Գործադիրը սահմանել է Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավակարգավորումը հնարավորություն կընձեռի հետագայում գնահատել և կառավարել հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը։ Կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ներթափանցման ռիսկերի կառավարման արդյունքում կկանխվի բռնկումը և տարածումը, ինչպես նաև՝ կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից՝ բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներմուծման համար, կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։
Բացի այդ, հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները կլինեն առավել արդյունավետ, որը կխթանի տնտեսավարողների շրջանում անասնապահության զարգացմանը:
Կարգի համաձայն՝ այդ դեպքերով գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին տրամադրվող փոխհատուցումը հաշվարկվում է գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված մսեղիքի միջին գնի 55 տոկոսի չափով։