ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մտահոգությամբ է ընդունել ապրիլի 14-ին Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի պետական դրոշի հետ կապված միջադեպը: Նախարարությունն այդ առթիվ հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Որպես Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը հյուրընկալող կողմ լուրջ մտահոգությամբ ենք ընդունել ապրիլի 14-ին առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի հետ կապված միջադեպը: Միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից:
Միաժամանակ, ափսոսանքով ենք արձանագրում Ադրբեջանի թիմի՝ առաջնությունը լքելու վերաբերյալ կայացրած որոշումը և հավելում, որ անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի եղել, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի սկզբանե ապահովել է և շարունակում է ապահովել անվտանգության բոլոր չափանիշներն առաջնության մասնակից պատվիրակությունների համար: Կառավարությունը հավատարիմ էր լրացուցիչ անվտանգային միջոցառումներ ապահովելու ադրբեջանցի մարզիկների համար նախկինում իր կողմից ստանձնած պարտավորությանը: Դրա վկայությունն այն է, որ գրեթե երկու օր ադրբեջանցի մարզիկներն անվտանգ և ապահով գտնվել են Հայաստանում, իսկ առաջնությունը լքելու որոշումն ընդունելուց հետո համապատասխան ծառայություններն ապահովել են նրանց անվտանգ մեկնումը:
Այս առաջնությանը պատրաստվելիս Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է մեծածավալ աշխատանք և նշանակալի ներդրումներ: Կացության, մարզումների, մրցումների պայմանները, տեխնիկական ապահովումը, հեռուստատեսային ցուցադրությունը, նախադեպը չունեցող բացման արարողությունն ամենաբարձր գնահատականի են արժանացել մեր միջազգային գործընկերների կողմից: Բազմաթիվ արձանագրումներով՝ Հայաստանում անցկացվող Եվրոպայի այս առաջնությունն իր կազմակերպմամբ վստահորեն կարող է մրցել աշխարհի առաջնությունների կազմակերպման հետ: Համոզված եմ, որ մրցաշարի ավարտից հետո կկարողանանք արձանագրել, որ Հայաստանը կարող է հավակնել կազմակերպելու ավելի մեծ մրցաշարեր, այդ թվում՝ աշխարհի առաջնությունը»: