Հայաստանը փոքր երկիր է՝ այդ չափ երկրին հարիր խնդիրներով, լուծումներով, հնավորություններով ու արատավոր երևույթներով, նաև լավ ու մարդկային մոտեցումներով, որոնք առկայությունը նորմալ է, և որոնց մասին խոսել շատ պետք չէ։ Քաղաքական քննադատությունները շատ արագ կարող են տեղափոխվել անձնական դաշտ, իսկ արատավոր երևույթների առաջացման պատճառները քչերին է մտահոգում, որովհետև երբ քո անձի նկատմամբ կեղտոտ գործիքակազմով կռիվ է գնում, դու դա քննադատում ես, իսկ ես երբ քեզ է պետք, արդարացնում ես, որ դիմացինդ դա արել է, նախ հիշեցնում ես այդ մասին և կիրառում ես նույն գործիքակազմը։
Երբ մարդուն քննադատում ես, ոչ թե անդրադառնում է քննադատվող արարքին, որը թույլ է տվել ինքը, ոչ թե վերանայում է իր արարքը, անկախ նրանից բարձրաձայն կամ ոչ հրապարակային համաձայնում է, թե ոչ, այլ միանգամից սկսում է ցեխ շպրտելու գործիքներ գտնել իրեն քննադատողի մասին, շրջանցելով այն արարքը, որն իրեն քննադատելու առիթն էր դարձել։ Իսկ չքննադատելը ձևավորում է ճամբաներ՝ քննադատողների ու չքննադատողների, հետևաբար՝ յուրայինների ու ոչ յուրայինների, և պտտվում է պառակտման շղթան ու պտտվում․․․, այդ խելահեղ ընթացքի մեջ կուլ տալով մարդկանց, որոնք ճամբարներում տեղավորված չեն։
Այս կոնցեպտում էլ խոշոր հորիզոն վերցրած գործողությունները դառնում են նեղ անձնական ու հանգում․ սա սպառնում է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Գիտակցողները կաշկանդվում են իրենց նկատածը հայտնել, որովհետև մտավախություն կա մոտիվացիան կոտրելու, քննադատող կամ այս կամ այն ճամբարից երևալու և այլն։
Տավուշից սկսած և մինչև Երևան հասած պայքարները տարբերվում են․ Կիրանցում՝ այդ փոքրիկ գյուղում ծավալվող պայքարն ավելի մեծ գաղափարների մասին էր։ Իհարկե, հստակ քարտեզներ ու գործողությունների պլաններ, քաղաքական կարգախոսներ չկային, բայց ելույթները ձևակերպված ու հստակ խոսում էին «սահմանազատման-սահմանագծման ապօրինության», «Կիրանցից հող չտալու», «արցախահայության վերադարձի» մասին։ Եվ առանց թվարկելու՝ այդ ամեն լավ բանն էր, որ Հրապարակ բերեց մի քանի տասնյակ հազար մարդու։ Հրապարակում արդեն հարցականներն աճեցին, երբ հրաժարականի պահանջի մեկ ժամ ժամանակին հաջորդում է տուն գնալու մասին հայտարարությունը։ Գուցե սա այլ մարտավարություն է, որին մենք սովոր չենք, բայց դրանից հարցերը չեն նվազում։ Եվ՝ Կիրանցում ոչինչ չփոխվեց։
Երևանում այս թեզերից որոշները քիչ են օրակարգում, փոխարենը տեղ է հասել տրանսպորտի սակագինը, նեղ՝ այս կամ այն վարույթի մասին խոսելը, սրա կամ նրա գրառման մասին հարցը, 2018-ին արվածներին անդրադառնալը, հիշեցումները և այլն։ Բացի այդ, իշխանությունն էլ թեզեր է առաջ բերում, որոնք էլ ընդդիմության քննարկման առարկան են դառնում։
Գործողություն․
Հայաստանում յուրաքանչյուր շարժման պակասում է ամենադժվարն ու ամենաորոշիչը, արարը, որը կկանգնեցնի անիվի պտույտը, գործողություններ իրականացնելու ռեսուրսը և քարտեզը։
Պետք չէ ասել՝ ես դեմ եմ սահմանազատման այս տարբերականին, այս իշխանությունները պետք է գնան, որ այսպես չլինի։ Որպեսզի մարդը դուրս գա փողոց, որպեսզի իշխանությունը զգոնանա, պետք է ունենալ պլան, թե ում իշխանության դեպքում ինչպես է արվելու ու ինչ է արվելու, որ բան փոխվի ՀՀ սահմանին։ Ո՞վ , ինչպե՞ս և ո՞ր գործողությունը կփոխի Ալիևի պլանը։ Թե ինչո՞ւ եղավ այսպես, կարծում եմ, Հայաստանը ժամանակ չունի անցյալի վրա ծախսելու համար, մանավանդ, որ դրանից իրականությունը չի փոխվում։
Ասել՝ Կիրանցից դեպի Արցախ ենք գնալու, ծափահարեցինք, հուզվեցինք, հավատացինք էլ, դա էլ է կարևոր օրակարգում ունենալ, մեսիջ է նաև, բայց ինչպե՞ս է դա լինելու, ինչպե՞ս ենք գնալու․ Ադրբեջանի՞ն ենք փոխում, Ալիևին են/ենք ճնշո՞ւմ (ովքե՞ր, ինչպե՞ս, ինչու՞), մե՞նք ենք հզորանում (ի դեպ, սա էլ ցույց տալ, թե ինչ ճանապարհով), թե՞ ինչպես։ Եկեք՝ առանց խնայելու հիշենք, թե «Արցախ վերադարձի», «Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու», «Արցախը երբեք չի կարող լինել» քանի տարի և քանի-քանիսն են ասել․ և՞։
Այս կամ այն վայրում կանգնելը, ճանապարհ փակելը, հետո բացելը, դրանք գործողություններ չեն, որոնք իրավիճակ կփոխեն։ Հրաժարական, նոր ընտրություններ, շատ լավ․ իսկ ինչպե՞ս և ի՞նչ է փոխվելու սահմանին, օրինակ, Տիգրանաշենում, սա պետք է լսի քաղաքացին, տեսնի, հավատա կամ ոչ, մասնակցի, կամ ոչ, պարզի՝ կա այլ տարբերակ, թե ոչ։
Կարգախոսներ․
«Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին»․ համաձայնեք՝ գեղեցիկ է, լավն է, անգամ այդ գաղափարը Հայաստանին պետք է, կողմերին չէ, հենց Հայաստանին, բայց դրանք քաղաքական կարգախոսներ չեն․ դա «մերժիր Սերժինը» չէ, որ մարդն իմանա, թե ինչու է դուրս գալիս, գալիս է փողոց, որ ինչ անի։
Հոգևոր գաղափարները, գեղարվեստական լուծումները, երբեմն անգամ չափազանց սպիտակը քաղաքականության մեջ կյանքի չեն կոչվում, մանավանդ, երբ քո մեկ բառը քարոզչամեքենան կարող է դարձնել լրիվ այլ «կինո», իսկ Հանրայինը կոշիկի մասին խոսակցությունը՝ կաշառքի մասին խոսակցություն։ Քաղաքականության մեջ հստակ քաղաքական նպատակ է պետք, հասկանալ, որ մարդը 40-րդ օրն է դուրս է գալիս փողոց, որ, օրինակ՝ «մերժի Սերժին»։
Պատասխաններ․
Իշխանությունը, ոչ միայն իշխանությունը, աջակիցներն ու չաջակիցները նաև հարցեր ունեն, Բագրատ սրբազանին վաղուց ճանաչելը, նրա լավ հոգևարական լինելը, նոր իրականության մեջ այդ հարցերի պատասխանը չեն տալիս։
Որքան էլ լռեն, բայց չափազանց քաղաքական մտածողություն ունեցող և անգամ այդկերպ չմտածող մարդիկ հասկանում են, որ վերամբարձ ու պաթոսով լցված պատասխաններն ավելի շատ հարցեր են առաջացնում․ օրինակ, ինչո՞ւ չասել, թե ով է վճարել Հրապարակում դրված բեմի գումարը, և մեկ այլ կողմի հնարավորություն տալ դրա վրա ծավալվել այնքան, որքան կցանկանա։ Ինչո՞ւ այլ հարցեր կատակի տալ, չհերքել, եթե հերքելու են, կամ բացատրել ազնվաբար։
Մարդիկ․
Այստեղ ևս գուցե համակարգման խնդիր է, գուցե ռեսուրսների, բայց խնդիր կա․ Բագրատ սրբազանի հետ տարբեր ոլորտի հանդիպումները բազմամարդ են լինում՝ քաղաքական ուժերից մինչև արվեստագետներ։ Բայց, օրինակ, արվեստագետների հետ հանդիպմանը բոլորը պատրաստ էին գործողություններով մասնակից լինել գործընթացներին, գնալ մարզեր, հանդիպել նաև մյուս մարզերի բնակիչների հետ, բայց, նրանք, ովքեր առանց այդ հանդիպմանն էլ ակտիվ էին, հաջորդ օրը փորձեցին մեկնել Կիրանց և վերջ։ Իսկ հավաքների ժամանակ շարժման մարելու մասին դիտարկումներին ի պատասխան Սրբազանն ասում է՝ տանը մի նստեք, որ չմարի․․․։ Իսկ ի՞նչ են լինում այն մարդիկ, ովքեր հանդիպում են Սրբազանի հետ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ, ի սկզբանե, շատ հետաքրքիր մոտեցում ունի Բագրատ սրբազանը․ չերևացնել նախորդ բոլոր շարժումների ժամանակ երևացած առանցքային դեմքերին։ Դա նաև ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրենց ակտիվությամբ կապահովեն տվյալ պահի իշխանության ցմահ լինելը։
Բայց մյուս կողմից այստեղ ևս խնդիր կա և ոչ հստակություն․ օրինակ, անհայտ երիտասարդը կարող է մի հատվածում մի քանի րոպեով ճանապարհ փակել, ում գալիս և հայհոյում են, իսկ ինքը հենց այդ պահին հակառակն է ասում, իր փակած ճանապարհի մի քանի մետրը ներկայացնում է կիլոմետրեր, տասնյակ գրառումներ է անում սեփական արարքի մասին ու ակնհայտ երևալու մոլուցքով տարված հայտնվում է Բագրատ սրբազանի կողքին։ Հայտնի չէ, թե այս ամենն ինչպես է արվում, ո՞վ է, օրինակ, ուսումնասիրել կոնկրետ երիտասարդին, ո՞վ է ճանաչում, ինչպե՞ս է համակարգվում այդտեղ հասնելը, բայց դա խնդիր է։ Գուցե նա չափազանց լավ երիտասարդ է, այդ պարագայում ներկայացնել նաև նրա լավ կողմը։
Ի վերջո, խնդիր է նաև հայտնի ընդդիմադիրներից ոմանց չերևացնելը․ հանրությանը պետք է սովորեցնել, որ մենք սա ունենք․ այս իշխանությանը, և այս ընդդիմությանը, խաղատախտակին այլ ֆիգուրներ չկան, նրանք կարող են մի օր փոխվել տեղերով, բայց սա է, նոր մարդիկ չեն ներկրվելու Հայաստան։
Ընդ որում, այստեղ էլ կա խնդիր․ նոր է, ասում են՝ փորձառու չեն, փորձառու է՝ նախկին են, կենսագրություն ունի, բա չիմացաք՝ նախկին իքս պաշտոնյայի քավորի քրոջ որդին է․․․։ Կոնկրետ այս մեկը դժվար, բայց լուծելի է, երբ կողքի ես դնում անձնական շահը, դադարում ես նաև նույնականացնել, յուրայինին միայն արդարացնել, ոչ յուրայինին՝ քարկոծել, նույն դատավորին մի օր «արդար», մի օր «ծառա» սարքել․․․
Սա փոքր երկիր է․․․