Երևանի փողոցներում կատարվողը հաստատ միայն քաղաքական տեսանկյունից վերլուծելի չէ: Հոգեբանական է, հոգևոր է, քաղաքական է, պետական է, մարդկային է...
Բագրատ սրբազանը կերպար է, ում առաջ շատերս ենք խոնարհվել, օրհնություն ստացել, սահման ու զորամաս այցելել, գնահատել նրան որպես մարդու և հոգևորականի: Բայց այս ամենը նաև վատ կողմ ունի իր բարձրաձայնած պլանների իրականացման համար: Մայիսի իննին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ էին Հրապարակում, երևաց Սրբազանի ծրագրի` քաղաքական ծրագրի անշուքությունը, դա շատերը նկատեցին, և, երևի ոչ ոք չասաց` կաշկանդվելով վերը թվարկածներով:
Դատելով Բագրատ սրբազանի` բացականերին ուղղված կոչերից և ոչ միայն, ակնհայտ է, որ նրա թիկունքում բան է փոխվել, թե ովքեր են փոխել իրենց դիրքերը, մեկ օր պարզ կլինի:
Բայց, իշխանափոխության պահանջով ձևավորված ցանկացած շարժում պետք է ունենա հնարավոր բոլոր ցարգացումների սցենարները ու դրանց հակադարձ գործողությունների պլաններն ու դերակատարներին, նաև պահեստային դերակատարներին:
Ազնիվ լինենք. այս շարժումն ակնհայտորեն դա չունի, որովհետև օրական երեք ժամով որևէ կառույցի դռան մոտ կանգնելը ոչ գործողություն է, ոչ զարգացում, ոչ սցենար: 96 ժամ ժամկետ սահմանել ու մոտ 40 ժամ ոչինչ չանելը, ո´չ գործողություն է, ո´չ սցենար, անելիք, բավարար թվով թիմ չունենալու մասին է:
Ի դեպ, ներողություն խնդրելը սխալ տեղեկատվության համար չափազանց գնահատելի է, բայց Սրբազանը նաև լուրեր է հայտնել, որոնք զուտ խոսակցական մակարդակի են: Սա խոսում է երեք բանի մասին. չի եղել, կամ չի թույլատրել, որ լինի թիմ, որը կզբաղվեր տեղեկատվական բլոկով, ինչը չափազանց կարևոր է, կամ ոչ ճիշտ թիմ է:
Ի դեպ, վաղուց տեսանելին չեն նաև դիվանագետները, որոնք օրեր առաջ խոսում էին հանդիպումների պայմանավորվածությունների մասին:
Ի դեպ, Սրբազանը, ով երբևէ քաղաքականության մեջ չի եղել, կարող է նաև չիմանալ, որ ԱԺ քառօրյա նստաշրջանը երկուշաբթի չի մեկնարկում, իսկ իմացողներն ի՞նչ էին անում:
Չափազանց տգեղ էր ևս մեկ երևույթ, որն ուղղված էր ցույցի մասնակիցների որոշակի խմբի: Փաշինյանի տեղաշարժը` օրինակ, ԱԺ-ից Կառավարություն գնալը ներկայացնել փախուստ, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամին ՔՊ-ականների գրանցված հարցերը հանելը ներկայացնել փախուստի կազմակերպում, որ Փաշինյանը շուտ գնա...: Դուք երբեք ԱԺ նիստ չե՞ք նայել, դա սովորական երևույթ է, որը եթե բնութագրես, թե ինչու է արվում, վիրավորական կլինի այն թիրախի համար, ում համար արվում է:
Այդ մեծ աղմուկի մեջ սրանք մանրուքներ են, բայց մեծ բացերի մասին:
Հրաժարականի պահանջ ներկայացնել մեկ ժամում, դրանից մեկ ամիս անց ԱԺ-ից Կառավարություն գնալը ներկայացնել որպես շարժման ձեռքբերում ազնիվ չէ, իսկ փողոց դուրս եկածները ասում են, որ պայքարում են ստի ու կեղծիքի դեմ:
96 ժամ հռչակել որպես կուլմինացիոն փուլի մեկնարկ, ու այդ ընթացքում 1,5օր ոչինչ չանել, հետո հայտարարել` կարող ենք ասել ևս 96 ժամ, մի ամիս, մի տարի մեր պայքարն անժամկետ է, առնվազն լուրջ չէ, որովհետև հավատով, ազնիվ նպատակով փողոց դուրս եկած ու վնասվածք ստացած 60-ամյա քաղաքացին այլ ակնկալիք ունի:
Այդ ակնկալիքի մեջ չէր մտնում նաև ընդդիմադիրների կողմից հրաժարականի ուղերձն ԱԺ տանելը, իսկ ինչու՞ ուղերձ, իսկ առհասարակ արժի սկսել մի բան, որը անգամ ողջ ընդդիմությունը չի ստորագրել` ասում են` օբյեկտիվ պատճառ կա:
Եթե պայքարն անժամկետ է, ապա այդ անժամկետությունը 2026-ին ընտրություններով կընդհատվի, ապա վրաններ տեղադրելու ու հավաքելու իմաստը՞:
96-ժամյա ժամկետում մեկ բան փոխվեց` քննադատության ուղղակի թիրախը. ՔՊ-ն` իրենց ղեկավարի գլխավորությամբ, սկսեց ուղիղ թիրախավորել Ամենայն հայոց կաթողիկոսին: Բոլորի սոցցանցերում Բագրատ սրբազանի փոխարեն Կաթողիկոսն էր, իսկ Փաշինյանը շարժումն ուղիղ կապեց Կաթողիկոսի ու Ռոբերտ Քոչարյանի հետ, որին Սրբազանն այդպես էլ չանդրադարձավ, ինչպես, օրինակ, կանդրադառնար ՔՊ-ական պատգամավորի իրեն ուղղված ասելիքին: