Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Բաքվում ապօրինաբար ազատազրկված հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ:
Հրապարակման մեջ նշվում է․
«Զարմանքից քար էինք կտրել, երբ անցած շաբաթ POLITICO պարբերականը, այլ լրատվամիջոցներ ևս, մի PR ընկերությունից էլեկտրոնային նամակ ստացավ, որում նկարագրվում էր Եվրոպայում ռուսական ազդեցության գործողությունների մասին։ Թեպետ սա շատ գայթակղիչ էր հնչում, սակայն այն կենտրոնացած էր բացառապես մեկ մարդու վրա, իմ գործընկեր Գաբրիել Գավինը նկատեց՝ դա ռուսահայ օլիգարխ Ռուբեն Վարդանյանն է:
Շահային հետաքրքրություն.
Ռուբեն Վարդանյանը ներկայումս գտնվում է Ադրբեջանում՝ ճաղերի հետևում, այն իրադարձություններից հետո, երբ այդ երկիրը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ այն գրավելու նպատակով, ինչի հետևանքով էլ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային արտագաղթի: Չնայած 56-ամյա Վարդանյանն իր միջոցները վաստակել է Մոսկվայում, նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ քաղաքականություն մտնելու համար: Ենթադրություններ կային, որ նա պահում էր կապերը Կրեմլի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները թողեցին, որ ադրբեջանցիները կալանավորեն Վարդանյանին։
Արևմուտքում բարձր դիրքեր զբաղեցնող ընկերներ.
Unilever ընկերության նախկին ղեկավար Փոլ Փոլմանը և Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այն մարդկանց թվում են, որոնք ակտիվ քարոզչություն են իրականացնում Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայերի ազատ արձակման համար: Նրա գրասենյակը հայտարարել է, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, թեպետ այդ մրցանակը շահելու շանսերը գրեթե զրոյական են՝ հաշվի առնելով նրա ոչ միանշանակ անցյալը:
Ռուսական գործակա՞լ.
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանում կատաղել են այդ առաջադրումից։ Եվ հենց այստեղից էլ սկիզբ է առել PR արշավը, որի շրջանակում Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ աջակցություն են հայտնել այն միջնորդությանը, որը կոչ է անում Նոբելյան մրցանակի կոմիտեին՝ Ռուբեն Վարդանյանին ճանաչել որպես Ռուսաստանի գործակալ և բացառել նրա թեկնածությունը։
Այսպիսով, Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի անունից գործող PR ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը և Կարեն Մելքիոն աջակցություն են հայտնել այդ հեղինակավոր մրցանակից Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը բացառելու կոչերին, սակայն միևնույն ժամանակ այդ նույն քաղաքական գործիչները POLITICO-ին հայտնել են, որ իրենք նման բան չեն արել՝ ենթադրելով, որ իրենց խոսքերը միտումնավոր կերպով հանվել են կոնտեքստից։
Կտրուկ հերքում.
«Ես մասնակցել եմ այդ միջոցառմանը այն հիմքով, որ այն վերաբերում էր ռուսական ապատեղեկատվությանը»,-ասել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր ֆոն Կրամոն-Տաուբադելը:
«Ամոթալի է, որ այդ միջոցառումը օգտագործվում է ադրբեջանական ապատեղեկատվության համար։ Ես չեմ աջակցել որևէ համատեղ հայտարարության և չէի մասնակցի դրան, եթե այն որևէ կապ ունենար Ադրբեջանի դեսպանատան հետ»,-ասել է նա։
Դանիացի Մելքիոն էլ իր հերթին POLITICO-ին ասել է, որ ինքը չի ստորագրել որևէ հայտարարություն, ոչ էլ նման մտադրություն է ունեցել։
Բրյուսելի մամուլի ակումբի խոսնակը հերքել է, որ ակումբը որևէ մասնակցություն է ունեցել նմանօրինակ լոբբիստական միջոցառմանը։
«Յուրաքանչյուր ոք կարող է ամրագրել մեր ակումբը, մենք տարեկան հարյուրավոր միջոցառումներ ենք ունենում։ Բայց մենք այս միջոցառումների կազմակերպիչները չենք, մենք պարզապես հյուրընկալում ենք դրանք»,- ասել է ակումբի աշխատակիցը, որը պատասխանել է POLITICO-ի հեռախոսային հարցմանը:
Իսկ ի՞նչ է Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնը․
Պարզ չէ: Կազմակերպությունը չունի անգլերենով կամ ուկրաիներենով գործող կայք, Ֆեյսբուքի էջն ունի ընդամենը 88 հավանում և Google-ում առկա 5 հղումներից 4 ադրբեջանամետ հոդվածներ են, որոնք գրվել են կենտրոնի հիմնադիր Իգոր Չալենկոյի կողմից:
Մտահոգություն առաջացնող երկիր.
Ադրբեջանն արդեն քննադատության է ենթարկվում հանածո վառելիքի պաշտպանության և Արևմուտքում ունեցած ազդեցության ցանցի համար, բայց Եվրախորհրդարանի պատգամավորների դիրքորոշումներն ակնհայտորեն խեղաթյուրելը՝ նշանավորվելու է այդ երկրի և Եվրախորհրդարանի միջև մի նոր ճեղքվածքով»,- ասված է պարբերականի ծավալուն հրապարակման մեջ։