Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր` ապրիլի 21-ին, հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել։ Այս մասին հայտնում է Արցախի ԳՆ ոստիկանությունը։
Նշված տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է, ընդ որում՝ նկարահանված ավելի վաղ ժամանակահատվածում: Ավելին, նրանց կողմից հրապարակված տեսանյութում երևում է ջրատար մեքենա, որով, հաստատ, հնարավոր չէ զենք տեղափոխել:
Այսպիսով, հումանիտար բեռների փոխադրումները և ներքին տեղաշարժերն Ադրբեջանը, մոլորեցնելով միջազգային հանրությանը, ներկայացնում է իբրև թե ռազմական տեխնիկայի ու զինամթերքի տեղափոխում: Մյուս կողմից, գրեթե ամեն օր խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում անգամ Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ՝ դադարեցնելով գյուղատնտեսական աշխատանքները։
ՆԳ նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Հայաստանից դեպի Արցախ միջպետական միակ ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Ադրբեջանի կողմից։ Այդ ճանապարհով ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվում է մարդկանց և բեռների խիստ սահմանափակ տեղաշարժ՝ բացառապես հումանիտար նպատակներով: