Հետևեք մեզ։

Արդարադատության նախարարությունում նույնպես ապագա չկա

16:25, 02 հոկտեմբեր 2024
Արդարադատության նախարարությունում նույնպես ապագա չկա

Իշխանության և հատկապես դրա կուսակցական շրջանակներում քննարկվող ամենաթեժ հարցերից մեկը նույն շրջանակների ճնշման ներքո հրաժարական ներկայացրած Գրիգոր Մինասյանին փոխարինողի հարցն է: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս հարցը քննարկվել է նաև ՔՊ վարչության նիստում:

 

Մեր տեղեկություններով՝ վարչության նիստում քննարկվել են տարբեր թեկնածություններ, շրջանառվել են նաև մասնագիտական լավ որակներ ունեցող, ճանապարհ անցած, արդարադատության ոլորտի քաղաքականության մշակման փորձ ունեցող իրավաբանների անուններ, որոնք, սակայն, կայծակնային արագությամբ մերժվել են, քանի որ թեկնածուները համարվել են չեզոք իրավաբաններ, չեն համարվել քաղաքական թիմի անդամներ ու կուսակցական գործիչներ:

 

Նախարարի հիմնական թեկնածու, վարչության նիստում դիտարկվել է Մինասյանի դեմ արշավի գլխավոր դերակատարներից Արփի Դավոյանը: Այս թեկնածությունն ու, ամենայն հավանականությամբ, արդեն իրողություն դարձող ընտրությունը հաստատելու է գալիս, որ իշխանության համար կաևորը ոչ թե որակն է, արդարադատության ոլորտի ճիշտ ու հիմնավոր, ռացիոնալ քաղաքականությունը, այլ այն, որ հերթական կարևոր պաշտոնը զբաղեցնի քաղաքականացված ու քաղաքականապես իրենց պատկանող մեկը: Իշխանությանը հետաքրքիր չէ, որ արդարադատության նախարար աշխատի ու օրենքների նախագծեր մշակելու համար պատասխանատու լինի դրանք մշակելուց գաղափար ունեցող մեկը՝ իր հերթին ուղղակի բանիմաց մարդկանց ներգրավելու միջոցով: Կարևորն այն է, որ նախարար լինի իրենց պես իրավունքից ու օրենքից հեռու հայտարարություններ անող մեկը, ով աբսուրդ գաղափարն օրենքի վերածելու իրենց կամքին չի հակադրվելու:

 

Պարզից պարզ է, որ իրավաբանությունից հեռու ցանկացածի համար դժվար չէ մշակել ու Ազգային ժողով ներկայացնել աբսուրդի մասին օրենքը, որովհետև նա աբսուրդը դրա հակառակից չի տարբերում և գաղափար չունենալով իրավունքից, ոչ միայն ներքին մասնագիտական խնդիրներ չի ունենա դրանք մշակելիս ու Ազգային ժողովում ներկայացնելիս, այլ նաև չի ամաչի այլ իրավաբաններից խայտառակություններ հեղինակելու համար: Այս առումով, Արփի Դավոյանն իսկապես լավ թեկնածու է:

 

Ուսումնասիրելով Արփի Դավոյանի կենսագրությունը՝ պարզում ենք, որ նա արդարադատության հետ կապ ունի միայն այնքանով, որքանով Արփի և արդարադատություն բառերը սկսվում են  «ա»  տառով: Արփի Դավոյանը ստացել է մանկավարժական ու հոգեբանական կրթություն, աշխատել է որպես հաշվապահի օգնական, ապա հաշվապահ, և պատգամավորության տարիներին ստացել է նաև քաղաքագիտության բնագավառի դիպլոմ: Ազգային ժողովում էլ Արփի Դավոյանը զբաղվում է առողջապահության ոլորտի խնդիրներով, եթե, իհարկե, զբաղվում է, հանդիսանում է այդ հանձնաժողովի անդամ: Այո, ոչ մի կապ արդարադատության, արդարության ու այդ ոլորտի քաղաքականության հետ: Եվ սա դրսևորումն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ու հետընտրական խոստումների, որ պետական կառավարմանը պետք է ներգրավվեն բանիմաց մարդիկ: Արդարադատության նախարարությունում ոչ միայն ապագա, այլ նաև դրա հույսը չկա…