Հետևեք մեզ։

Այսօր էլ Նիկոլ Փաշինյանի դավաճանության հետևանքն է, որ Արցախը չորս ամիս է՝ բլոկադայի պայմաններում է․ Տիգրան Աբրահամյան  (տեսանյութ)

18:30, 18 ապրիլ 2023

Այսօր խորհրդարանում կառավարության 2022 թ․ ծրագրի կատարողականի ներկայացման և դրան ընդդիմադիր խմբակցությունների մասնակցելու շուրջ Hayastan.news-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։

 

-Պարոն Աբրահամյան, նախ հետաքրքիր է, թե տևական դադարից հետո ընդդիմությունը ինչո՞ւ որոշեց մասնակցել այսօր կառավարության ծրագրի կատարողականի ներկայացմանը։

 

-Չգիտեմ, թե ինչ նկատի ունեք՝ ասելով տևական դադարից հետո, որովհետև վերջին նիստերին, տարբեր ֆորմատով քննարկումներին, այդ թվում՝ փակ ֆորմատով գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի հետ քննարկումներին ընդդիմությունը մասնակցություն ունեցել է։ Ինչ վերաբերում է կոնկրետ այսօրվա կատարողականի հետ կապված քննարկումներին, ապա ըստ անհրաժեշտության, երբ որ կա ասելիք ու կա ասելիք այս ֆորմատով հնչեցնելու, մենք նմանատիպ քննարկումներին մասնակցություն ունենալու ենք և մեր ասելիքը հնչեցնելու ենք։

 

-Այդ դեպքում, ինչո՞վ է տարբերվում այս նիստին մասնակցությունը կառավարության հետ հարցուպատասխանից, որին դուք չեք մասնակցում արդեն մոտ մեկ տարի է։

 

-Հենց միայն առաջինը այն պատճառով, որ այս ֆորմատով ելույթները վերաբերում են թեմային և դրանք նախատեսում են 10 րոպեանոց ելույթներ, որի պայմաններում, հատկապես, օրինակ, անվտանգության և պաշտպանության թեմաներով ասելիքը ամբողջական հնչեցնելու հնարավորություն կա։ ԱԺ հարցուպատասխանի ֆորմատն ունի իր առանձնահատկությունը, որտեղ վերջին խոսքը պատկանում է կառավարության ներկայացուցչին՝ այդ պահին կլինի նախարարի կարգավիճակով, թե այլ կարգավիճակով, և, բնականաբար, կա ֆորմատների որոշակի տարբերություն։ Այս պահին խնդիր կա 2022 թ․ անվտանգությանը վերաբերող թեմային շատ ավելի լայն անդրադարձ կատարելու, և ես այսօր պատրաստվում եմ դա հնչեցնել։

 

-Նիկոլ Փաշինյանն իր ելույթի վերջում շնորհակալություն հայտնեց ընդդիմությանը, որ եկել մասնակցում է նիստին։ Լա՞վ է, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ընդդիմությանը։

 

-Նախ Նիկոլ Փաշինյանը հայտնի է ստախոսությամբ, կեղծիքներով, մանիպուլյացիայով, անմեղության կանխավարկածը խախտելով, որոնք արտացոլված են իր խոսքում։ Ես կարծում եմ՝ նրա ելույթի այդ հատվածը նպատակ է ունեցել ընդդիմությանը թիրախավորելու և, պարզ լինելով, թե դա ինչ հետևանք կարող է ունենալ, փորձել է որոշակի հանրային տրամադրություններում փոթորիկ առաջացնել։

 

-Իսկ դավաճանությամբ հայտնի՞ չէ Նիկոլ Փաշինյանը, բացի ստախոսությունից, կեղծիքներից։

-Դավաճանության հետ կապված գնահատականները արդեն հնչեցրել ենք, ես՝ ինքս, մասնակցել եմ այն ելույթներին, որոնց կարգախոսը և հիմնական հայտարարությունը եղել է Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը, և այսօր էլ Նիկոլ Փաշինյանի դավաճանության հետևանքն է, որ Արցախը չորս ամիս է՝ բլոկադայի պայմաններում է, և միայն արցախցիները գիտեն, թե ինչպիսի ծանր հետևանքներ է դա թողնում արցախցիների կյանքի վրա՝ առօրյայից, հացի խնդրից մինչև անվտանգություն։ Այսօր այն, որ ՀՀ տարածքը, նույնիսկ պաշտոնական տեղեկություններով, բայց մենք դրա մանրամասները կունենանք, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի, հստակ քարտեզներով և համապատասխան սարքերով կհասկանանք՝ իրականում ինչքան կորուստ ունի ՀՀ-ն։ Եվ այստեղ միայն ֆիզիկական տարածքի խնդիրը չէ։ Այստեղ խնդիրը նաև այն է, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության սահմանագծի բավականին մեծ ճակատով եկել և դիրքավորվել է այնպիսի հատվածներում, որոնք նրա համար տարբեր խնդիրներ լուծելիս մարտավարական և ռազմավարական առավելություն են ապահովել։

 

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ