Հետևեք մեզ։

Ես չեմ կարող հանդուրժել Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը, սպառելով ներպետական ատյանները` դիմելու եմ միջազգային ատյաններ․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

22:43, 19 ապրիլ 2023

ԱԺ-ում Մ ԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ տեղի ունեցածի և խորհրդարանում կառավարության 2022 թ․ ծրագրի կատարողականին ընդդիմության մասնակցության և այլ հարցերի շուրջ Hayastan.news-ը զրուցել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ։

 

-Տիկին Թովմասյան, ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի պահվածքի վերաբերյալ, թե ինչպես էր նա սպառնում լեզու և ականջ կտրել, Դուք դիմել էիք իրավապահներին, որ քրեական վարույթ հարցուցեն, սակայն իրավապահները մերժել են դրան իրավական ընթացք տալ։ Ինչ-որ քայլ սրան հաջորդելո՞ւ է Ձեր կողմից, թե՞ ոչ։

 

-Նախ ուզում եմ տեղեկացնել, որ, այո, դիմել եմ գլխավոր դատախազին և պահանջել եմ, որ քրեաիրավական գնահատական տրվի Արթուր Հովհաննիսյանի պահվածքին՝ առնվազն երկու մասով․ նախ, որ ինքը սպառնում է և ասում է՝ արձանագրեք, որ սպառնում եմ, և երկրորդ, ասում է՝ ես խանգարում եմ նիստը, արձանագրեք, որ խանգարում եմ։ Այսինքն՝ առնվազն երկու դրվագով ինքը խոստովանում է իր ենթադրյալ հանցանքը, և, հետևաբար, պետք է պատասխանատվություն կրի։ Ես դեռ չեմ ստացել գլխավոր դատախազից պատասխան, ճիշտ է՝ մամուլում տեսել եմ, որ քրեական գործի հարուցումը մերժվել է Քննչական կոմիտեում, որովհետև իմ գրությունը հասել էր այնտեղ, բայց ես պատասխան չեմ ստացել ո՛չ Քննչական կոմիտեից, ո՛չ էլ գլխավոր դատախազից։ Ստանալուն պես, բնականաբար, կբողոքարկեմ այդ որոշումը, և մինչև վերջ գնալու եմ։ Ես չեմ կարող հանդուրժել այնպիսի իրավիճակ, որ իմ ներկայությամբ պատգամավորն իրեն թույլ տա փողոցային վարքագիծ դրևորել և մնա անպատիժ։ Ես իմ բարեխղճության սահմաններում անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնելու եմ և, սպառելով ներպետական ատյանները, դուրս եմ գալու նաև միջազգային ատյաններ։

 

-Ի դեպ, Արթուր Հովհաննիսյանը այդ նիստի ժամանակ ոչ միայն Էդգար Ղազարյանի, այլև հենց Ձեր հասցեին անձնական գնահատականներ և վիրավորանքներ հնչեցրել՝ Ձեզ անվանելով, օրինակ, դավաճան։ Դուք էլ նրան ասացիք՝ դավաճանը իրենք են։ Ինչո՞ւ նա Ձեզ անվանեց դավաճան, և ինչո՞վ են իրենք դավաճան։

 

-Ես ասացի, որ դուք եք դավաճան, որովհետև դուք դավաճանել եք ձեր սկզբունքներին, ձեր արժեքները և ձեր այն խոստումները, որոնցով եկել եք իշխանության։ Իսկ ես ուղղակի դուրս եմ եկել ձեր խմբակցությունից, որովհետև չեմ ցանկացել մասնակից լինել պետական դավաճանության և չեմ ցանկացել մասնակից լինել հայրենիքի դավաճանությանն ու ժողովրդի դավաճանությանը։

 

-Նիկոլ Փաշինյա՞նն է դավաճան նաև։

 

-Այո, նաև Նիկոլ Փաշինյանն է դավաճան․ նա դավաճանել է նորից իր անցյալին, իր սկզբունքներին, իր բոլոր այն խոստումներին, որոնցով եկել էր իշխանության։ Չկա մի խոստում, որ իր կողմից հնչեցված լինի, հիմա մենք մտաբերենք ու ասենք՝ դա իրականացրել է կամ չի փոխել իր կարծիքը։ Խոսքի ազատությունից սկսած, ընտրական ազատությունից վերջացրած՝ բոլոր-բոլոր հարցերում Նիկոլ Փաշինյանը դավաճանել է ինքն իրեն։

 

-Այդ դեպքում Դուք ինչպե՞ս եք աշխատում այդ դավաճանած կամ դավաճան ղեկավարի դավաճանական թիմի հետ։

 

-Ո՞նց եմ աշխատում, այսինքն։ Ես աշխատում եմ խորհրդարանում, ես ընտրվել եմ պատգամավոր, իսկ պատգտամավորները լինում են ընդդիմադիր և իշխանական։ Ես ընդդիմադիր պատգամավոր եմ, խորհրդարանը նաև ընդդիմության տեղն է։

 

-Բայց իրենք իշխանական լինելուց բացի, նաև դավաճանական խմբակցություն են՝ ըստ Ձեր գնահատականների։

 

-Բայց դա չի նշանակում, որ ես պիտի խորհրդարանում չլինեմ։ Ես պիտի խորհրդարանում լինեմ, որ միշտ հիշեցնեմ իրենց այդ մասին, որ իրենք դավաճան են։

 

-Տրամաբանորեն դավաճանի հետ պետք է վարվել մի փոքր այլ կերպ, ոչ թե նրան հարցեր տալ կամ հիշեցնել, որ դավաճան ես, ինքն էլ ասի՝ չէ, դավաճանը դուք եք, կամ նախկիններն են մեղավոր, որովհետև թալանել են, դրա համար էլ դավաճան են և այլն։ Ինչպե՞ս պետք է վարվել դավաճանների հետ, իրականում։

 

-Դավաճաններին պատժում են օրենքով, իսկ ես դրանցից մեկն արդեն իրականացրել եմ գլխավոր դատախազին իմ գրությամբ։ Դրանից ավել պատգամավորը լիազորություն չունի դավաճանի հետ վարվելու, դավաճանի հետ պիտի վարվի Ազգային անվտանգության ծառայությունը, գլխավոր դատախազությունը և այլ քննչական և իրավապահ մարմինները՝ որպես ենթադրյալ հանցագործների։ Իսկ ես պարտավոր եմ լինել խորհրդարանում, որովհետև ունեմ այդ մանդատը, և ես իրացնում եմ իմ մանդատը ու կարծում եմ՝ վատ չեմ իրացնում։

 

Մանրամասն՝ տեսանյութում.

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ