Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր է ստորագրվել, համաձայն որի՝ երկու երկրների քաղաքացիները կարող են սահմանները հատել նաև նույնականացման քարտով։
Այսինքն, երկու երկրների կառավարությունները որոշել են դյուրացնել սահմանը հատելու գործընթացը քաղաքացիների համար։
Կենսաչափական անձնագրով Հայաստանից սահմանից հատելու պարագայում Վրաստանի սահմանային ոստիկանությունը այսպես, թե այնպես Վրաստանի անձնագրերում մուտքի կնիք չի դնում, իսկ ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների անձնագրերում Վրաստան մուտքի ու ելքի կնիք դրվում է։ Հայաստանի պարագայում՝ և՛ իր քաղաքացիների, և՛ օտարերկրացիների անձնագրերում մուտքի ու ելքի կնիքները դրվում են։
Նույնականացման քարտերով սահմանները հատելու որոշումն, իբր թե պետք է դյուրացներ քաղաքացիների ելումուտը, բայց, Հայաստանում այդկերպ սահմանը հատելուն և մեկ գործողություն էլ ավելացել է։
Վրաստանում սահմանային ոստիկանությունը ստուգում է նույնականացման քարտը և վերջ՝ քաղաքացին ազատ է։
Ինչպե՞ս է Հայաստանում․ նախ նույնականացման քարտին զուգահեռ երբեմն հարցնում են, թե արդյո՞ք կենսաչափական անձնագիրը մոտն է, եթե քաղաքացու մոտ չէ, թե ինչ է սպասվում նրան՝ պարզ չէ։ Ապա ստուգումներից հետո նույնականացման քարտի հետ տալիս են շատ փոքրիկ թղթի կտոր, որը պետք է պահես, մինչև կստուգվի բեռը, մինչև նստես մեքենան ու կհասնես մեկ այլ սահմանային հսկողություն իրականացնող Ազգային անվտանգոիւթյան ծառայողի մոտ, որը կնայի, թե որ քաղաքացին է սահմանը հատել նույնականացման քարտով, ապա իրեն կվերցնի իրենից 100 մետր հեռու նստած ու անձնագիր ստուգած գործընկերոջ տված թղթի կտորը։
Թե որն է A4 ֆորմատի կտրտած թղթի վրա ելք/մուտք գրած թուղթը մի ԱԱԾ-ականից մյուսին բերել հանձնելը, հայտնի չէ, ասում են՝ կարգն է այդպես, հայտնի չէ անգամ, թե արդյոք դա հնարավոր չէ անել օնլայն, և հայտնի չէ, թե ինչու է սահմանային հսկողությունից հետո քաղաքացին նույն փաստաթղթերը ցուցադրում ուղեփակոցի մոտ կանգնած սահմանային ծառայողին։ Առհասարակ, ինչու է Վրաստանում մեկ հսկող, Հայաստանում երկուսը, իսկ եթե ՃԵԿ խախտում ունես՝ երեքը, ընդ որում՝ երեքն էլ նույն կառույցին պատկանող, պարզ չէ։