Հետևեք մեզ։

Դատախազը միջնորդեց Վազգեն Մանուկյանին դատապարտել 500 հազար դրամ տուգանքի

17:54, 17 ապրիլ 2023
Դատախազը միջնորդեց Վազգեն Մանուկյանին դատապարտել 500 հազար դրամ տուգանքի

Այսօր տեղի ունեցավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում մեղադրող դատախազ Արմեն Գևորգյանն ընթերցեց իր մեղադրական ճառը։ Դատախազը միջնորդեց դատարանին՝ Վազգեն Մանուկյանին մեղավոր ճանաչել վերագրվող արարքում և նրան դատապարտել 500 հազար դրամ տուգանքի:  

 

Մանուկյանի պաշտպանական կողմը, սակայն, այն կարծիքին է, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցել են սխալ հոդվածով։ Վազգեն Մանուկյանն ինքն էլ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նույնը ասաց․ «Դատել, ինձ թվում է, անիմաստ է, որովհետև չի համապատասխանում այդ հոդվածին, չդատելն էլ այնքան էլ ձեռնտու չէ իշխանություններին»։

 

Հիշեցնենք, Վազգեն Մանուկյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում ընդդիմության անցկացրած հանրահավաքների ժամանակ, ինչպես նաև փետրվարի 26-ին՝ Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել, ինչն էլ հիմք է հանդիսացել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ