Հետևեք մեզ։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձեւերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը. Փաշինյանի ուղերձը

09:09, 28 մայիս 2024
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձեւերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը. Փաշինյանի ուղերձը

Հանրապետության տոնի առթիվ Փաշինյանն ուղերձ է հղել, որում ասվում է

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, 

Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը մեր պետական տոնացույցի կարեւորագույն օրերից է: Այն նախ խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, որ շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմամբ: 

Այս օրը խորհրդանշում է նաեւ ժողովրդական իշխանության հաստատումը Հայաստանում, որովհետեւ 1918 թվականի մայիսի 28-ին ունեցանք մի պետական կարգ, որտեղ օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ձեւավորվում է ժողովրդի ընտրությամբ, որտեղ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ կրողը, պետության հիմնադիրը եւ ինքնիշխանը: Սա է հանրապետության գաղափարաբանությունը, որ 1918 թվականին մեր իրականության մեջ հաստատվեց առաջին անգամ: 

Ժողովրդի՝ որպես իշխանության բարձրագույն կրողի հաստատումը շրջադարձային կետ է մեր պատմության համար, եւ խորքային այս հայեցակարգը սեփական ձեռքերով սեփական ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը կառուցելու հնարավորության մասին է: 

Հանրապետությունն այն մասին է, որ ժողովուրդը սեփական ճակատագիրը տնօրինելու, ինքն իր ապրելու կանոնները սահմանելու եւ դա անելու ինքնիշխանությունը սերնդեսերունդ փոխանցելու հայտ է ներկայացնում: 

Սա չափազանց հավակնոտ եւ պատասխանատու առաքելություն է, որը հնարավոր չէ իրականացնել, եթե  պետության հիմնադրմամբ նրա հարատեւությունն ապահովելուն ուղղված մտածողության նոր բանաձեւեր չեն ձեւավորվում:  

Առաջին Հանրապետությունը չունեցավ այսպիսի հայեցակարգային խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն: Այսօր մենք ունենք այդ ժամանակը եւ հնարավորությունը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձեւերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը եւ իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները: 

Մտածողության այդ նոր ձեւերն ու դիտանկյուններն ակնհայտ են դարձնում, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին եւ նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կարողությունն է պետության հարատեւության ապահովման բանաձեւը, կենսունակ լինելու գրավականը: 

Մեր կառավարությունը հենց այս մեթոդով է առաջնորդում Հայաստանի Հանրապետությունը, այն ըմբռնմամբ, որ կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել եւ զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները, ի վիճակի լինել կառուցել ազատություն, անվտանգություն, բարեկեցություն: 

Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է: Բայց նաեւ նրա մասին է, որ ազատությունը բավարար չէ՝ հարկավոր է արդարություն, անվտանգությունը բավարար չէ՝ հարկավոր է խաղաղություն, բարեկեցությունը բավարար չէ՝ հարկավոր է երջանկություն, կենսունակությունը բավարար չէ՝ հարկավոր է կենսախնդություն: 

Զգուշավոր, դժվար, բայց ընթանում ենք հենց  ա՛յս ճանապարհով: Շատերի կարծիքով դանդաղ ենք ընթանում: Իրականում եւ ողջամտորեն արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Մենք ընթանում ենք առանց ընդհատումների եւ հորիզոնում տեսնում ենք բաղձալի նպատակը:

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով: 

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: 

Եւ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»: