Hayastan.news-ը հրապարակում էր արել այն մասին, որ Սյունիքում՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում ՀՀ քաղաքացի է սպանվել, սպանություն կատարելու մեջ կասկածվողն ադրբեջանցի է։ ՊՆ-ն ավելի ուշ հայտնեց, որ ադրբեջանցի զինծառայող է ձերբակալվել, այնուհետև ոստիկանությունը հայտնեց, որ նա փոխանցվել է ԱԱԾ-ին։ Այս կապակցությամբ հարցում էինք ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ ճշտելու, թե որտե՞ղ է գտնվում այդ ադրբեջանցին, դատավարական ի՞նչ կարգավիճակ ունի, ի՞նչ հոդվածով է առաջադրվել մեղադրանքը, եթե առաջադրվել է։
ԱԱԾ-ից Hayastan.news-ին պատասխանել են, որ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով 2023 թվականի ապրիլի 14-ին Հուսեյն Ահլիմանի Ախմուդովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ Քր օր 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ որպես խափանման միջոց՝ դատարանի կողմից կիրառվել է կալանք։
2023 թվականի ապրիլի 18-ին Հուսեյն Ահլիմանի Ախունդովին 14․04․2023 թվականի մեղադրանքը հսկող դատախազի կողմից փոփոխվել, լրացվել և նրա կողմից հանրային նոր քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ և 15-րդ կետերով, որը սահմանված ժամկետում ներկայացվել է մեղադրյալին։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ