Հետևեք մեզ։

Հունիսի 12-ին հավաքի ընթացքում քաղաքացիների, լրագրողների հանդեպ կիրառված բռնարարքների փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Դատախազություն

17:47, 24 հունիս 2024
Հունիսի 12-ին հավաքի ընթացքում քաղաքացիների, լրագրողների հանդեպ կիրառված բռնարարքների փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Դատախազություն

«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհրդի անունից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ հունիսի 12-ին խաղաղ հավաքի ընթացքում կիրառված ոստիկանական բռնարարքների մասին․

«ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին

ՀԱՂՈՐԴՈՒՄ

2024 թ․ հունիսի 12-ին՝ ժամը 19։30-ից, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան

 փողոցի խաչմերուկում, Սիրահարների այգու մուտքի մոտ և այգու ներսում,  ՀՀ ոստիկանության

և ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների կողմից

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրների, ինչպես նաև այդ տարածքում

տարբեր պատճառներով գտնվող ՀՀ քաղաքացիների, հավաքը լուսաբանող լրագրողների

հանդեպ խաղաղ հանրահավաքի ընթացքում

կիրառված բռնարարքների և հանցագործության մասին

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը, ելնելով 2024թ․ հունիսի 12-ի ժամանակագրությունից և առկա փաստական նյութերից՝ տեսաձայնագրություններից, վկաների և ականատեսների խոսքերից, ինչպես նաև մամուլի բազմաթիվ հրապարակումներից, նաև իրավապաշտպան տեղական և միջազգային կառույցների տարածած նյութերի պնդումներից՝ արձանագրում է, որ հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից կատարվել են ՀՀ օրենքների կոպտագույն խախտումներ, որոնց ընթացքը պատշաճ մակարդակով չի հետաքննվում, ուստի պահանջում ենք ընդունել մեր դիտարկմամբ առերևույթ կատարված հանցագործության մասին հաղորդումը և ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ նախաձեռնել քրեական վարույթ։ Ներկայացնում ենք դրա վերաբերյալ մեր հիմնավոր կասկածներն ու հիմնավորումները։

Ա․ Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի հատման վայրում, Ազգային ժողովի և ՀՀ ակադեմիայի միջև ընկած հատվածում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները նախաձեռնել էին քաղաքացիական անհնազանդության գործողություն և խաղաղ հանրահավաք։ Ինչու՞ ենք նշում «խաղաղ», որովհետև ո՛չ հունիսի 12-ին, ո՛չ դրանից հետո այլակարծության իրենց իրավունքն իրականացնող մարդկանցից որևէ մեկի մոտ պաշտոնապես որևէ զենք, զինամթերք չի հայտնաբերվել։ Չի հնչել որևէ կոչ բռնություն գործադրելու կամ ԱԺ-ի վրա հարձակվելու մասին։ Սակայն դեռևս չբացահայտված հանգամանքներում ՀՀ ոստիկանության դեռևս անհայտ բարձրաստիճան պաշտոնյաները հրաման են տվել՝ կիրառելու հատուկ նշանակության միջոցներ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որի հետևանքով 100-ից ավելի ՀՀ քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել՝ միջինից մինչև ծանր, պաշտոնապես դիմել է բուժհիմնարկներ, իսկ հարյուրից ավելի մարդ, տարբեր պատճառներով, ամենից առաջ վախենալով իշխանությունների հետագա հետապնդումներից և հաշվեհարդարից, իրենց վիրավորումները բուժել են անհատական կարգով։ Շուրջ երկու տասնյակ ոստիկան թեթև վիրավորում են ստացել իրենց իսկ կողմից ոչ մասնագիտորեն և անհամաչափ կիրառված հատուկ միջոցների՝ լուսաձայնային «Զարյա-2» և «Զարյա-3» նռնակների պայթյունների հետևանքով։

Բ․ Ոստիկանության ծառայողների կողմից հարձակման և լուսաձայնային «Զարյա-2» և «Զարյա-3» նռնակների կիրառման անխուսափելի անհրաժեշտության և համաչափության մասին որևէ ապացույց առ այսօր չի ներկայացվել։ Այն պնդումները, թե ցուցարարները փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշը և ոստիկանների ուղղությամբ նետում էին պլաստիկե շշեր կամ այլ առարկաներ, հայհոյում էին, կոտրում էին Սիրահարների այգու պարիսպները՝ նպատակ ունենալով հարձակվել ՀՀ ԱԺ շենքի վրա, անհամոզիչ և անհիմն են, որովհետև ԱԺ մուտքերը Սիրահարների այգուց բավական հեռու են և այնտեղ կուտակված քաղաքացիները իրական սպառնալիք չէին կարող ներկայացնել պետական շենքների համար։

Գ․ Ոստիկանները համապատասխան գործողությունների միջոցով շշեր նետող և պարիսպները կոտրող մի խումբ քաղաքացիներին մեկուսացնելու փոխարեն առանց պատշաճ նախազգուշացման անակնկալ կիրառեցին հատուկ միջոցներ՝ տվյալ իրավիճակին անհարիր  լուսաձայնային «Զարյա-2» և «Զարյա-3» նռնակներ, ընդ որում դրանք կիրառվեցին ՀՀ օրենսդրության սահմանած կարգերի կոպիտ խախտումներով հանրահավաքներ անցկացնելու և դրանց մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքն իրացնող ՀՀ քաղաքացիների ու տվյալ հավաքը լուսաբանող, իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների հանդեպ։ Տվյալ նռնակների կիրառման անհրաժեշտությունը և համաչափությունը ՀՀ ոստիկանությունը չի հիմնավորում, ինչպես նաև չի բացատրում, թե առաջին նռնակներից հետո, երբ մարդիկ հեռանում և փախչում էին, ինչո՞ւ էին շարունակում նետել նոր նռնակներ, թվով շուրջ 30, նրանց վրա կամ ինչո՞ւ էին մարդկանց անթուլատրելի  լուտանքներով և հայհոյանքներով քաշում ոստիկանական վահաններից ներս և դաժան ծեծի ենթարկում արդեն գետնատարած, դիմադրություն ցույց չտվող, անզեն և անվնաս քաղաքացիների։

Դ․ Լուսաձայնային նռնակների կիրառումը կատարվել է ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ․ 90-Ն հրամանի պահանջներին հակառակ։ Նշյալ հրամանը սահմանում է, որ հատուկ միջոցը մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա պետք է կիրառել, որովհետև հակառակ դեպքում այդ միջոցներն առաջացնելու են մասնակիցների անխուսափելի վնասում և առողջության անհամարժեք կորուստ։ Մոտ տարածության վրա կիրառվելու դեպքում դրանք կարող են անգամ առանց պայթելու առաջացնել լսողության և տեսողության մասնակի կամ լիակատար կորուստ։

Ե․ ՀՀ ոստիկանության տարբեր տարիների ղեկավար ներկայացուցիչներ պնդում են, որ «Զարյա-3» լուսաձայնային նռնակի կիրառությունը մինչև 2018 թ․ արգելված է եղել խաղաղ հավաքների դեպքում, քանի որ այս նռնակները պայթելիս բեկորային ծանր վնասվածքներ կարող են առաջացնել, ուստի դրանց կիրառումը թույլատրելի է միայն առանձնակի դեպքերում՝ զինված, ակնհայտ հանցավոր նպատակներ ունեցող անձանց վնասազերծելու բացառիկ պարագաներում։

Անգամ 2016 թ․ հուլիսին ՊՊԾ գնդի զինված գրավման փորձի ժամանակ «Զարյա-3» նռնակներ չեն կիրառվել՝ ելնելով դրանց հանրային վտանգավորության բարձր աստիճանից։ Ընդ որում կան կասկածներ, որ կիրառված նռնակները ժամկետանց են եղել, ուստի դրանց ազդեցության վտանգավորության աստիճանը եղել է շատ ավելի բարձր և անթույլատրելի։ Պահանջում ենք հետաքննել և պարզել, թե ինչու են «Զարյա-3» տիպի նռնակները կիրառվել և արդյոք դրանք պահպանման ժամկետներում են եղել։

Զ․ Ելնելով վերոնշյալ հանգամանքներից և հունիսի 12-ի տուժածների հետ զրույցներից՝ արձանագրում ենք, որ հարուցված վարույթի շրջանակներում քննիչներին հետաքրքրում է ոչ թե տուժածների վնասվածքներ ստանալու մանրամասները, այլ նրանց հարցաքննում են՝ պարզելու, թե ով ե՞րբ և ինչպե՞ս է նրանց տեղեկացրել կամ համոզել գալու հանրահավաքի, որը մարդու ազատ կամարտահայտության ակնհայտ ճնշում է։ Փորձ է կատարվում մեղադրել զուտ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին, իսկ մասնագիտական ցածր պատրաստականություն և իրավիճակը համարժեք գնահատելու կարողություն չունեցող ոստիկանների գործողությունները չեն հետաքննվում։

Է․ Անհրաժեշտ ենք համարում քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ։ Ոստիկանական վրեժը քաղաքացիների հանդեպ կամ մասնագիտական անհամապատասխանությունը պետք է բացահայտվեն և համարժեք պատժի արժանանան։

 

«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական

շարժման համակարգող խորհրդի անունից՝

Արամ Սարգսյան

Հրանտ Բագրատյան

Նարինե Դիլբարյան

Արթուր Մուսայելյան

Մեսրոպ Եղիազարյան

Զոյա Ջուլհակյան

24․06․2024թ․»։