Ազգային ժողովում արտահերթ նիստն էր՝ Կառավարության ծրագրի քննարկում, ելույթներ։ Լավ կլիներ ասելիքն սկսել այսպես ու շարունակել նիստում քննարկված կարևորի ու անկարևորի մասին։ Սկսել ենք մոռանալ, թե ինչ է խորհրդարանում բովանդակային բանավեճն ու կարոտ մնացել տեսարանին, թե ինչպես են իշխանությունն ու ընդդիմությունը վիճում երկրի առաջ ծառացած խնդիրների, դրանց լուծումների, այդ լուծումների լավ ու վատ կողմերի, ինչ-որ բաներ արտահայտող թվերի, դրանց տակ եղած իրականության ու բովանդակային ուրիշ բաների մասին։ Այո, Ազգային ժողովում ոչ թե արտահերթ նիստ էր, այլ հերթական խեղկատակությունը, որը ոմանք այդքան սկզբունքորեն սովորական են դարձրել՝ ընդհուպ փորձելով փոխել ամոթալիի մինչ օրս ընդունված սահմանները։
Նորություն չեմ ասում, բայց երևույթները, որից մարդիկ ամաչում են, տարբեր են՝ կախված սեռից, ազգությունից, մենթալիտետից և հազար ու մի բանից, որոնք բնութագրում են մարդուն։ Ամոթալի է այն, ինչ այնքան էլ ազնիվ չէ կամ բարոյական։ Դե, օրինակ, ամոթ է քննադատել այն, ինչ ինքդ կանեիր կամ արել ես, ամոթ է քննադատել այն, ինչի միջոցով հասել ես նրան, ինչ ունես։ Իհարկե, ամոթալիների շարքը շատ երկար է և այդ շարքում ամոթի զգացումը կորցրած ոմանց վերաբերելի շատ կետեր կան, բայց դրա մասին խոսելիքը շատ երկար է։ Եթե, օրինակ, Հովիկ Աղազարյանը փոքր ինչ համատեղելի լիներ պատգամավորական մանդատի հետ, մի քիչ երկար կխոսեի այն մասին, որ տղամարդու համար ամոթ է կնոջը հայհոյել, հետո հերքել կամ արդարանալ պարզունակ այնքան, որ, վստահ եմ, մանկապարտեզ հաճախող թոռները կամաչեին, հետո նախաձեռնել Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց։
Իսկ ի՞նչ էր անում Թագուհի Թովմասյանը։ Լսում եմ ելույթն ու չկա մի կետ, որի հետ համաձայնել չի կարելի։ Թագուհի Թովմասյանն, ընդամենն, ամաչեցնում էր իշխանություններին՝ թվարկելով այն, ինչ նրանք անում են ամեն օր՝ նախկինում քննադատած լինելով, այն, ինչ ձախողել են, այն, ինչ ժողովրդավարական ոչ մի արժեքի մեջ չի տեղավորվում։ Իսկ ինչպե՞ս չասել, որ խոսում են մարդու իրավունքներից ու նույն պահին խախտում դրանք։ Բոլորդ ի մի բերեք ձեր հիշողությունն ու մտքում պատկերացրեք, թե ինչ կաներ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիրը» զոհված զինծառայողների ծնողների հանդեպ կատարվածից հետո։ Ձեր ականջի՞ն էլ է Փաշինյանի ձայնը, թե ինչպես է նա քննադատում իշխանությանը՝ սեփական անվտանգության կամ հարմարության, կամ ուղղակի անցանկալին չլսելու պատճառով զինվորի ծնողին քարշ տալու համար, այն զինվորի, որի գերեզմանի մոտ գնում է սգացող դեմքով լուսանկարվելու։ Դա էլ է ամոթ, գիտե՞ք։
Բայց, լսածից լուռ ամաչելու փոխարեն, Ալեն Սիմոնյանը ոչ միայն ինքն իրեն չի խոստովանում, որ ամոթ է այն, ինչի մասին Թագուհի Թովմասյանը խոսում է, այլ որոշում է հաստատել, որ Թովմասյանը դեռ ամեն ինչ չգիտի։
Ես անձամբ չգիտեմ Թագուհի Թովմասյանի ակցիան ի՞նչ իմաստ ուներ, չգիտեմ՝ ի՞նչ արդյունք կունենար, համարում եմ, որ հենց իր թվարկածների դեմն առնելու համար Թագուհի Թովմասյանն ու իր կուսակիցները ոչինչ չեն անում և դժվար թե խորհրդարանի ամբիոնի մոտ անշարժ կանգնելը կամ այն թեկուզ մեկ շաբաթ զբաղեցնելը կփոխեր որևէ բան։ Բայց որ Ալեն Սիմոնյանը մի ապրիլյան օր՝ Լենա Նազարյանի և արտաքին քաղաքականության ոլորտում գերեզմանափորի բահը ձեռքից բաց չթողնող Արարատ Միրզոյանի կողմից ազգային ժողովը «սալյուտներով» գունավորելու ակցիայից 5 տարի անց, կարողանում է զինվորական համազգեստով անվտանգության աշխատողներին հրաման տալ՝ ամբիոնի մոտից չհեռանալու ակցիայի համար «Արեգնազով, Աննայով հանել դուրս», ավելի քան ամոթ է։
Ի դեպ՝ մոռացել էի հուշել, որ կանանց քաշքշելն սկզբունքորեն ամոթ է, եթե նույնիսկ մի կողմ թողնենք, որ քաշքշել ես տալիս մի բանի համար, որ դու ես արել ժամանակին։ Տղամարդու համար ամոթ է նաև թքել ինչ -որ մեկի դեմքին, հետո հոխորտալ, ապա ստել իբր հարձակման ենթարկված ուրիշների մասին՝ փորձելով ցույց տալ, թե թքածդ ոչինչ էր իշխանականների վրա հարձակումների այդ ահռելի մասշտաբի պայմաններում, իսկ ավելի ուշ՝ քաղաքական ղեկավարի որդուց «հայրական ապտակ» ստանալուց հետո, ներողություն խնդրել, բայց խելքի չգալ ու վստահ լինել, որ եթե պետք լինի՝ էլի կթքես՝ ընդդիմության քաղաքական ակցիան ցրելու համար։
Ոմանց մոտ իրականության կորստի մակարդակը գերազանցում է ամեն ինչին։ Բայց ինչպես բոլորի, նաև նրանց համար, հետհաշվարկն սկսվում է հենց իրականության զգացումը կորցնելու պահից։
Բեթղեհեմ Արաբյան