Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մասուդ Փեզեշքիանի հետ կպայքարի Սայիդ Ջալիլին։ Նա իրանցի պահպանողական քաղաքական գործիչ և դիվանագետ է, ով 2007-2013 թվականներին եղել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, Իրանի միջուկային ծրագրով բանակցողը:
Ջալիլին նաև Իրանա-իրաքյան պատերազմի զինվոր էր և Բասրայի պաշարման ժամանակ կորցրել է աջ ոտքի մի մասը։ Այս իրադարձության ժամանակ նա ստացել է «Կենդանի նահատակ» կոչումը։
Սայիդ Ջալիլին միևնույն ժամանակ քաղաքական գիտությունների թեկնածու է և «Մարգարեի դիվանագիտություն» է դասավանդում Իմամ Սադիքի համալսարանում: Նա համարվում է մահմեդական աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Իրանական լրատվական կայքերը նրան ներկայացրել են որպես իսլամական «իդեալներին» հավատարիմ և «պարզ կյանք» վարող մտավորականի։
Պատերազմից հետո Ջալիլին աշխատել է որպես համալսարանի դասախոս մայր բուհում: 1989 թվականին իր դասախոսական պաշտոնին զուգահեռ աշխատանքի է անցել նաեւ արտաքին գործերի նախարարությունում։ 1995-1996 թվականներին զբաղեցրել է նախարարության տեսչական գրասենյակի տնօրենը: 2001 թվականին նա նշանակվել է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակի քաղաքականության պլանավորման ավագ տնօրեն:
Ջալիլին դարձել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամ 2002 թվականին: 2005 թվականի օգոստոսին Մահմուդ Ահմադինեժադի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ջալիլին նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար Եվրոպայի և Ամերիկայի հարցերով: Նա պաշտոնավարել է մինչև 2007 թվականի հոկտեմբերը:
Նույն ժամանակահատվածում նա նաև աշխատել է որպես Ահմեդինեժադի խորհրդական:
2007 թվականի հոկտեմբերի 20-ին Ջալիլին փոխարինել է Ալի Լարիջանիին որպես խորհրդի քարտուղար և դարձել Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային բանակցությունների պատասխանատու: Այս պաշտոնը թողնելուց անմիջապես հետո Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից նա նշանակվել է Նպատակահարմարության խորհրդի անդամ։
2021 թվականի նախագահական ընտրությունների գրանցման վերջին օրը նա համարվում էր ամենահավանական թեկնածուներից մեկը։ Թեև Ջալիլին ասել էր, որ չի գրանցվի, եթե Էբրահիմ Ռաիսին մասնակցի ընտրություններին, սակայն, այնումաենայնիվ, գրանցվել էր ընտրություններում՝ անհատապես։ Սակայն ընտրություններից առաջ ինքնաբացարկ է հայտնել հօգուտ Էբրահիմ Ռաիսիի։
Նրա քննադատներն ասում են, որ նա չունի երկիրը ղեկավարելու վարչական փորձը, հատկապես այն ժամանակ, երբ Իրանը տուժում է Արևմուտքի կողմից իր միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցներից: