Հետևեք մեզ։

Կենսաթոշակները կբարձրանան հուլիսի 1-ից. Նիկոլ Փաշինյան

14:30, 18 ապրիլ 2023
Կենսաթոշակները կբարձրանան հուլիսի 1-ից. Նիկոլ Փաշինյան

 

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթում անդրադարձել է 2022 թվականի եւ 2023 թվականի առաջին եռամսյակի արձանագրած տնտեսական ցուցանիշներին:

«2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, ինչը աննախադեպ է վերջին 15 տարիների համար: Սա նշանակալի աճ է, եւ համաձայն Արժութի միջազգային հիմնադրամի տվյալների՝ աշխարհի բոլոր երկրների մեջ Հայաստանն իր տնտեսական աճով չորրորդն է: Ուզում եմ ընդգծել, որ 2021 թվականին մեկ շնչին ընկնող՝ 4679 ԱՄՆ դոլար ՀՆԱ-ն 2022 թվականին դարձել է 6569 ԱՄՆ դոլար: Սա էական աճ է: Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի նաեւ փոխարժեքը, բայց փոխարժեքը միակ գործոնը չէ: Մյուս կողմից էլ՝ փոխարժեքը, հայկական դրամի գնողունակության աճը եւ արժեքի աճը նույնպես էական տնտեսական գործոններ են, որի ազդեցությունների մասին խոսելու առիթ, իհարկե, կունենանք:

2022 թվականի տնտեսական հաջողությունը մեզ մղում է ավելի արագացնել այն բարեփոխումները, որ մեր օրակարգում են, որպեսզի կարողանանք սպասարկել աճի ավելի բարձր ուղեծիր եւ ամրապնդել այսօրվա մեր տնտեսական ձեռքբերումները, ստեղծել ամուր հիմք՝ հաջորդ տարիներին տարեկան 7 տոկոս տնտեսական աճի համար։

Պետք է ընդգծել, որ 2022 թվականի տնտեսական աճը տեղի է ունեցել մի միջավայրում, որտեղ բազմաթիվ ներդրողներ, ի հեճուկս արտաքին մարտահրավերների, նախընտրել են Հայաստանում ստեղծել կամ մեր երկիր տեղափոխել իրենց ընկերությունները: Տեղական ներդրողները, նաեւ օգտվելով Կառավարության աջակցության ծրագրերից, ապահովել են ներդրումների բավական բարձր մակարդակ։ 2022 թվականին մեր երկրում ստեղծվել է ավելի քան 12 հազար ընկերություն եւ 25 հազար անհատ ձեռնարկություն, կատարված ընդհանուր ներդրումների ծավալի նախնական գնահատումը կազմում է 1 տրլն 688 մլրդ ՀՀ դրամ կամ ՀՆԱ մոտ 20 տոկոսը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը համարյա եռապատկվել է, դարձել գրեթե 1 մլրդ ԱՄՆ դոլար՝ շոշափելիորեն աճելով 2021 թվականի եւ նախորդ բոլոր տարիների նկատմամբ։ Այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Հայաստանի համար։ Կարեւոր է ընդգծել, որ հաշվետու տարում Հայաստան են մուտք գործել մի շարք գլոբալ ընկերություններ, ինչը չափազանց կարեւոր է մեր երկրի տնտեսական կերպարի համար:

 

Այս իմաստով էական է նաեւ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը: 2022-2026 թվականների՝ կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված էր 2022 թվականին այդ ցուցանիշը հասցնել 60,5 տոկոսի, իսկ 2026 թվականին՝ 53,8 տոկոսի, մինչդեռ 2022 թվականի արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշն արդեն իսկ նվազել է 50 տոկոսից՝ կազմելով 46,7 տոկոս։ Իհարկե, այստեղ նույնպես փոխարժեքը մեծ դեր ունի, բայց նաեւ փոխարժեքը մեզ հնարավորություն է տալիս ավելի էֆեկտիվ կառավարել արտաքին պարտքը: Եւ սա ստեղծում է լրացուցիչ «կայունության պաշար»՝ հնարավոր հետագա ռիսկերին դիմակայելու համար։

 

Պիտի հատուկ անդրադառնամ 2022 թվականի բյուջետային ցուցանիշներին:

 

2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ ՀՀ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավելի է 768 մլրդ ՀՀ դրամով կամ 2 մլրդ 20 մլն ԱՄՆ դոլարով կամ 66.3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 մլրդ ՀՀ դրամով կամ 1 մլրդ 820 մլն ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով: Այստեղ ե՛ւ դրամն եմ հատուկ նշում, ե՛ւ դոլարը, ե՛ւ աճի տոկոսը, որպեսզի հասկանալի լինի, որ այստեղ ոչ միայն փոխարժեքային էֆեկտներն են, այլեւ հենց դրամով 66.3 տոկոսով բյուջեի հարկային եկամուտներն աճել են, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ աճը 670 մլրդ ՀՀ դրամ, կամ 1 մլրդ 820 մլն ԱՄՆ դոլար, կամ 53 տոկոս:

 

2022 թվականին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճը: Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 հազար աշխատատեղ: Սա նշանակում է, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 156 հազար 431 աշխատատեղ:

 

2022 թվականին գործազրկությունը նվազել եւ կազմել է 13 տոկոս՝ 2018-ի 19 տոկոսի համեմատ: 2022 թվականի երրորդ եռամսյակում, ընդ որում, գործազրկության մակարդակը կազմել է 116 տոկոս, որը վերջին 14 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է։

 

2022 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց հիպոթեքային վարկի տոկոսների գծով վերադարձվել է 36.5 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ, որը 2017 թվականի ցուցանիշը գերազանցում է 34.8 մլրդ ՀՀ դրամով կամ շուրջ 1409 տոկոսով:

 

Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկների համաձայն` 2022 թվականին մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 235 հազար 576 ՀՀ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 62 հազար 849 ՀՀ դրամով կամ 36 տոկոսով, իսկ 2021 թվականի ցուցանիշը՝ 31 հազար 528 դրամով կամ 15,5 տոկոսով: Սա կարեւոր ցուցանիշ է, որն ի ցույց է դնում 2022 թվականի 8,6 տոկոս գնաճը հակակշռելու քաղաքականության արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ 1 աշխատատեղին բաժին ընկնող միջին ամսական աշխատավարձի աճը գնաճից ավելի է շուրջ 80,2 տոկոսով:

 

Ես ուզում եմ մենք վերադառնանանք 2022 թվականի փետրվար եւ արձանագրենք, որ մեր մեծագույն մտահոգություններից մեկն այն էր, որ հիմա այնպիսի գնաճ տեղի կունենա, որը շատ լուրջ սոցիալական ցնցումներ կառաջացնի: Եւ գնաճն, իրոք, տեղի ունեցավ, բյուջեով նախատեսված մաքսիմումից, ըստ էության, կրկնակիից ավելի գնաճ ունեցանք, բայց արդյունքում շատ ավելի մեծ աշխատավարձի աճ արձանագրեցինք: Մյուս սոցիալական ծրագրերին ես կանդրադառնամ առաջիկայում:

 

Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել առողջապահության ոլորտին վերաբերվող հետեւյալ տվյալը. 2022 թվականին պետական պատվերի շրջանակում փոխհատուցված՝ հիվանդանոցային եւ դժվարամատչելի հետազոտությունների, բժշկական օգնության ու սպասարկման դեպքերի թիվը կազմել է 786 հազար 864։ 2017 թվականի համեմատ՝ սպասարկված դեպքերի թիվն աճել է 437 հազար 568 դեպքով կամ 125 տոկոսով, այսինքն՝ ավելի քան կրկնապատկվել է: Սա այն թիվն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետական բյուջեի միջոցների հաշվին տարբեր ծրագրերով օգտվել են ամենատարբեր առողջապահական ծառայություններից: Եւ այդ թիվը նշանակում է, որ 2022 թվականին՝ 2017 թվականի համեմատ, ամեն օր Հայաստանի Հանրապետության քաղաքացին 1198 դեպքով ավելի շատ է բժշկական հետազոտության, վիրահատության կամ այլ բժշկական օգնություն ստացել պետական բյուջեի հաշվին: Այս առումով ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս 44-օրյա պատերազմից առաջ մեր կայացրած որոշումով զինծառայողների ընտանիքի անդամները, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների ծնողները դարձան եւ այսօր էլ շարունակում են մնալ առողջապահության պետպատվերի շահառու: Իսկ 2020 թվականից հետո մենք սոցիալական այս որոշակի խմբի պետպատվերով սպասարկումը դարձրեցինք առանց հերթի:

 

Մեկ ուրիշ կարեւոր ցուցանիշ. գիտության ոլորտի, ներառյալ ռազմարդյունաբերության ֆինանսավորումը 2022 թվականին բացարձակ արժեքով կազմել է 29,7 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ` 2021 թվականի նկատմամբ ավելի է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամով կամ 50,5 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 15,5 մլրդ ՀՀ դրամով կամ 108 տոկոսով: Այսինքն՝ 2017 թվականի համեմատ գիտության, ներառյալ ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կրկնապատկվել է: 2022 թվականին գիտական ոլորտի 2589 աշխատողների աշխատավարձը բարձրացել է 66-ից 166 տոկոսով, ինչը Հայաստանի ապագայի գործում կարեւոր ներդրում է: Ուզում եմ հիշեցնել, որ այս ծրագիրը՝ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը, շարունակվելու է մինչեւ 2025 թվական, այսինքն՝ բարձրացված աշխատավարձերը նորից են բարձրանալու՝ 2021 թվականի համեմատ 105-ից 300 տոկոսով, իսկ 2589 աշխատողները պետական գիտական հաստատություններում աշխատողների 80 եւ ավելի տոկոսն են, որոնք անցել են ատեստավորում, այսինքն՝ սկզբից ատեստավորում, հետո աշխատավարձի բարձրացում։

 

Հարգելի ներկաներ,

 

Ուզում եմ անդրադառնալ եւս մեկ ցուցանիշի, որն այսօր պիտի հրապարակեմ առաջին անգամ: Ասելու կարիք չկա, թե Հայաստանի զարգացման համար ինչքան կարեւոր է տարածքային համաչափ զարգացումը: Եւ 2022 թվականի արդյունքները ամփոփելով՝ արձանագրեմ, որ վերջին հինգ տարվա ընթացքում Կառավարությունը մարզերում իրականացրել է աննախադեպ չափերի ուղիղ ներդրումներ: Պետական բյուջեից մարզերում իրականացված ներդրումները 2022 թվականին կազմել են 145 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ մոտ 335 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2018-2022 թվականների ընթացքում՝ շուրջ 561 մլրդ ՀՀ դրամ կամ 1.2 մլրդ ԱՄՆ դոլար: Սա մարզերին է վերաբերում: Մեր մարզերում այս ծավալի ներդրումներ չեն իրականացվել ոչ միայն նախորդող որեւէ հնգամյակում, այլեւ նախորդող որեւէ տասնամյակում, նույնիսկ տասնհինգամյակում՝ հնարավոր է: Այս ծրագրերով կառուցվել եւ նորոգվել են ջրագծեր, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ամբուլատորիաներ, անցկացվել է լուսավորություն, կառուցվել, նորոգվել կամ հիմնանորոգվել են ավտոճանապարհներ:

 

Մյուս կողմից, պիտի արձանագրեմ, որ վերջին հինգ տարիներին միայն սուբվենցիոն ծրագրերով Կառավարությունը շուրջ 52 մլրդ ՀՀ դրամի կամ 112 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է արել մարզերում, եւ այս թիվը չի ներառում սուբվենցիոն ծրագրերում համայնքների ներդրման չափաբաժինը: Այսինքն՝ 2018-2022 թվականներին՝ մարզերում ավելի քան 100 մլրդ ՀՀ դրամի կամ 240 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվել միայն սուբվենցիոն ծրագրերով:

 

Մեր քաղաքական կարեւոր հանձնառություններից մեկը՝ հայկական ավիացիայի վերածնունդը, այլեւս իրագործված է: 2022 թվականին հայկական ավիաընկերությունների կողմից շուրջ 951 հազար ուղեւոր է փոխադրվել, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 1241 տոկոսով կամ 12.4 անգամ: 2022 թվականի արդյունքներով՝ հայկական ավիաընկերությունները տիրապետում են մեր օդային ուղեւորափոխադրումների շուկայի շուրջ 25 տոկոսին, իսկ ոլորտում ստեղծվել է շուրջ 500 նոր աշխատատեղ: Հայաստանցի օդաչուները, որ երկար տարիներ մեր երկրում մասնագիտական աշխատանք գտնելու գործնական հնարավորություն չունեին, վերադառնում են Հայաստան, որովհետեւ հայկական ավիաընկերություններում բացվել են, ինչպես արդեն նշեցի, բազմաթիվ աշխատատեղեր:

 

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

 

Հարգելի փոխնախագահներ,

 

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

 

Կառավարության հարգելի անդամներ,

 

Հարգելի լրագրողներ,

 

Սիրելի երեխաներ,

 

Սիրելի ժողովուրդ,

 

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ տնտեսական առումով լավատեսական են նաեւ 2023 թվականի մեկնարկային ցուցանիշները: Հունվար-փետրվարի արդյունքներով՝ շարունակում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ ունենալ՝ 10.9 տոկոս: Առաջին եռամսյակի բյուջետային եկամուտները գերակատարվել են շուրջ 14 մլրդ ՀՀ դրամով: Կարեւոր է արձանագրել նաեւ, որ այս տարվա առաջին եռամսյակի հարկային եկամուտները 2018 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում են 221.5 մլրդ ՀՀ դրամով կամ 92.3 տոկոսով: Իսկ եթե հաշվի չառնենք եկամտային հարկի գծով վերադարձված գումարները, այս թիվը 2018 թվականի առաջին եռամսյակի համապատասխան ցուցանիշը գերազանցում է շուրջ 234 մլրդ ՀՀ դրամով կամ 97.2 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականի առաջին եռամսյակի բյուջետային հարկային եկամուտները գրեթե կրկնապատկել ենք:

 

2023-ի առաջին եռամսյակում քաղաքացիներին եկամտային հարկի վերադարձի գումարները՝ 2018 թվականի համեմատ, գերազանցում են շուրջ 12.5 մլրդ ՀՀ դրամով կամ 1417 տոկոսով, իսկ 2017 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը` շուրջ 12.9 մլրդ ՀՀ դրամով կամ 2573 տոկոսով:

 

Սա բարձրաձայնում եմ արձանագրելու համար, որ մենք հարկեր ոչ միայն ավելի շատ հավաքում ենք, այլեւ շատ վերադարձնում քաղաքացիներին: Եւ եթե հարկեր հավաքելու մեր ցուցանիշները նախկինից ավելի են երկնիշ տոկոսներով, ընդհուպ մոտենում են եռանիշին, հարկերը վերադարձնելու ցուցանիշները եռանիշ եւ քառանիշ տոկոսներով են տարբերվում:

 

Հավաքված հարկերը քաղաքացիներին վերադարձնելու կարեւոր ուղղություններից մեկը կենսաթոշակներն են, եւ տեղյակ եք, որ կենսաթոշակների 2023 թվականի հունվարի 1-ից նախատեսված բարձրացումը մենք իրականացրինք 2022 թվականի սեպտեմբերից, այսինքն՝ 4 ամիս նախատեսվածից ավելի շուտ՝ հենց նկատի ունենալով բյուջետային բարենպաստ պայմանները: Այդ բարձրացման եւ 2022 թվականի բարձրացումների շնորհիվ մեր երկրում նվազագույն կենսաթոշակն աճեց 19 տոկոսով՝ 26 հազար 500 դրամից դառնալով 31 հազար 600 դրամ: Իհարկե, բացարձակ թվերը մեծ չեն, բայց մենք ավելացնում ենք եղածի վրա: Նաեւ աճեց նվազագույն կենսաթոշակի եւ պարենային զամբյուղի արժեքի հարաբերակցությունը՝ կազմելով 76 տոկոս՝ 2018 թվականի 66 տոկոսի փոխարեն: Գիտեք, որ կենսաթոշակների բարձրացում տեղի է ունենալու նաեւ այս տարվա հուլիսի 1-ից:

 

Բայց կենսաթոշակի ոլորտում մենք ներդրել ենք ոչ միայն ֆորմալ, այլեւ ոչ ֆորմալ բարձրացումների մեխանիզմ, եւ դա տեղի է ունեցել որոշակի ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ: 2022-2023 թվականներին տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում հանրապետության բոլոր քաղաքների եւ հազարից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերի շուրջ 498 000 թոշակառուներ իրենց թոշակներն ստանում են անկանխիկ եղանակով, սա թոշակառուների ընդհանուր 85 տոկոսն է: Զուգահեռ մենք արեցինք հաջորդ քայլը, եւ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվել «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը», որի իմաստը հետեւյալն է. կենսաթոշակառուների եւ նպաստառուների կողմից անկանխիկ առեւտրի 10 տոկոսի չափով հետվճար է իրականացվում, այսինքն՝ կենսաթոշակից կամ նպաստից իրականացված անկանխիկ առեւտրի 10 տոկոսը Կառավարության եւ բանկերի կողմից վերադարձվում է քաղաքացիներին:

 

Ու որպեսզի անկանխիկ առեւտրի իրական հնարավորություն ստեղծվի հանրապետության բոլոր կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար, Կենտրոնական բանկը եւ Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարվա հուլիսից էականորեն ակտիվացրին ՊՈՍ տերմինալների ցանցի ընդլայնման աշխատանքը: Գիտեք՝ սրանք այն սարքերն են, որոնք հնարավորություն են տալիս անկանխիկ առեւտուր անել խանութներում: Արդյունքում շատ կարեւոր ինստիտուցիոնալ զարգացում ունեցանք. եթե 2022-ի հուլիսի 1-ին հանրապետության ակտիվ ՊՈՍ տերմինալները կազմում էին 22 հազար 293 հատ, 2023-ի փետրվարին դարձել է 70 հազար 267: Այսինքն, այս փետրվարի դրությամբ 2022-ի հուլիսի նկատմամբ գործող ՊՈՍ տերմինալների թիվն աճել է 215 տոկոսով: Հետաքրքիր է, որ 2017 թվականի նկատմամբ աճը կազմել է 816 տոկոս:

 

Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի հուլիսին կենսաթոշակառուների կամ նպաստառուների կողմից իրականացվող անկանխիկ առեւտրի ծավալները ձգտում էին 0-ի, այսինքն՝ թոշակառուներն անկանխիկ առեւտուր, ըստ էության, չէին անում: Բայց նախորդ 8 ամիսների ընթացքում մենք ամսական մի քանի հարյուր միլիոն դրամի աճ ենք արձանագրել, եւ արդեն 2023 թվականի մարտին կենսաթոշակառուների ու նպաստառուների իրականացրած անկանխիկ առեւտրի ծավալը կազմել է շուրջ 4 մլրդ ՀՀ դրամ, ավելի կոնկրետ՝ 3 մլրդ 993 մլն ՀՀ դրամ: Եւ ահա, այս առեւտրի արդյունքում թոշակառուները եւ նպաստառուները մարտին ստացել են 336 մլն ՀՀ դրամի հետվճար, այդքան գումար հետ է վճարվել իրենց: Ծրագրի մեկնարկից մինչեւ մարտը ներառյալ՝ կենսաթոշակառուները եւ նպաստառուները 19 մլրդ 754 մլն ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ են իրականացրել, իսկ դրանց դիմաց տրվել է ավելի քան 1,6 մլրդ ՀՀ դրամ հետվճար։ Սա նույնպես կենսաթոշակների եւ նպաստների բարձրացում է՝ այս անգամ արդեն Կառավարության, բանկերի, կենսաթոշակառուների եւ նպաստառուների համագործակցության շնորհիվ: Ուզում եմ ընդգծել, որ մարտին ծրագրի շահառուների թիվը հատել է 100 հազարը, այսինքն՝ ավելի քան 100 հազար կենսաթոշակառու եւ նպաստառու, մինչդեռ 2017 թվականի հուլիս-օգոստոսին այդ թիվը կազմում էր 10-15 հազար:

 

Այս ծրագիրը համարում եմ ամենավառ արտահայտություններից մեկը մեր ծրագրային այն մոտեցման, որ մեր կայացրած որոշումները ոչ թե մեկ, այլ զուգահեռ մի քանի խնդրի լուծմանը պիտի ուղղված լինեն: Այս որոշմամբ մենք ուժեղացնում ենք սոցիալական պաշտպանության համակարգը, ուժեղացնում ենք պայքարը ստվերի դեմ, անկանխիկ առեւտրի ցանցն են զարգացնում եւ ստանում ենք այլ հարակից էֆեկտներ: Օրինակ՝ ոչ միայն կենսաթոշակառուների, այլեւ ընդհանրապես անկանխիկ առեւտրի աճի տեմպերը տպավորիչ են:

 

2022-ին անկանխիկ գործարքների ծավալը հասել է 1.3 տրլն ՀՀ դրամի՝ 2021 թվականի նկատմամբ աճելով, մեկ տարվա մեջ, 58 տոկոսով, իսկ 2017 թվականի նկատմամբ գրեթե տասնապատկվել է անկանխիկ առետուրը: Ինչո՞վ է կարեւոր, որովհետեւ եթե առեւտուրն անկանխիկ է, մեծ հավանականությամբ՝ ստվերից դուրս է, այսինքն՝ պետական եկամուտներն են աճում, տնտեսական ցուցանիշներն են աճում: Աճել են նաեւ ընդհանրապես առեւտրի ծավալները. օրինակ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում դուրս է գրվել 2,4 տրլն ՀՀ դրամի հաշվարկային փաստաթուղթ, որը 591 մլրդ ՀՀ դրամով կամ 1.4 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 31,3 տոկոսով ավելին է, քան 2022 թվականի առաջին եռամսյակում։ Այս ցուցանիշն ինչո՞վ է կարեւոր՝ այսքան ավելի գումար ոչ միայն երեւացել է պետությանը, այլեւ մտել է կոնկրետ տնտեսություն, որովհետեւ դրանք կոնկրետ բիզնեսներ են, սրճարաններ են, ռեստորաններ են, փոքր եւ միջին բիզնեսներ են, որոնք 1.4 մլրդ-ով ավելի շրջանառություն են ունեցել՝ նախորդ տարվա ընդամենը 3 ամսում: Իսկ ՀԴՄ կտրոնները 2023 թվականի առաջին եռամսյակում 564 մլրդ ՀՀ դրամի արժեքով են տպվել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից ավելի է 48,7 մլրդ ՀՀ դրամով կամ 9,4 տոկոսով։

 

Սա ոչ միայն տնտեսական աճի, այլեւ ստվերի դեմ մեր հետեւողական պայքարի կարեւորագույն արգասիք է:

 

Եւ ուզում եմ ընդգծել, որ տնտեսական քաղաքականության կարեւորությունը, հատկապես արդի իրավիճակում չի կարելի թերագնահատել, որովհետեւ, ի վերջո, մենք պետք է քաղաքականապես ճշգրտենք, ձեւակերպենք, թե ինչ նկատի ունենք ասելով տնտեսություն: Ի վերջո, տնտեսությունն այն միջավայրն է, այն մեխանիզմն է, որը գեներացնում է կամ պիտի գեներացնի այն գումարները, որ մեզ անհրաժեշտ է անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար:

Ինչո՞ւ ենք այսքան խոսում հարկերից, ինչո՞ւ ենք այսքան խոսում հարկեր վճարելուց, ինչո՞ւ են այդքան շնորհակալ բոլոր օրինապահ, աշխատող եւ հարկ վճարող քաղաքացիներից: Որովհետեւ, հարգելի գործընկերներ, պետություն ունենալը թանկ հաճույք է: Եւ պետություն ունենալու հաճույքի եւ արտոնության համար վճարում են նրանք, ովքեր ունեն քաղաքական եւ քաղաքացիական կամք՝ այդ պետությունն ունենալ, այդ պետությունը պահել, այդ պետությունը պահպանել եւ զարգացնել: Եւ մենք պետք է արձանագրենք՝ երբ ասում ենք ստվերի կրճատում, երբ ասում ենք ազատ տնտեսական միջավայր, դա ի՞նչ է նշանակում, որ մինչեւ այս պահը մենք դեռեւս չունենք այնպիսի տնտեսություն, որը գեներացնի այնքան գումարներ, որ մեզ անհրաժեշտ է լիարժեք, անկախ, ինքնիշխան եւ մրցունակ պետություն ունենալու համար:

 

Սա է պատճառը, որ մենք այդքան շեշտադրում ենք տնտեսական աճը եւ պետական բյուջեի հարկային եւ ոչ միայն հարկային եկամուտները: Եւ ուզում եմ նորից ընդգծել, որ մեր ռազմավարական ընկալումն հետեւյալն է. բոլոր կարգի մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ե՛ւ սիմետրիկ, ե՛ւ ասիմետրիկ: Ասիմետրիկ նշանակում է՝ հասկանալ այդ մարտահրավերները սրելու եւ սրողների նպատակը: Նրանց նպատակն է՝ խաթարել Հայաստանի Հանրապետության բնականոն զարգացումը եւ մեզ բոլորիս ժամանակ չթողնել զբաղվել Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգով: Բայց մենք արձանագրում ենք, որ ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման օրակարգից, որովհետեւ խոսքը մեր այսօրվա, մեր վաղվա եւ մեր սիրելի երեխաների ապագայի մասին է:

 

Հարգելի գործընկերներ,

 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ընդդիմադիր գործընկերներին՝ այսօրվա քննարկմանը մասնակցելու եւ ներկա գտնվելու համար: Եւ դա ունի շատ կոնկրետ պատճառ: Իսկ պատճառն այն է, որ նրանց մասնակցությունն ինձ ավելի մեծ հնարավորություն տվեց կենտրոնանալ ձեռքբերումների եւ մի շարք կարեւոր հաջողությունների վրա, որոնք իսկապես կարեւոր եմ համարել բարձրաձայնել: Եւ այդ հնարավորությունն ստեղծվել է այն բանի արդյունքում, որ, համոզված եմ, որ հարցուպատասխանի ընթացքում ընդդիմադիր, նաեւ ոչ ընդդիմադիր մեր գործընկերների կողմից բարձրացված հարցերի շրջանակում ավելի շատ կկարողանանք կենտրոնանալ պրոբլեմների վրա: Որովհետեւ իմ ելույթի նպատակն այն չէր ամենեւին՝ ցույց տալու կամ համոզելու, որ մենք պրոբլեմներ չունենք, որ պրոբլեմները չկան, որ պրոբլեմները մոռացվել են: Ընդհակառակը, պրոբլեմները կան, պրոբլեմները, ցավոք, տեղում են, խորանում են, բայց իմ ելույթն այն մասին էր, թե ինչ գործիքներ մենք պետք է որդեգրենք, եւ ի՞նչ գործիքներ ենք որդեգրում այդ պրոբլեմներին դիմակայելու համար»: