Հետևեք մեզ։

Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը, իհարկե, պետք է պահպանվի․ Անահիտ Մանասյան

12:31, 21 ապրիլ 2023
Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը, իհարկե, պետք է պահպանվի․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը կաշկանդվում է կամ որևէ կերպ չի ցանկանում քիչ թե շատ հասցեական գնահատական հնչեցնել իշխանական պատգամավորների, այդ թվում՝ ԱԺ նախագահի ցուցաբերած բարքի, պահվածքի վերաբերյալ։ Երեկ էլ, հիշեցնենք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում տեսախցիկների առաջ սպառնաց թքել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ ասելով․ «Որ պետք լինի՝ կթքեմ»։ Դրանից առաջ նա Կասկադում թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա և որևէ պատասխանատվության չէր ենթարկվել։

 

Այսօր կառավարության նիստից հետո Hayastan.news-ի հետ զրույցում այս դիտարկումներին ի պատասխան՝ Մանասյանի որոշեց խոսել մեր մշակույթից․ «Ես ի սկզբանե ասել եմ, հիմա էլ մի անգամ կրկնեմ, որ մեր կենցաղային մշակույթը, մեր քաղաքական մշակույթը, իրականում, ունի լրջագույն վերափոխման կարիք, և միանշանակ է, որ մեր լրջագույն խնդիրները մենք այս պահին շատ լուրջ աշխատանքի միջոցով լուծելու անհրաժեշտություն ունենք, հետևաբար, կարծում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է կատարելագործել այդ ամբողջ մշակույթը, երկրորդը՝ դադարեցնել այս աղմուկը, որը, ընդհանրապես, որևէ բովանդակային հարցի լուծման չի տանում, և, վերջին հաշվով, մեր ամբողջ ջանքերը գործադրել այն ամբողջ խնդիրների լուծմանը, որոնք մենք այս պահին ունենք, իսկ դրանք բազմաթիվ ենք»։

 

-Իսկ հիմա ավելի առարկայական, տիկին Մանասյան։

 

-Առարկայական՝ ես արդեն ասացի, որ մենք մեր ամբողջ մշակույթը պետք է վերափոխենք։

 

-Իսկ ի՞նչ եք անելու։ Դուք Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան եք, խոստացել եք, որ անկախ եք լինելու, ոչ մի իշխանական լծակներից կաշկանդվածություն չեք ունենալու, հիմա ի՞նչն է խանգարում Ձեզ՝ հստակ գնահատական հնչեցնել իշխանությունների վարքին, կամ ընդդիմության վարքին, եթե ընդդիմությունն է իրեն վատ պահել։

 

-Բնականաբար՝ ես անկախ եմ, բնականաբար՝ որևէ լծակի ազդեցության ներքո չեմ գտնվում՝ լինի դա  իշխանական, լինի դա ընդդիմադիր կամ որևէ այլ խմբի պատկանող անձանց։ Այստեղ գաղափարը հետևյալն է, թե ինչ ընդհանուր ֆունկցիոնալ առաքելություն ունի Մարդու իրավունքների պաշտպանը։ Բնականաբար, Մարդու իրավունքների պաշտպանի ֆունցկիոնալ առաքելությունը մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունն է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, և առաջին հերթին նաև Մարդու իրավունքների համար կարևորություն է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակը։ Եվ այդ տեսանկյունից ես մի անգամ էլ եմ շեշտել՝ ոչ թե մեկ դրվագի, մեկ անձի կամ մի շարք այլ անձանց հետ կապված խնդիրներ ունենք մեր հասարակական համակարգում, այլ մեր խնդիրները գլոբալ են այն տեսանկյունից, որ այն ամբողջ մշակույթը, այդ թվում՝ միմյանց հետ շփման ամբողջ մշակույթը, կենցաղային շփման քաղաքական մշակույթը պետք է լրջագույնս վերափոխել։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովում բազմիցս հանդիպող տարատեսակ իրավիճակներին, այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը, իհարկե, պետք է պահպանվի։ Բնականոն ընթացքի պահպանման համար թե՛ օրենքով, թե՛ այլ իրավական նորմերով սահմանված են որոշակի հնարավոր կառուցակարգեր, այդ կառուցակարգերը նաև միջազգային չափանիշներին են համապատասխանում, բայց այդ կառուցակարգերը հարկավոր է օգտագործել՝ համաչափության սկզբունքը նկատի ունենալով։ Եվ այդ բոլոր հանգամանքները, բնականաբար, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում են, ուշադրության կենտրոնում են, ուսումնասիրության առարկա են դառնալու․․․

 

-Տիկին Մանասյան, համաչափության տեսանկյունից՝ համաչա՞փ է, որ ԱԺ նախագահը սկզբում թքում է քաղաքացու վրա և անպատիժ է մնում, հետո սպառնում է թքել պատգամավորների վրա, և իր ցուցումով ուժ են կիրառում կին պատգամավորների նկատմամբ։ Ես հասկանում եմ, որ նրանք մարդ և քաղաքացի լինելուց առաջ կամ հետո պատգամավոր են և այդ «առավելությունը» չունեն, ինչ շարքային քաղաքացին, քանզի Դուք չեք կարող նրանցով զբաղվել, բայց Դուք ՄԻՊ եք, նրանք էլ, ցանկացած պարագայում, ի վերջո, մարդ են և քաղաքացի ու ենթարկվում են իշխանության ճնշումներին։

 

-Այստեղ առավելության կամ առավելություն չունենալու խնդիր չէ։ Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը առաջին հերթին տարածվում է քաղաքացիների վրա՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պաշտպանության տեսնակյունից, բայց, ինչպես ես նշեցի, բնականաբար, մարդու իրավունքների պաշտպանության գլոբալ վիճակի հետ կապված խնդիրները ևս կարևոր են Մարդու իրավունքների պաշտպանի համար, և դրա համար հատուկ շեշտադրեցի, որ Մարդու իրավունքների պաշտպանը վերացական գնահատականներ տվող սուբյեկտ չէ։ Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ էության, իրավիճակը գնահատող և դրա հիման վրա եզրահանգումներ անող սուբյեկտ է, և ես հատուկ նաև շեշտադրեցի այս պարագայում, որ, այո, միջազգային չափանիշներով ևս ընդունված է համապատասխան միջոցների կիրառումը՝ պառլամենտում նիստի բնականոն ընթացքը երաշխավորելու վրա։ Եւ հատուկ շեշտեցի, որ այստեղ կարևոր է համաչափությունը պահպանելը։

 

-Ես Ձեզնից ակնկալում եմ հստակ գնահատական․ լավ՝ պատգամավորներին չենք անդրադառնում, այլ շարքային քաղաքացի Էդգար Ղազարյանին, որը Ձեզ պես ՄԻՊ թեկնածու էր, և ենթարկվեց իշխանական պատգամավորի կողմից սպառնալիքների, երբ վեջինս ասաց՝ «լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ», Դուք սրա վերաբերյալ գնահատական հնչեցնելո՞ւ եք, թե՞ ոչ։

 

-Մի անգամ էլ հատուկ շեշտադրեմ՝ մարդու իրավունքների պաշտպանության և Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը ոչ թե այսպես նստել, ընդհանուր ինչ-որ դիտարկումներ անելն է, դրա արդյունքում՝ գնահատականներ տալը․․․ Եթե նույնիսկ որևէ հարցադրման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը տալիս է գնահատականներ, այդ գնահատականները տրվում են բոլոր հնարավոր հանգամանքները ուսումնասիրելու, պետական համապատասխան մարմիններից համապատասխան տեղեկատվություն ստանալու և այդ ամենի արդյունքում վերջնական եզրահանգում իրականացնելու հիման վրա։

 

-Տիկի՛ն Մանասյան, Ազգային ժողովում ՄԻՊ հանձնաժողովի նիստին Դուք, վստահ եմ, հետևել եք՝ ուղղի հեռարձակվել է, այսինքն՝ պարտադիր չէ, որ զանգեք՝ դատախազը Ձեզ զեկուցի կամ տեղեկացնի, Քննչական կոմիտեի նախագահը տեղեկացնի, թե ինչ է տեղի ունեցել։ Դուք կարող էիք Ձեր սեփական աչքով տեսնել և գնահատել իրավիճակը։ Հիմա Դուք տեսել եք, ըստ Ձեզ՝ Արթուր հովհաննիսյանի կողմից կա՞ր քաղաքացու նկատմամբ սպառնալիք, երբ ասում էր՝ «լեզուդ կկտրեմ»։ Եթե Ձեզ ասեին, ի՞նչ կանեիք։

 

-Նորից եմ շեշտադրում՝ գնահատականներ տալու եմ բացառապես բոլոր հանգամանքներն ուսումնասիրելու և դրա հիման վրա շատ արժանահավատ խոսք ասելու միջոցով։ Ինչ վերաբերում է մնացյալ իրավիճակներին, այսինքն՝ թե՛ Ազգային ժողովում, թե՛ Ազգային ժողովից դուրս, թե՛ այս պահին սոցիալական ցանցերում տիրող այդ ամբողջ իրավիճակներին, միանգամից արձանագրում եմ՝ խնդիրը մի մարդու մեջ չէ, խնդիրը մի իրավիճակի մեջ չէ, այդ խնդիրները համատարած են, և դրանց լուծման ուղղությամբ պետք է աշխատել, անձամբ արդեն սկսել եմ որոշակի աշխատանք, պատրաստվում եմ շրագրային լուրջ քայլեր իրականացնել այս բոլոր խնդիրները արմատախիլ անելու համար։

 

-Դուք մեկ շաբաթ է՝ ՄԻՊ եք ընտրվել, Դուք կարող էիք այս ընթացքում Ձեր դեմքը պարզերես անել հանրության առջև՝ վստահեցնելով, որ Դուք իսկապես անկախ եք, որևէ մեկից կախվածություն չունեք, նույնիսկ Ձեզ ընտրած իշխող խմբակցությունից, և հստակ գնահատականով արդնե հայտարարությւոն տարածեիք։ Բավականին ժամանակ անցել է արդեն այս դեպքերից ուսումնասիրման, թե՛ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքից, թե՛ Արթուր Հովհաննիսյանի սպառնալիքներից, ի՞նչն  է խանգարում Ձեզ՝ գոնե նախնական գնահատական տաք և ասեք՝ այո, ես նայեցի և տեսա, որ Արթուր Հովհաննիսյանը սպառնաց քաղաքացուն։

 

-Մենք արդեն ընդհանուր շրջապտույտի մեջ ենք ընկնում, ես ուղղակի ամփոփելու համար երկու կարևոր բան ասեմ․ ես իմ դեմքը պարզերես անելու խնդիր չունեմ, որովհետև ես իմ խղճի առաջ մաքուր եմ, որովհետև գիտեմ՝ առաջին հերթին ինքս եմ անկախ, գիտեմ, որ պրոֆեսիոնալ եմ, գիտեմ, որ բարեվարք եմ, հետևաբար պարզերես լինելու ամենակարևոր գրավականը քո աշխատանքն է, այդ աշխատանքը ես կատարում եմ, և այդ աշխատանքը փորձում եմ կատարել լավագույնս՝ հնարավոր բոլոր չափանիշները հաշվի առնելով։ Այն հարցադրումները, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի խոսքի չափանիշյաին տեսանկյունցի, չեն համապատասխանում այ այդ չափանիշներին, ես նմանատիպ խոսք, բնականաբար, չեմ հնչեցնելու։ Գնահատականներ հնչեցնելու պարագայում գնահատաակնները հնչեցվելու են շատ լուրջ ուսումնասիրությունների արդյունքում։

 

-Լավ, հիպոթետիկ հարցնեմ՝ պաշտոնյան, պատգամավորը կարո՞ղ է թքել քաղաքացու վրա կամ սպառնալ լեզու կտրել և անպատիժ մնալ։

 

-Ես նորից ասացի՝ մեր ամբողջ մշակույթը պետք է վերափոխվի ամբողջությամբ։

 

-Գուցե փոխեք նաև ՄԻՊ ինստիտուտի մշակույթը և հստակ գնահատականնե՞ր հնչեցնեք։ Նույնիսկ Քրիստիննե Գրիգորյանը գուցե համարձակվեր գնահատական տալ Ալեն Սիմոնյանի արարքին, հիմա ի՞նչն է Ձեզ կաշկանդում՝ գոնե մի փոքր հստակ գնահատական տաք։

 

-Այն կարևոր ինֆորմացիան, որ անհրաժեշտ էր, արդեն ասացի։ Կարծում եմ՝ դա բավարար է։

 

-Լավ, գոնե սպասե՞նք Ձեզնից տվյալ դեպքերով որևէ զեկույցի, հայտարարության կամ նման մի բանի։

 

-Այդ դեպքերը գտնվելու են իմ ուսումնասիրության և ուշադրության կենտրոնում։

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ