Երկու մաս կարող եմ առանձնացնել՝ էմոցիոնալ և մասնագիտական: էմոցիոնալ առումով, իհարկե, չեմ պատասխանի հարցին, որովհետև մասնագիտական էթիկայի կանոններով եմ սահմանափակված: Մասնագիտական առումով կասեմ, որ մենք իրականում նախ պետական մարմիններից ենք պարզաբանումներ պահանջել, որպեսզի հասկանանք, թե խնդիրն ինչն է եղել: Ես ինքս նաև պատրաստվում եմ խոսել եկեղեցու հետ՝ հասկանալու համար ընդհանուր խնդիրները: Կարևոր է երկու կողմին լսել, հասկանալ հարցերը:
Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, պատասխանելով Սարդարապատում Վեհափառ Հայրապետի նկատմամբ ոստիկանության գործողությունների մասին հարցին։
Մանասյանը նաև նշեց, որ որպես ՄԻՊ, իր համար չափազանց կարևոր է հրապարակային խոսքում ունենալ այնպիսի հավասարակշռված դիրքորոշում, որը յուրաքանչյուր կրոնական համոզմունք ունեցողներին, այդ թվում՝ աթեիստներին, կցուցաբերի ընդհանուր պաշտպանվածություն, և ցանկացած անձ, որն ունի ցանկացած տեսակի կրոնական համոզմունք, կզգա, որ այդ թվում ՄԻՊ տեսանկյունից պաշտպանված է։
Հարցին, թե ինքն աթեիստ է, Մանասյանն ասաց․ «Ոչ, ես Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, յուրաքանչյուր շաբաթ այցելում եմ եկեղեցի։
Անահիտ Մանասյանը նշեց, որ մի կարևոր հանգամանք կա, որն ինքը կցանկանար արձանագրել: «Այն, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմական դերակատարությունը մեր Սահմանադրությունը, ըստ էության, ինքնին ամրագրել է, և շատ կարևոր է, որ պետության և եկեղեցու փոխհարաբերությունները ներդաշնակ լինեն, կարծում եմ՝ այդ ներդաշնաակությունը խաթարված է միանշանակ։ Մենք դա բոլորս տեսնում ենք. չտեսնել այդ ամենը չի կարելի: Կարծում եմ՝ թե՛ եկեղեցին, թե՛ պետությունը, պետք է, իրենց վերաբերելի բոլոր գործիքակազմերը կիրառելով, փորձեն ներդաշնակություն ձևավորել այդ հարաբերություններում: Ես, որպես ՄԻՊ՝ ապաքաղաքական մարմին, պատրաստ եմ այդ կամուրջը հանդիսանալ բոլոր հնարավոր խնդիրները լուծելու տեսանկյունից»,-ասաց նա։
Հարցին, թե երբ նշում է՝ պետության ու եկեղեցու հարաբերությունները խաթարված են, իշխանությանը նկատի ունի՞, որովհետև պետթույան մեջ նաև մարդիկ են, որոնց հարաբերությունները եկեղեցու հետ խաթարված չեն։
Մանասյանն ասաց, որ պետության սահմանումը բացատրելը մի ամբողջ դասախոսություն կպահանջի։