Մենք մեր ռազմավարության ու քաղաքականությունների հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Պիտի արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, մշակույթ է, ուրիշ հայեցակետ է ու մենք պիտի ուժ ուեննանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ։ Մենք պիտի մեր հանրային կյանքի կենտրոնում դնենք պետությունը։ Մենք, իմ գնահատմամբ, մի պրոսեցի մեջ ենք, որ փորձում ենք, ըստ էության, բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում է բոլորովին այլ կերպ, սա չափազանց կարևոր պրոցես է»,- ասաց Փաշինյանը՝ խոսելով հանրակրթական դպրոցներում «Հայոց պատմություն» առարկայի անունը «Հայաստանի պատմություն» անունով փոխելու մասին։
Փաշինյանը նշեց՝ Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը պետության չգոյության պատմությունն է պետության գոյության դրվագներով։
«Մեզ համար առանցքային է պետության հարատևությունն ապահովելու ռազմավարությունը, որը նախ պետք է տեղի ունենա սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Թույլ տվեք ասել, որ դա տեղի է ունենում։ Ես օրինակ բերեմ, ինձ համար էլ գուցե անսպասելի, բայց ՀՀ քաղաքացիների ռեակցիան Կիրանցի հատվածում սահմանային սարքավորումների պատկերներին հենց դրա ամենավառ ապացույցն է։ Դա պետության և չպետության տարբերությունը արտահայտող պատկերներ են»,- ասաց նա։