Հետևեք մեզ։

Հայկական կողմն է առաջարկել, որ կցվեն ԽՍՀՄ քարտեզները, բայց այստեղ հասնում ենք ամենաբարդ խնդրին՝ ԼՂ-ին. Փաշինյան

12:56, 18 ապրիլ 2023
Հայկական կողմն է առաջարկել, որ կցվեն ԽՍՀՄ քարտեզները, բայց այստեղ հասնում ենք ամենաբարդ խնդրին՝ ԼՂ-ին. Փաշինյան

Ադրբեջանի հետ հարաբերություններում ամեն ինչ շատ բարդ են: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է ու մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ:


«Ադրբեջանը դառնում է կամ դարձել է էներգետիկ ու  լոգիստիկ խաչմերուկ ու նրա կարևորությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ որոշ արևմտյան երկրների համար մեծացել է:


Այս իրավիճակը և՛ ռիսկեր ունի, և՛ հնարավորություններ: Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունը թերևս այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է և դրանում ոչ պակաս կարևոր է Հայաստանի ու Վրաստանի դերը: Այս համատեքստում տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս  Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, որովհետև, եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է պրոբլեմ դառնալ թե՛ Ռուսաստանի, թե՛Արևմուտքի համար», - նշեց նա:


Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ իր անկեղծ մղումն է՝ ամեն հնարավորը անել Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար:


«Բայց դրա համար անհրաժեշտ է առերեսվել մի շարք խնդիրների հետ: Հայաստանի և  Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց որոգայթների և երկիմաստությունների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն ու պարտավորվեն այսօր ու երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել: Իրականում, Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել ենք Պրահայում ու Սոչիում, այդուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը  մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ: Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն», - հայտարարեց վարչապետը:


Փաշինյանը նշեց՝ Ադրբեջանի այն պնդումները, թե ՀՀ-ն հրաժարվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, չի համապատասխանում իրականությանը և հիշեցրեց, որ
հայկական կողմն է առաջարկել, որ խաղաղության պայմանագրին կցվեն հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների` ԽՍՀՄ կողմից պատրաստված քարտեզները` որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք։ 

«Բայց այստեղ է, որ հասնում ենք ամենաբարդ խնդրին՝ ԼՂ-ին: Կա մի խնդիր, որը 16 տարում խիստ հրատապ է եղել, բայց դրան այդպես էլ անդրադարձ չենք կատարել: Մենք սովորաբար անդրադարձ ենք կատարել ԼՂ ապագային, բայց կարևոր է իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ:


ԼՂ հակամարտության ողջ ընթացքում ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները դրվել են կողք-կողքի: Այս համատեքստում ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն կարգավիճակը վերանայելու հարց ես դնում: Դա տեսականորեն կարող է նշանակել Ա կարգավիճակը վերանայել և դարձնել կարգավիճակ Բ, կամ վերանայել և չփոխել, կամ վերանայել ու դարձնել Ա+1 կամ Ա-1 կարգավիճակ:


Առանց ֆիքսելու Ա կարգավիճակը, որը ուզում ես զարգացնել և դարձնել Բ կարգավիճակ, ապագա որեւէ կարգավիճակի, այսինքն՝ ինքնորոշման մասին խոսք լինել չի կարող: Եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, ուրեմն ինչ-որ մի բանի մաս ես: Հիմա ինքներս սեփական ձեռքերով բանակցային, քաղաքական այս իրողություն ստեղծել ենք, ոչ միայն ստեղծել ենք, այլև ցեմենտել ենք, բայց դրանից հետո ասել ենք, որ ԼՂ-ի համար ուզում ենք Բ կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք հրապարակային չենք ընդունել Ա կարգավիճակը: Սրանով խաբել ենք ինքներս մեզ և ԼՂ ժողովրդին»,-հայտարարեց Փաշինյանը:


Նա նշեց՝ կարևոր է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագիրը երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն. «Հակառակ դեպքում՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ»: