Հետևեք մեզ։

Հայերի նկատմամբ դատավարական գործընթացներով Ադրբեջանը ռիսկի է դիմում, սակայն չի կարող դրանք չիրականացնել. Արա Ղազարյան

14:47, 12 հուլիս 2024
Հայերի նկատմամբ դատավարական գործընթացներով Ադրբեջանը ռիսկի է դիմում, սակայն չի կարող դրանք չիրականացնել. Արա Ղազարյան

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ Բաքվում պահվող հայերի նկատմամբ դատավարություն իրականացնելով՝ Ադրբեջանը որոշակի ռիսկերի է գնում, սակայն, միևնույն ժամանակ, չի կարող չիրականացնել նման գործընթաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնագետը նման տեսակետ է հայտնել Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով քննարկման ընթացքում։ 

Քննարկմանն անդրադարձ է կատարվել հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն իր խոսքում նշեց, որ Բաքվի բանտերում գտնվող հայերի մասին խոսելիս պետք է օգտագործել ճիշտ տերմինաբանություն և հեռու մնալ ադրբեջանցիների կողմից օգտագործվող նարատիվներից։

«Մենք շարունակում ենք օգտագործել գերի, ռազմագերի տերմինը, սակայն շատ անգամ է շեշտվել՝ նրանք գերիներ ու ռազմագերիներ չեն, նրանք քաղաքացիներ են, ովքեր գտնվում են կալանքի տակ, ինչպես օրինակ՝ Հայաստանում՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրողներին մենք չենք անվանում գերիներ կամ ռազմագերիներ, քանի որ նրանք անձինք են, որոնց դեմ հարուցվել է քրեական գործ։ Դա Ադրբեջանի թեզն է, որը մենք առաջ ենք տանում. պետք է տերմինները ճիշտ դնել։ Ադրբեջանի օգտագործած՝ ռազմաքաղաքական ղեկավարություն տերմինը նույնպես սխալ է, քանի որ դրանով Ադրբեջանը առաջ է տանում այն նարատիվը, որ, ըստ էության, ռազմատենչ քաղաքականություն է վարել ԼՂ-ի քաղաքական ղեկավարությունը»,-ասաց Ղազարյանը՝ շեշտելով, որ Հայաստանում այդ գործընթացը պետք է անվանվի Գլխավոր շտաբի և երկրի առաջնորդների նկատմամբ հարուցված քրեական գործեր, որոնք դեռ պետք է դատարան մտնեն և լուրջ քննություն պետք է անցնեն։

Մասնագետը վստահություն հայտեց, որ ադրբեջանական դատարաններում արդեն վաղուց չեն պահվում միջազգային դատավարական նորմերը, հետևաբար էլ չի կարելի սպասել, որ այդ նորմերը կպահպանվեն հայերի պարագայում։

Ըստ Ղազարյանի՝ հայերի նկատմամբ դատավարական այդ գործընթացներով Ադրբեջանն ինչ-որ տեղ նաև ռիսկի է դիմում, սակայն չի կարող այդ դատավարությունները չիրականացնել։

Անդրադառնալով այն հարցին, թե այս փուլում կա՞ արդյոք գործընթացին միջամտելու որևէ հնարավորություն՝ մասնագետը նկատեց, որ խոսքը գնում է Ադրբեջանի՝ սեփական տարածքում դատավարություններ իրականացնելու ինքնիշխան իրավունքնի մասին։