Լոռու ու Տավուշի մարզերում ջրհեղեղից մոտ տասը օր անց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը երևացել է հանրությանը։ Այդ կարևոր պաշտոնը զբաղեցնող Ղազարյանի շուրջ հետաքրքիր զարգացումներ կան, որոնք ստվերում են մնում նաև այն պատճառով, որ առաջին պլանում են հայտնվում, օրինակ, նրա տեղակալները, որոնք, բնականաբար, գործում են Վահե Ղազարյանի ցուցումով։
Վերջին շրջանում, երբ բազմաթիվ գործոններով պայմանավորված ներքաղաքական իրավիճակը լարված է, այդ իրավիճակում իր առանցքային դերն ունի Ներքին գործերի նախարարությունը։
Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ոստիկանությունը առաջնային պլանում է։ Նախ` այդպես է միշտ և բոլոր իշխանությունների օրոք․ երբեմն գործողություններն ու կիրառած ուժը բոլոր ժամանակներում իրար համեմատելի է, երբեմն բացարձակ անհամեմատելի, բայց ցանկացած դեպքում ներքաղաքական զարգացումների ժամանակ ոստիկանությունն անում է այն, ինչ հիմա, հետո ևս այդպես է լինելու: Եվ, ի տարբերություն կառույցի առաջնային օղակում լինելուն, Վահե Ղազարյանը չկա։
Ավելին, ընդդիմադիր շարժումը հարցեր ունի հենց Վահե Ղազարյանին։ Վահե Ղազարյանը, ի տարբերություն՝ օրինակ Միրզոյանի, ոչ թե պատրաստ չէր հանդիպել ՆԳՆ շենքի մոտ գնացած Բագրատ Սրբազանին, այլ պատրաստ էր ընդունել նրան, միայն թե առանձին ու առանց լրատվամիջոցների։
Այս նույն օրը չափազանց հետաքրքիր զարգացում գրանցվեց․ երբ շարժման անդամները ՆԳՆ շենքի մուտքի մոտ էին, ժամը 14։00-ին Վահե Ղազարյանը պետք է ներկայանար ԱԺ՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, օրենքի պահանջն է, պետք է կառույցի ղեկավարը ներկայանա ԱԺ, բայց պարզվեց՝ Վահե Ղազարյանը կրկին չգնաց ԱԺ, և ուղարկել էր իր տեղակալ Արփինե Սարգսյանին։
ԱԺ-ում Արփինե Սարգսյանը հայտնեց, որ ՆԳՆ շենքից դուրս է եկել՝ ցուցարարների մոտից՝ միակ ու մշտական մուտքով։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույնը չէր արել Վահե Ղազարյանը, այլ դա դրել էր իր կին տեղակալի ուսերի վրա, սա հո Վահե Ղազարյանի՞ որոշելիքն է, ոչ թե Արփինե Սարգսյանի, իսկ միգուցե Վահե Ղազարյանին ձեռնտո՞ւ է հատկապես լարված իրավիճակներում թաքնվել Արփինե Սարգսյանի թիկնունքում, չներկայանալ ԱԺ, խուսափել պատասխանել իր ղեկավարած կառույցին վերաբերող հարցերին։ Դե, տարբերակն էլ կա․ ոչ ոք չի ֆիսքում, որ այդ ամենը տեղի է ունենում իր որոշմամբ։
Մամուլն առհասարակ գրում է, որ Արփինե Սարգսյանը ցանկանում է ՆԳ նախարար դառնալ, ոչ հարթ հարաբերություններ են նախարարի և նրա տեղակալի միջև, ինչը, սակայն Սարգսյանը բազմիցս հերքել է, փակ հանդիպումների ժամանակ Վահե Ղազարյանը ևս։ Ճշմարտությանը տիրապետում են իրենք, բայց այդ խոսակցություններին նպաստում է նաև փոխնախարարի ակտիվությունը, բայց այստեղ կարևոր հանգամանք կա՝ ո՞վ է որոշում, որ այս կամ այն վայրում, Կառավարության նիստին, Ազգային ժողովում պետք է ներկայանա Արփինե Սարգսյանը, ներկայանա նախարարի փոխարեն ու դառնա հարցերի պատասխանատուն, դա որոշողը միայն Վահե Ղազարյանն է, հետևաբար առաջանում է հարց՝ ինչու՞ է այդպես որոշում Վահե Ղազարյանը։
Մեկ այլ հատկանշական նկատառում ևս․ ԱԺ չներկայանալու հաջորդ օրը կառավարության նիստն էր, ՆԳ նախարարը կրկին չկար, նրա աթոռը թափուր էր։ Տեղեկությունները, որ հնարավոր է հարգելի պատճառով Վահե Ղազարյանը բացակայում է երկրից, նույն ՆԳՆ աղբյուրները հերքեցին։ Ստացվում է, քիչ, թե շատ լարված իրավիճակներում, Վահե Ղազարյանը խուսափում է երևալ հանրությանը, լինել որևէ վայրում, որտեղ նրան հնարավոր է հարցեր ուղղվեն։
Իսկ հաճախ, երբ ծավալուն նախագիծ պետք է ներկայացնել Կառավարությանը, նիստերին կրկին ներկայանում է Արփինե Սարգսյանը, և կրկին ու բնականաբար նախարարի որոշմամբ։
Վարկածը, որ Վահե Ղազարյանը գտել է չերևալու ձևը, տեղ-տեղ էլ լավամարդ երևալու ձևը, առնվազն գոյություն ունենալու իրավունք ունի, շատ խորանալու դեպքում անգամ հաստատվելու հիմք։