Հետևեք մեզ։

Ինչ քաղաքական անցյալ ունեն Իրանի նախագահի պաշտոնին հավակնողները․ մանրամասներ

13:45, 28 հունիս 2024
Ինչ քաղաքական անցյալ ունեն Իրանի նախագահի պաշտոնին հավակնողները․ մանրամասներ

Իրանի Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Իբրահիմ Ռաիսիի մասնակցությամբ ավիավթարի և նրա մահվան հետևանքով Իրանում նշանակվեցին արտահերթ նախագահական ընտրություններ։ 

 

Ընդհանուր առմամբ, նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել է 278 մարդ, ընտրական հանձնաժողովն ընդունել է 81-ի փաստաթղթերը։ Ընտրություններին թույլատրվել է մասնակցել 6-ին, սակայն քվեարկության նախորդ օրը երկուսը հանել են իրենց թեկնածությունը։ 

 

Իրանցիներն ընտրում են չորս թեկնածուի միջև՝ երեք կոշտ պահպանողականների և մեկ բարեփոխիչի:

 

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, 62 տարեկան - Իրանի Մեջլիսի նախագահ 2020 թվականից, Թեհրանի նախկին քաղաքապետ (2005–2017), Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար (ԻՀՊԿ օդային ուժեր, 1997–2000)։ Նա երեք անգամ առաջադրվել է նախագահի թեկնածու՝ 2005, 2013 և 2017 թվականներին։ Վերջին անգամ հանել է իր թեկնածությունը հօգուտ Ռաիսիի։

 

Սայիդ Ջալիլի, 58 տարեկան - Այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչն է 2007 թվականից Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում։ Երբ Մահմուդ Ահմադինեժադը (2005–2013) նախագահ էր և հիմք դրեց Իրանի միջուկային ծրագրի արագ զարգացմանը, Ջալիլին Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն էր և միջուկային ծրագրի գլխավոր բանակցողը։ Նա երկու անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում՝ 2013 և 2021 թվականներին։ Վերջին անգամ հանել է իր թեկնածությունը հօգուտ Ռաիսիի։

 

Մոստաֆա Փուրմոհամադի, 63 տարեկան - Արդարադատության (2013–2017) և ներքին գործերի նախկին նախարարն է (2005–2008), միակ հոգևորականն այս ընտրապայքարի մեջ։ Նա առաջադրվել էր 2013 թվականի նախագահական ընտրություններում, սակայն հանել էր իր թեկնածությունը։

 

Մասուդ Փեզեշքիան, 69 տարեկան - Մեջլիսի պատգամավոր է 2008 թվականից (ներառյալ փոխխոսնակի պաշտոնը), բարեփոխիչների միակ ներկայացուցիչն այս ընտրություններում։ Առողջապահության նախկին նախարար (2001–2005), սրտային վիրաբույժ։


Մինչ իր քաղաքական կարիերան հինգ տարի ղեկավարել է Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանը։ Նա 2021 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, սակայն թույլ չեն տվել։ 


Թեև մյուս թեկնածուների դիրքորոշումները համահունչ են Ռաիսիի քաղաքականությանը, Փեզեշքիանը պարբերաբար քննադատում է իշխանություններին, պաշտպանում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավումը և կանանց ազատությունը, այդ թվում՝ հիջաբ կրելու հարցում:

Տարբեր վերլուծական կենտրոնների հարցումների համաձայն՝ ամենամեծ աջակցությունը Ղալիբաֆին, Ջալիլիին և Փեզեշքիանինն է, սակայն, ամենայն հավանականությամբ, կպահանջվի երկրորդ փուլ (նախնական նախատեսված է հուլիսի 5-ին):

 

Մեջլիսի հետազոտական կենտրոնի հասարակական կարծիքի հարցումների Մելլաթ ինստիտուտի ուսումնասիրությունը, մասնավորապես, տալիս է հետևյալ արդյունքները. 23,5 տոկոս՝ Փեզեշքիան, 16,9 տոկոս՝ Ղալիբաֆ, 16,3 տոկոս՝ Ջալիլի։

 

Դիանա Կարապետյան