ԵԱՀԿ ԽՎ պլենար նիստում «Հայաստանզ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդես է եկել ելույթով, որում ասվում է․
«Հարգելի՛ գործընկերներ,
Կցանկանայի խոսքս սկսել լեգիտիմ հարցով՝ արդյոք մենք բավարար ջանքեր գործադրում ենք ՝ կյանքի կոչելու մեր իսկ կողմից որդեգրված բանաձևերը՝ դրանով իսկ նպաստելով մեր կազմակերպության հեղինակությանը։
Հարցս հնչեցնում եմ դեռևս չկարգավորված ղարաբաղյան հակամարտության և անվտանգային ճգնաժամի համատեքստում, որը ռեալ գոյաբանական մարտահրավեր է Հայաստանի համար։
2023 թ․ սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից 9-ամսյա դաժան շրջափակումից հետո, ցեղասպանության իրական սպառնալիքի ներքո 150 հազար հայեր լքեցին Արցախը՝ իրենց 3000 տարվա հայրենիքը և հարկադրաբար տեղափոխվեցին Հայաստան։
Սա հստակ էթնիկ զտման քաղաքականություն էր և գործողություն, որին հաջորդեցին մշակութային և սոցիալական ոչնչացումը:
Արցախի ժողովրդի հավաքական և արժանապատիվ վերադարձի խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ։ Անցած երեք տարիների ընթացքում Եվրոպական խորհրդարանը և եվրոպական 30 երկրներ ընդունել են հայտարարություններ, ուր ամրագրված է արցախահայության անվերապահ վերադարձի իրավունքի իրացումը՝ հիմնված միջազգային երաշխիքների, պատմական և մշակույթի ժառանգության նկատմամբ պատշաճ հարգանքի և պահպանության հիմքով։
Այս և ավելի վաղ ստորագրված բազմաթիվ բարձր մակարդակի հայտարարությունները մնացել են անհետևանք՝ Ադրբեջանի անտեսման, ինչպես նաև միջազգային հանրության անգործության, գործողությունների չորդեգրման պատճառով։
Ադրբեջանի շարունակական ռազմականացումն ու Հայաստանի դեմ նրա տարածքային պահանջները խաթարում է վստահությունն այսպես կոչված «խաղաղության գործընթացի» նկատմամբ:
Սահմռկեցուցիչ լուրեր ենք ստանում Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ բռնաճնշումների և խոշտանգումների վերաբերյալ, որոնց թվում են 3 նախկին ընտրված նախագահներ, վարչապետ և խորհրդարանի խոսնակ, պաշտոնյաներ, որոնց հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանոնավոր շփումներ են ունեցել ավելի քան 3 տասնամյակ:
Ակնհայտ է, որ խաղաղության գործընթացը կարող է շահել և հենվել միայն վստահության գործիքակազմի կիրառման պարագայում, այդ թվում Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակման պարագայում:
Սիրելի գործընկերներ, հրամայական է, որ հակամարտության հանգուցալուծումը բխեցվի խնդրի բուն էության և պատճառների հաշվառումով։
Ակնհայտ է՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով։
Ուստի, ես կոչ եմ անում իմ գործընկերներին ԵԱՀԿ շրջանակներում հետագա քայլեր ձեռնարկել՝ հաստատելու այն միջազգային մեխանիզմները, որոնք միջազգային պաշտպանության ներքո՝ կերաշխավորեն Արցախահայության վերադարձի իրավունքը՝ ապահովելով նրանց անվտանգությունը, ապահովությունը և կայուն խաղաղությունը»։