Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման վերաբերյալ հարցին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բադասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի: Այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, կարծում եմ, որ այդտեղ ավելորդ չէ մտածել: Եթե, օրինակ, հավատացյալը ցանկանում է որոշակի հանգանակություն անել առանց հասցեավորման, խնդիր չեմ տեսնում: Խնդիր տեսնում եմ վաճառքի մեջ, եթե ինչ-որ բան վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, կարծում եմ՝ ակնհայտ է, որ պետք է հարկվի»:
Անդրադառնալով հարցին, թե մոմ վաճառելու համար եկեղեցին պե՞տք է հարկ վճարի՝ ՊԵԿ նախագահը կրկնեց՝ այն, ինչ վաճառվում է, կարծում են, որ պետք է հարկվի:
Բադասյանը տեղեկացրեց նաև, որ Հարկային օրենսգրքով սահմանված են արտոնություններ, օրինակ, որոշակի ծիսական պարագաների օտարման մասով, սահմանված են նաև անշարժ գույքի հարկի արտոնություններ: Արտոնությունները սահմանվել են տարբեր պատճառներով: «Եթե կրոնական նպատակներով է որևէ գործունեություն իրականացվում, կարող է դրա հետ կապված լինել: Եվ կարծում եմ, որ պետք է տարանջատել, թե որն է կրոնական նպատակներով իրականացվում, որն է որոշակի վճարովիություն ենթադրում»,–ասաց ՊԵԿ նախագահը: