանություններին համակրել եք, հիմա էլ, կարծեմ, համակրում եք, ճի՞շտ եք համարում նրանց վարած քաղաքականությունը Ադրբեջանի հետ։
-Դուք քաղաքականացնում եք, ես չեմ ուզում քաղաքականացնել։ Ես էլի եմ համակրում, ես միշտ էլ համակրելու եմ՝ միայն նրա համար, որ այսօր դա է մեր իշխանությունը։
- Այսինքն՝ նախկինում էլ նախո՞րդ իշխանություններին էիք համակրում։
-Ես Ձեզ հիմա ուրիշ, շատ կարևոր բան ասեմ։ Երբ նույն Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի գլխին ինչ ասես բերեց, ասաց՝ Դուք խաղամոլ եք, չգիտեմ ինչ, ես դա էլ չեմ ընդունում։ Չի կարելի այդպիսի բան անել, դու վնաս ես տալիս քո երկրին՝ անկախ քո քաղաքական հայացքներից։
-Պարզապես մեր մշակութային գործիչներից շատերը մշտապես օրվա իշխանության կողքին են լինում՝ անկախ նրանից, թե տվյալ իշխանությունը ինչ է բերում ժողովրդի գլխին։
-Տեսեք, իշխանությունը չի ինձ երաժիշտ սարքել։ Ես Կարեն Դեմիրճյանի ժամանակվանից նվագում եմ ու իմ երկիրն եմ ներկայացնում՝ անկախ իշխանություններից։ Ես իմ գործն եմ անում՝ անկախ նրանից, թե իշխանությունն ով է, ում իմ երկիրն եմ ներկայացնում։ Թուրքիայում էլ եմ ներկայացրել իմ երկիրը, Եվրոպայում էլ եմ ներկայացրել, ԱՄՆ-ում էլ եմ ներկայացրել։ Դա իմ կյանքն է, ես դրանով ապրում եմ, նաև ներկայացնում եմ իմ աշխատանքը, իմ երկիրը։ Մի օր, եթե իշխանությունը փոխվի, ես էլի իմ գործն եմ անելու։
-Իսկ կապ չունի՞ Ձեր վերաբերմունքը նրա հետ, թե ինչ օրի է հասցնում տվյալ իշխանությունը մեր երկիրը, կամ այդ իշխանությունը լա՞վ բան է անում, թե՞ վատ բան է անում։ Այսօր շատերը մեր երկրի դժբախտություններն, օրինակ, կապում են հենց օրվա իշխանությունների հետ։
-Մեկի համար կարող է՝ լավ բան է անում, մյուսի հաամար՝ վատ։ Օրինակ՝ նույն իշխանությունը բոլորին ուզում է բերել հարկային դաշտ, մեկին դա դուր է գալիս, մյուսին դուր չի գալիս։ Հիմա մեկի համար դա լավ բան է, մյուսի համար՝ վատ։
-Իսկ եթե այդ նույն իշխանությունը հանձնում է մեր սուվերեն տարածքները, թշնամուն թողնում է, որ մտնի մեր երկիր, դա լա՞վ է, թե՞ վատ է։
-Դա լավ չէ, իհարկե լավ չէ։ Բայց դա միայն իշխանությունը չի թողնում կամ չթողնում։ Ամեն ինչ գցում ենք իշխանության վրա, բա մե՞նք ինչ ենք անում։ Մեզ ձեռք է տալիս, հասկանո՞ւմ եք։ Մենք հայտնի մեղավոր գտնող ենք՝ մենք չենք, ամեն հարցում ուրիշն է մեղավոր։
-Մենք գուցե մեղավոր ենք նրանով, որ ընտրում ենք այդ իշխանություններին։
-Չէ, մենք շատ ուրիշ բաներում էլ ենք մեղավոր։ Մենք մեղավոր ենք, որ ամբողջ օրը իրար ֆեյսբուքով «ուտում ենք», մենք մեղավոր ենք, որ իրար ճանապարհ չենք տալիս, մենք մեղավոր ենք, որ իրար հետ չենք կարողանում նորմալ, մարդավարի հարաբերվել։ Ոչ թե հայավարի, այլ մարդավարի։ Հայ լինելուց առաջ, նախ մարդ է պետք լինել։ Եթե լավ մարդ չես, քո հայ լինելը ոչ մեկի պետք չէ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ