Հետևեք մեզ։

Պատերազմից ՀՀ որոշ հատվածներ նոր են դարձել սահմաններ, որտեղ պետք է դիրքեր կառուցվեն․ Սարգիս Խանդանյան (տեսանյութ)

18:58, 18 ապրիլ 2023

Ես ասել եմ, որ այդ խնդիրը պետք է իրավապահ մարմինները քննեն, այդ ժամանակ դեռ չէր գտնվել ադրբեջանցին, և այդ հարցերը պետք է ուղղվեն իրավասու մարմիններին։ Իսկ մնացածը՝ ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը պետք է ավելի աչալուրջ լինի և արագ արձագանքի նման իրավիճակներին, որպեսզի մեր սահմանամերձ բնակավայրերում բնակվող քաղաքացիներն ավելի անվտանգ լինեն։

 

Այսօր Hayastan.news-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան ներթափանցած, սպանություն գործելու մեջ կասկածվող և ապա կալանավորված ադրբեջանցիներին՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

 

-Իրավապահ մարմինները, համենայնդեպս, չեն հերքել, որ հենց ադրբեջանցի է կասկածվում ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ։

 

-Կասկածվում է, ցավոք՝ այդ դեպքը տեղի է ունեցել, իսկ ինչ վերաբերում է մնացած ինֆորմացիային, դա պետք է արդեն իրավասու մարմինները պատասխանեն։

 

-Ի վերջո, ինչո՞ւ են Հայաստանի սահմաններն այն վիճակում, որ կարողանում են թշնամու զինծառայողները ընդհուպ 20 կմ խորանալ մեր երկրի ներսում, մարդ սպանել, սպառնալ․․․

 

-Գիտեք, որ պատերազմից ՀՀ որոշ հատվածներ նոր են դարձել սահմաններ, որտեղ պետք է դիրքեր կառուցվեն և այլն, և այդ գործընթացը տեղի է ունենում։ Գիտեք, որ այդ գործընթացը որոշակի դժվարությունների է հանդիպում՝ կապված Ադրբեջանի վարքի, ագրեսիվ դրսևորումների և այդ խնդիրները համագործակցաբար չկարգավորելու հետ, բայց նաև պաշտպանության նախարարությունը և նախարարը պարբերաբար տեղեկացնում են, թե ինչ աշխատանքներ են տարվում։

 

-Արցախի հանձնումից հետո, այո, Տեղ գյուղը դարձավ սահմանամերձ Ադրբեջանի հետ, թեպետ՝ Սյունիքում սահման ունեինք, բայց Արցախը մեզ համար բուֆերային զոնա էր համարվում, և նրանք չէին կարող այդքան հեշտ մտնել Սյունիք։

-Ո՞ւ։

 

-Այն, որ ձեր՝ իշխանության գալուց հետո այդ տարածքները դարձան սահմանամերձ։

 

-Որևէ մեկը չի մոռացել, որ պատերազմ է տեղի ունեցել, կա՞ ինչ-որ մեկը, որ հերքում է, որ պատերազմ է տեղի ունեցել, և պատերազմի հետևանքով մենք ունենք այն իրավիճակը, որն ունենք։

 

-Բայրամովը հայտարարել է, որ ՀՀ սահմանը հատած այդ ադրբեջանցի զինծառայողները, որոնք, հավանաբար, գերու կարգավիճակ ունեն, պետք է անհապաղ վերադարձվեն Ադրբեջանին։ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է, Հայաստանը ինչպե՞ս պետք է վարվի նրանց հետ։

 

-Մեղադրյալի կարգավիճակ ունեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

 

-Նրանք պե՞տք է վերադարձվեն Ադրբեջանին կամ հնարավո՞ր է՝ նրանք փոխանակվեն մեր գերիների հետ։

 

-Հայաստանի Հանրապետությունը հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված որևէ հարցում չի բանակցում, այդ բանակցությունները տեղի են ունեցել և ավարտվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այն է՝ պետք է պատերազմի հետևանքով բոլոր ռազմագերիները վերադարձվեն, և Ադրբեջանը մինչև օրս չի կատարում այդ պահանջը։

 

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ