Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային եւ հանրային գրադարաններ, մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, ամրագրել արտերկրյա կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, հաղորդում են ՀՀ Ազգային ժողովից։
Խորհրդարանը հունիսի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը:
Փոխնախարարը հավելել է, որ հստակեցվում են գրադարանների օգտագործման նպատակները, այդ թվում` տնտեսական:
Գործադիրն առաջարկում է նաեւ գրադարաններին հնարավորություն ընձեռել կատարելու հավելյալ ծառայություններ, մասնավորապես, պատրաստել եւ վաճառել հուշանվերներ, իրականացնել կրթական ծրագրեր, պարբերական հրատարակել գրքեր, պատրաստել գրասենյակային պիտույքներ, ծավալել սրճարանային գործունեություն, ինչպես նաեւ կազմակերպել առեւտրային ցուցահանդեսներ: Պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համար կսահմանվեն լիազորող նորմեր:
Օրենքի նախագծով կսահմանվի նաեւ գրադարանի աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը, կհաստատվի պետական գրադարանի աշխատողների ատեստավորման կարգը:
Ալֆրեդ Քոչարյանի խոսքով օրենքի ընդունման դեպքում գրադարանները կարող են հասարակության բոլոր շերտերի համար դառնալ նաեւ սոցիալ-կրթական ինստիտուտներ` ոչ ֆորմալ կրթության եւ ժամանցի միջավայրի ապահովմամբ:
Զեկուցողը տեղեկացրել է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է «Գրադարանային միությունների եւ հաստատությունների միջազգային դաշինքին» (IFLA), ինչպես նաեւ Լատվիայի, Էստոնիայի, Ռուսաստանի համապատասխան օրենսդրությունը:
Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ նախատեսվող տնտեսական որոշակի գործունեությունը կնպաստի գրադարանների ինքնաֆինանսավորմանը: Նա նշել է, որ տնտեսական գործունեությունը չպետք է խաթարի եւ հակասի գրադարանի գործունեությանը: «Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս գրադարանը պետք է լիազորված մարմնի կողմից ստանա թույլտվություն»,- ասել է պատգամավորը: Նա կարեւորել է նաեւ գրադարանների աշխատակիցների ատեստավորման կարգը, որը կնպաստի նրանց աշխատավարձերի բարձրացմանը: Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկազմակերպվի քննարկում` նախարարության եւ գրադարանների ներկայացուցիչների հետ: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել նախագծին: