Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթի ընթացքում հնչեցված մտքերին:
«Ազգային ժողովի ամբիոնն ազգային և հոգևոր ակունքներից կտրված հակաեկեղեցական տարրերի և սրանց ազդեցության կրողների կողմից դարձել է Եկեղեցին թիրախավորելու հարթակ։ Այսօր ցավով նկատեցի, որ ՔՊ-ական մի երիտասարդ ու ազգային կյանքում որևէ վաստակ չունեցող երեսփոխան` Մարիա Կարապետյան անունով, Ազգային ժողովի ամբիոնից հերթական հակաեկեղեցական, ազգային և եկեղեցական ավանդույթներին վարկաբեկող ելույթ էր ունենում՝ այդ թվում քննադատելով ազգային ավանդույթներ ունեցող կուսակցական գործիչներին և իրենց գաղափարախոսությունները։ Մատաղի ավանդույթի փոփոխության անհրաժեշտությունից և թուրքատյացության վերացումից էր խոսում իշխանական կուսակցության ներկայացուցիչը, որի իշխանության շրջանում կորցրել ենք Արցախի Հանրապետության տարածքների 75%, ադրբեջանցի զինվորականները գրավել են Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի հատվածներ։ Նախկինների օրոք ընտրակեղծիքներից ու կոռուպցիայից է խոսում նախկիններին տեղին, իսկ առավել հաճախ անտեղի վարկաբեկած և ստի ու կեղծիքի միջոցով իշխանության զավթած որևէ արժանիքի համար չընտրված կուսակցության ներկայացուցիչը։
Նախկիններն անսխալ չէին, իրենց մեծագույն թերությունն էլ երկիրն այնպես կառավարելն էր, որ ժողովուրդը, նախկիններին մերժելու արդյունքում, ձեր նման ստախոսներին ու ապաշնորհներին իշխանության բերեց։ Հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր ռազմակաքաղաքական ղեկավարության և անձամբ գերագույն գլխավոր պատասխանատուի սեփական կետից բանակցելու կամ սխալ բանակցելու, պատերազմ հրահրելու, Բանակն անտեղի տեղաշարժերի ենթարկելու և կառավարելու անկարողության արդյունքում պարտություն կրելու, այնուհետև խայտառակ կապիտուլացիա կնքելու ու դրանով հանդերձ խելքի չգալու հետևանքով հայրենիքը այս օրին հասցրած վարչախմբի գերնպատակն ինքնավերարտադրումն ու սեփական աթոռը պահելն է։
Թուրքի և ադրբեջանցու նկատմամբ սեր քարոզող իշխանավորները թքում են սեփական քաղաքացիների վրա բառիս բուն ու փոխաբերական իմաստով։
Փողոցում առևտուր անողին քաշքշում, վիրավորում, նկարահանում և երբ զգում են , որ նկարահանած տեսանյութն իրենց օգտին չի, ջնջում են։
Ընդդիմադիրներին Ազգային ժողովում ծեծում և անվտանգության ախատակիցների միջոցով Ազգային ժողովից դուրս են հանում և ժողովրդավարությունից են խոսում ոստիկանների բազմաշերտ շարքերի հետևում թաքնվածները։ Կեղծված ընտրություններից է խոսում մի իշխանության ներկայացուցիչ, որի իշխանության օրոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության մեջ առաջին անգամ նշանակվեց իշխող կուսակցության կողմից և իշխող կուսակցության ներկայացուցիչ,գլխավոր դատախազի ընկերուհին էլ` Մարդու իրավունքների պաշտպան։
Դատարանից ու Սահմանադրական դատարանից է խոսում իշխանության ներկայացուցիչը, որի օրոք դատարանները իշխանությունների կողմից շրջափակման ենթարկվեցին և վարչապետի խոսքի համաձայն՝ չկան իր հրամանները չկատարող դատավորներ։ Իրենք անկոռեկտ կերպով խառնվում են Եկեղեցու գործերին, բայց Եկեղեցուց չեզոքություն են պահանջում։ Հայ Եկեղեցու կողմից հիմնված` դպրոցից հանում են «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան։ Ծույլ ու ապաշնորհ պաշտոնյաները ոչ աշխատանքային դարձրին Մեռելոց հիշատակության օրերը, բայց այդպես էլ աշխատասեր ու շնորհալի չդարձան։ Անամոթաբար խոսում է քաղաքական իշխանավորների գերագահության մասին մեկը, որը չի գիտակցում, որ իշխանությունը ժողովրդին ծառայելու և ոչ թե բարձր աշխատավարձ ու պարգևավճար ստանալու մեջ է։Եվ վերջապես, սեփական արյուն֊քրտինքով Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին է քննադատում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը կործանման եզրին հասցրած իշխանության ներկայացուցիչը։ Ինչպես ժողովուրդն է ասում. «Սելը ճռռալու տեղը, սելվորն է ճռում»»,- գրել է հոգևոր հովիվը։